Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա տեսեք՝ ինչ չի անցել հանրապետականների մտքով, որ անցել է Փաշինյանի մտքով. Դավիթ Խաժակյան. «168 ժամ»

Մարտ 25,2021 10:52

«Հունիսի 20-ին ընտրությունների գնալու լուրից հետո կարծես թե փոխըմբռնում կար, որ ընտրությունների պետք է գնալ հին Ընտրական օրենսգրքով, որովհետև ժամկետները սուղ են նորն ընդունելու ու դրանով պատշաճ ընտրություններ կազմակերպելու համար: Դրանից հետո, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սկսեց ակտիվ լոբբինգ անել նոր օրենսգրքի օգտին: Մենք, բնականաբար, բացատրում էինք, որ նոր օրենսգիրքն ընդունելու ժամկետները ողջամիտ չեն: Հետո տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունները մտադիր են տեղի տալ ու ընտրությունների գնալ նոր օրենսգրքով»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու վտանգների ու դրա ընդունման նպատակով քաղհասարակության որոշակի շրջանակների կողմից իշխանությունների վրա ճնշում գործադրելու մասին:

Նրա կարծիքով, թե՛ Դանիել Իոաննիսյանը, և թե՛ այն կազմակերպությունները, որոնք այս երկու տարիների ընթացքում իշխանության բոլոր մեղքերը քողարկել են, իրենց շահն ունեն նոր օրենսգրքով ընտրությունների գնալու պարագայում:

«Ես չգիտեմ՝ իրենց ուղղակի շահագրգռվածությունը որն է, բայց ակնհայտ է, որ իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել նոր օրենսգրքի ստեղծման հարցում, ինչը, անկեղծ ասած, չափազանցված և ոչ նորմալ ներգրավվածություն է եղել»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե զարմանում է, որ իշխանությունը կարող է որոշել մի բան, հետո տեղի տալ ճնշումներին ու մեկ այլ բան որոշել:

ԼՀԿ անդամն ասում է, որ, եթե այս օրենսգիրքն այսպիսի հում վիճակով ընդունվի, որովհետև այն մշակելու ժամանակ այլևս չկա, նոր և նոր ճգնաժամերն անխուսափելի են:

«Ընդհանուր լոբբինգի իմաստն այն է, որ լինի համամասնական ընտրակարգ, վերջում Փաշինյանին պարտադրեն ցուցակի որոշակի տեղեր տալ, որպեսզի իրենք բոլորն անցնեն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ նոր Ընտրական օրենսգրքի տակ թաքցնում են այնպիսի բաներ, որոնց ձայնը հետո է լսվելու:

«Բոլորս հասկանում ենք, որ նոր խորհրդարանը լինելու է կոալիցիոն, և Փաշինյանը չի ունենալու մեծամասնություն: Իրենց կողմից կա ենթադրություն, որ կարող են զբաղեցնել առաջին տեղը: Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ, երբ ուժերն անցնում են խորհրդարան, կոալիցիաներ ձևավորել: 6 օր ժամանակ է տրվում, որ կողմերը միմյանց հետ քննարկումներ ունենան: Հիմա տեսեք՝ ինչ չի անցել հանրապետականների մտքով, որ անցել է Փաշինյանի մտքով: Ինքը, ենթադրելով, որ առաջին տեղում է լինելու, իրեն վերապահել է 14 օր ժամանակ, որ կարողանա մնացած բոլոր ուժերին համոզել, ճնշել, քրեական գործեր հարուցել ու հասնել ուզածին: 14 օր միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը կարող է բանակցել կոալիցիա կազմելու վերաբերյալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031