Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որոշ համայնքներում չկան ճանապարհային նշաններ, պատասխանատուն անհայտ է»․ պատգամավորի օրինագիծը կարգավորում է խնդիրը

Մարտ 25,2021 12:08

Ճանապարհային երթեւեկության ոլորտում մի շարք կարգավորումներ սահմանելու համար հստակեցումներ են կատարվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած՝ ՏԻՄ մասին ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծով։ ԱԺ լիագումար նիստում այսօր պատգամավորը զեկուցեց՝ օրինագիծը սահմանում է, թե որ հատվածում որ կառույցն է պատասխանատու ճանապարհային երթեւեկության նշանների տեղադրման համար։ «Օրենսդրական փոփոխությունը սահմանում է, որ համայնքների ղեկավարները, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, պետք է ավագանու հաստատմանը ներկայացնեն համայնքային երթեւեկության ճանապարհներին երթեւեկության կազմակերպման սխեմա, որը անվտանգության տեսանկյունից համաձայնեցվում է ոստիկանության հետ»,-նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Նա հույս հայտնեց, որ այս փոփոխությամբ համայնքներում ճանապարհային երթեւեկության նշանների տեղադրման հետ կապված հարցերը լուծումներ կստանան։

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ օրինագիծը չի վերաբերում Երեւանին, այլ շոշափում է միայն համայնքները։

Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց․ «Երեւանում հարցերը կարգավորվում են Երեւանի մասին օրենքով։ Եկեք ընդունենք, որ Երեւանում ճանապարհային նշանների հետ կապված վիճակն այնպիսին չէ, ինչպիսին գյուղական համայնքներում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե նախկինում որ մարմինն է համայնքներում պատասխանատու եղել ճանապարհային երթեւեկության կազմակերպման համար, Հակոբյանը տեղեկացրեց՝ օրենքում ոչ հստակ շարադրում կա․ «Մի անգամ վթար էր տեղի ունեցել ճանապարհային նշանի բացակայության պատճառով, եւ ոստիկանությունը գլուխ էր կոտրում՝ հասկանալու համար, թե որ մարմինն է մեղավոր, որ ճանապարհային նշանը տեղադրված չէր։ Պարզել այդպես էլ չհաջողվեց։ Օրենքի անհստակության պատճառով այդպես էլ չպարզվեց՝ համա՞յնքն էր պատասխանատու, ոստիկանությո՞ւնը, թե տարածքային կառավարման նախարարությունը։ Որոշ համայնքներում ֆինանսի խնդիր չկա, բայց ճանապարհային նշաններ էլ չկան, որովհետեւ չկա պատասխանատու մարմին։ Իսկ այս օրենքով մենք լիազոր մարմին ենք դարձրել տարածքային կառավարման նախարարությանը։ Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում խնդիրը կա՝ նշանները տեղադրված չեն։ Գյուղական համայնքներում վիճակն իրոք տխուր է։ Կան համայնքներ, որտեղ նշաններն իսպառ բացակայում են»։

Հավելենք, որ կառավարության եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031