Արցախի Հանրապետության (ԱՀ) ազգային ժողովի մարտի 25-ի նիստի ընթացքում Արցախի խորհրդարանը ԱՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Գեղամ Ստեփանյանին: Քվեարկությանը մասնակցեց 31 պատգամավոր, քվեատուփում կար մեկ անվավեր քվեաթերթիկ: Ձայները բաշխվեցին 22 «կողմ», 8 «դեմ»: ԱՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն իր լիազորությունները ստանձնում է ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո՝ ԱԺ պատգամավորներին տրված երդմամբ:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց. «Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի ամենափոքր խմբակցությունը որևէ թափուր պաշտոնի համար թեկնածու է առաջադրում: 2021-ի հունվարից «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ասել ենք՝ եկեք դաշտը բաց թողնենք, քանի որ խորհրդարանի նիստերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում էին, որ միայն «Ազատ հայրենիքն» է թեկնածուներ առաջադրում թափուր պաշտոնների համար: Այս առումով եկանք այն եզրակացության, որ և′ ՄԻՊ-ի, և′ Հաշվեքննիչ պալատի անդամի այս թափուր տեղերի համար բաց ենք թողել կառուցողական դաշտը»:
Գեղամ Ստեփանյանը ԱՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ինչ առաջնահերթություններ ունի և ինչ գործունեություն է ծավալելու Արցախի ՄԻՊ-ի պաշտոնում. «Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնական սկզբունքն է, որի շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք օրենքի, պետականության և հասարակական կարգի նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նպատակային և համակողմանի քաղաքականության իրականացումն այն գործիքն է, որն ի զորու է պահպանել Արցախի Հանրապետության պետականությունը: Ուզում եմ կարևորել 2008-ին ԱՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի հիմնումը»:
Խոսելով իր անելիքների մասին՝ Արցախի նորընտիր ՄԻՊ-ն-ն ասաց. «Իմ անելիքներն ունեն երկու հիմնական ուղղություններ: Որպես անկախ պաշտոնյա՝ ձևավորել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված դեպքում նաև կազմակերպությունների կողմից ԱՀ-ի սահմանադրության և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանման նպատակով խախտված իրավունքների և ազատությունների վերաբերյալ, ինչպես նաև իրավունքների և ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործումը»:
Կարդացեք նաև
Նա փաստեց՝ արցախյան 44-օրյա պատերազմը նոր մարտահրավերներ է առաջ բերել ու շեշտեց՝ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների, վայրագությունների հետ կապված փաստահավաք առաքելությունը պիտի շարունակվի վանդալիզմի դեպքերի տվյալների հավաքագրմամբ, զեկույցների հրապարակմամբ և միջազգային մարմիններին դրանց ներկայացմամբ: Նաև կարևորեց համագործակցությունը Հայաստանի ՄԻՊ-ի հետ:
Պատգամավորներից Արևիկ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ Սումգայիթից, Բաքվից, Ադրբեջանի այլ քաղաքային բնակավայրերից մեր հայրենակիցների խոշտանգումների, բռնի վտարումներին հետ կապված, որոնք հետագայում չեն ստացել փախստականի կարգավիճակ, ինչպե՞ս է արձագանքում: Պատգամավորը փաստեց՝ այդ անձինք նույնիսկ չեն ստացել փախստականի կարգավիճակ, քանի որ կլքեին ԼՂԻՄ տարածքը, բայց նրանց սահմանել են հայրենադարձ, որը չի համապատասխանում իրականությանը:
Գեղամ Ասատրյանը պատասխանեց. «Հարցին տեղյակ եմ, նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից համագործակցություն կա այդ մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: Խնդիրներին ավելի համապարփակ ծանոթանալու համար առաջարկել եմ հանդիպել նրանց հետ, որ հասկանանք՝ ինչ ճանապարհով պիտի գնալ ու ինչ լուծումներ առաջարկել նրանց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արցախ Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական էջից