Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներում երեք հոգի տեղ են ստանում իրենց վարկանիշով, իսկ չորրորդ տեղը վերապահվում է հանրապետության տվյալ տարվա չեմպիոնին:
Հինգերորդ թափուր տեղի համար ֆեդերացիայի որոշումով ընտրվել են հավաքականների չորսական թեկնածուներ՝ ըստ իրենց վարկանիշի եւ Հայաստանի առաջնության արդյունքների, որոնց միջեւ կազմակերպվել է շրջանաձեւ մրցակարգով ընտրական մրցաշար:
Կանայք արդեն ավարտել են պայքարը, որին մասնակցեցին Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիամ Մկրտչյանը: Վեց հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ հաղթել եւ կանանց ընտրանին համալրել է կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը (լուսանկարում):
Հիմա հերթը տղամարդկանցն է: Վերջին ուղեգիրը վիճարկում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արման Փաշիկյանը: Խաղացված երեք տուրից հետո Տեր-Սահակյանը, Պետրոսյանը եւ Մարտիրոսյանը իրենց անվան դիմաց գրանցել են 2,0-ական միավոր, իսկ Փաշիկյանը միավոր չունի:
Կարդացեք նաև
Մեկնարկային երկու տուրերում զրոյական արդյունք ցույց տալուց հետո Փաշիկյանը երեկ չէր ներկայացել երրորդ տուրին: Ամենայն հավանականությամբ՝ նա չի շարունակի պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ