Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներին հյուրընկալման համար փոխհատուցման ծրագիրը 3 ամսով երկարացվեց

Մարտ 25,2021 12:20

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց եւս երեք ամսով երկարացնել արցախյան 44-օրյա պատերազմում բնակարանը կորցրած քաղաքացիներին տրամադրվող հյուրընկալման ծրագիրը։ Այն նախատեսում է մեկ չափահասի համար ՀՀ-ում հյուրընկալման դեպքում 30 հազար դրամ փոխհատուցում, իսկ ԱՀ-ում՝ 45 հազար դրամ։

Նախագիծը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս ծրագրով փոխհատուցում են ստանում ամսական կտրվածքով 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկալում են ընդհանուր յոթ հազարից ավելի չափահաս քաղաքացիների, այսինքն` հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավոր գտնվում են Հայաստանում։

«Բացի այս ծրագիրը, արցախցիների մի փոքր հատված ժամանակավոր բնակություն են հաստատել հյուրանոցներում։ Այս մասով մենք նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը։ Մի մասն էլ պետական հաստատությունների կացարաններում են բնակվում, որի ծախսերը նույնպես պետությունն է փոխհատուցում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ծրագրի արդյունքներից։ Պարոն Առաքելյանն ասաց, որ սկզբնական շրջանում որոշակի տեխնիկական խնդիրներ կային, դրանք արդեն կարգավորվել են․ «Էլեկտրոնային եղանակով հյուրընկալողները դիմում են, կադաստրի բազայով ստուգում ենք իրենց գույք ունենալու փաստը եւ առանց որեւէ լրացուցիչ փաստաթղթի լրացնում են դիմումը, մենք էլ գումարը փոխանցում ենք բանկային հաշվին»։

Նախարարի խոսքով՝ մոտ 15 հազար չափահաս արցախցիներ են հյուրընկալվում ՀՀ-ում, այլ ծրագրով՝ Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25-30 հազար արցախցիներ․ «Արցախում բնակարանների վերականգնման աշխատանքներն արդեն ավելի ակտիվ ընթացք կստանան, եւ արդեն փոքր խմբերով վերադառնում են Արցախի հիմնականում գյուղական համայնքներ։ Եվ այս ծրագիրը կվերաբերի նրանց, որոնք մինչ բնակարան ստանալը կշարունակեն բնակվել Հայաստանում։ Երեկվանից ֆինանսավորվում է արցախցիներին 68 հազար տրամ տրամադրվող ծրագիրը, երեկ 80 հազար քաղաքացիների տրամադրվել է այս աջակցությունը։ Ընդհանուր առմամբ 5.5 միլիարդ դրամի սահմաններում գործընթացը շարունակվում է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031