«Պարոն Միրզոյան, որպես խորհրդարանի նախագահ՝ դուք առնվազն պետք է միջամտեիք, որովհետեւ երեք անկախ պատգամավորներիս հարցերին կառավարությունը քմահաճ ձեւով չպատասխանեց»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով կառավարության եւ խորհրդարանի միջեւ երեկվա հարցուպատասխանին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա կարծում է, որ իրենց բարձրաձայնած հարցերի պատասխանը կառավարությունն ուներ, սակայն նախընտրեց ասել, որ հարցերն ուղարկվեն գրավոր։ «Սա ոչ միայն իմ, այլեւ հանրության կողմից դիտարկվում է որպես դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին։ Պարոն Միրզոյան, հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների հանդեպ»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ-ին հարցրել էր Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի մասին, որպեսզի առեղծվածը հրապարակային բացահայտվեր․ «Երկու տարուց ավելի թանգարանի հիմնադրամի եւ պետական գերատեսչությունների միջեւ գրագրություն է ընթանում։ Մաթեւոսյանի որդուն շատերն են ճանաչում՝ պարկեշտագույն անձնավորություն, եւ եթե նա ասում է, որ այդ հարաբերություններում այլեւս մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն կառավարությունը պետք է հետեւություն անի»։
Ապա Թագուհի Թովմասյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ժամանակ ասած խոսքեր՝ աշխարհի որ ծայրում էլ լինեք, ինչ պայմաններում լինեք, պարտավոր եք գալ եւ պատասխանել պատգամավորների հարցերին․ «Հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է պատասխանել պատգամավորների հարցերին»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Անկախ պատգամավոր չկա, կան խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ