Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այնպես չէ, որ մնացել են միայն նախկինների կոռուպցիոն դրսևորումները. Վարուժան Հոկտանյան. «Ժամանակ»

Մարտ 25,2021 11:05

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ փաթեթի՝ առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ Քրեադատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպման ու իրականացման իրավասությամբ:

Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ՝ նախքան նոր կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և պաշտոնի նշանակվելը: Այս ընթացակարգով կնշանակվի 20 քննիչ:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես է աշխատելու այս նոր կառույցը, քանի որ մի բան է կառույց ստեղծելը, այլ բան է, թե ինչպես է այն աշխատելու և դրսևորվելու։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե, ի վերջո, կլինի՞ քաղաքական կամք լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ, թե՞ դա կօգտագործվի քաղաքական նպատակներով՝ բացահայտելու համար միայն նախկինների կոռուպցիան։ Եթե այս ամենը արվի պատշաճ կերպով, ապա մասնագիտացված կառույցներ ունենալը շատ դրական է»,- ասաց Հոկտանյանը։

Դիտարկմանը՝ կասկածներ կա՞ն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է միայն նախկինների դեմ աշխատել, Հոկտանյանը պատասխանեց․ «Ես նման նախադրյալներ տեսնում եմ։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է կիրառվի նախկինների դեմ, նախկինների կոռուպցիան բացահայտելու համար։ Իմ ասածն այն է, որ չպետք է խտրական մոտեցում ցուցաբերվի։ Ի վերջո, այսօր Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այնպես չէ, որ մնացել են միայն նախկինների կոռուպցիոն դրսևորումները։ Հետևաբար, կոմիտեն պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով, օրենքի գերակայությունը ապահովելով աշխատել ու պատժել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները»։ Հոկտանյանը նաև ավելացրեց, որ ամեն դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն հակակոռուպցիոն համակարգում շատ կարևոր մարմին է և կարևոր է, որ նորաստեղծ մարմինը սինխրոն աշխատի հակակոռուպցիոն մյուս մարմինների հետ՝ ունենալով նաև հանրային աջակցություն արդյունավետ կերպով հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու համար։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031