«Պարոն Միրզոյան, գիտե՞ք ինչն է խնդիրը։ Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի ղեկավարն եք։ Հիշեցնեմ, որ դուք ոչ միայն խորհրդարանի՝ ձեզ ծափահարող զանգվածի ղեկավարն եք, այլեւ այն զանգվածի, որը ձեզ չի ծափահարում։ Կառավարությունից պատասխան հնչեց, որ գրավոր դիմենք։ Այո, պատգամավորը պարտավոր է գրավոր դիմել, բայց հարցուպատասխանի հարթակը բացառապես ծառայում է բանավոր խոսքին»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով կառավարության եւ խորհրդարանի միջեւ երեկվա հարցուպատասխանին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը։
Նա հիշեցրեց, որ երեկ հարցրել էր ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման մասին, սակայն կառավարությունից հնչել էր պատասխան՝ հարցն ուղարկել գրավոր։
«Իմ համեստ գործունեության ընթացքում ես երբեք մարդկանց չեմ անձնավորել, որովհետեւ դա ամենամեծ սխալն է։ Խորհրդարանը ձեր գլխավորությամբ կրավորական դեր է ունեցել վերջին մի քանի ամսում, եւ դրա վառ ապացույցն է նախորդ օրը կառավարության հեգնական վերաբերմունքը խորհրդարանական պետության խորհրդարանի պատգամավորների հարցերի հանդեպ։ Դուք պարտավոր էիք միջամտել, այստեղ եք դուք կերտում ձեր հետագիծը, պարոն Միրզոյան»,-նշեց Գոռ Գեւորգյանը։
Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ձեր խորհուրդների մի մասը համարում եմ կառուցողական, մի մասն էլ թույլ տվեք ես որոշեմ, էլի․․․թող ամեն մարդ նախ իր հետագծի մասին մտածի, հետո մյուսների»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւս այսօր նմանօրինակ հորդոր հղեց Արարատ Միրզոյանին եւ ասաց, որ կառավարությունը երեկ արհամարհական վերաբերմունք է դրսեւորել իշխանական խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հանդեպ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ