Որպես լրագրող՝ ես լուսաբանել եմ անկախ Հայաստանի բոլոր ընտրությունները՝ սկսած 1991 թվականի նախագահական ընտրություններից: Ընտրությունները տարբեր ձեւով են ընթացել, իսկ դրանց արդյունքները սովորաբար այս կամ այն ձեւով վիճարկվել են պաշտոնապես «պարտված» ուժերի կողմից:
Բայց այսօր ես ուզում եմ գրել ոչ թե կեղծել-չկեղծելու չարչրկված թեմայով, այլ ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի մասին՝ այն մասին, թե արդյոք դրանք այդքան ճակատագրական նշանակություն ունեն պետությունների պատմության մեջ:
2016 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեց պոպուլիստ Դոնալդ Թրամփը, որի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միշտ էին «բռնում» իրականության հետ: Իսկ 4 տարի անց ընտրվել է մի մարդ, որի մոտ, կարծես թե, առկա են տարիքային դեմենցիայի նշաններ: Ի՞նչ է, դրանից ԱՄՆ-ը դադարե՞լ է աշխարհի ամենահզոր եւ շատ առումներով՝ օրինակելի երկիր լինելուց:
Ռուսաստանում չկա ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմ, եւ այնտեղ 20 տարուց ավելի իշխում է եւ դեռ երկար իշխելու է նույն մարդը՝ անընդհատ «զրոյացնելով» իր նախորդ պաշտոնավարման ժամկետները: Իսկ եթե Ռուսաստանի նախագահը փոխվեր 4 կամ 8 տարին մեկ, դրանից Ռուսաստանն ա՞յլ երկիր կլիներ: Խիստ կասկածում եմ:
Կարդացեք նաև
Հարեւան Իրանում ընտրված մարմիններն ընդհանրապես երկրորդական նշանակություն ունեն՝ առավել կարեւոր խնդիրները լուծում են բարձրաստիճան հոգեւորականներն ու նրանց կողմից նշանակված «հեղափոխության պահապանները»: Եվ իրանցիների մեծամասնությունը գոհ է այդ համակարգից:
Դառնանք Հայաստանին: Տարիներ շարունակ քաղաքացիների կամքն ընտրությունների ժամանակ կոպտորեն ոտնահարվել է, իսկ 2018թ. ամեն ինչ «ժողովրդի սրտով» եղավ: Եվ ի՞նչ: Մենք դրանից շահե՞լ ենք: Լեգիտիմ իշխանությունն ավելի լա՞վ է աշխատում, քան ոչ լեգիտիմը: Թե՞ մեզ պարտության մատնած Ադրբեջանում ընտրություններն ազատ-արդար են անցնում, եւ իշխանությունն այնտեղ լեգիտիմ է:
Ի՞նչ է ասածս: Պետք չի այդքան հուզվել ընտրությունների եւ դրանց ելքի համար: Եթե տվյալ երկրի քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ երկրագունդը տափակ է, ապա անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կլինի այդ երկրում, ինչպես է այն ընտրվել կամ չի ընտրվել, քաղաքացիներն առաջնորդվելու են իրենց այդ «գիտելիքով»: Եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն անտարբեր է անկախ պետություն ունենալ-չունենալու հանդեպ, մենք, ի վերջո, կկորցնենք մեր պետականությունը: Եվ ոչ մի իշխանություն չի կարող դրան օգնել կամ խանգարել:
Իհարկե, նրանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ պատգամավոր կամ նախարար, ընտրություններն, անշուշտ, հույժ կարեւոր են: Մնացածներիս համար՝ ոչ այնքան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
gutsy article…
Արեւմուտքի մէջ, մի քանի հարիւր-միլիոնաւոր մարդիկ կան որոնք այսպէս կը մտածեն, ու նրանց թիւը հետզհետէ կ’աւելնայ, սակայն երբեք չեն համարձակիր այս միտքերը հանրային կերպով արտայայտել
քանզի – ի միջի այլ իբրեւ թէ «բացարձակ արժէքների» – ժողովրդավարութիւնը քաղաքական յղացք չէ այլեւս, այլ՝ աղանդ, dogma, դաւանանք.
նաեւ՝ ազդու զէնք է, որոշ տեսակի երկիրներ implosion-ի ենթարկելու, լրիւ քանդել եւ անէացնելու համար…
սակայն դասը շատ սուղ, չափազանց թանկ եղաւ, մեզի համար
Ստացվում է, որ երբ ընտրությունները կեղծվում են և ունենում ենք ոչ լեգիտիմ իշխանություն՝ տաք պատերազմ չի լինում, հենց ընտրվում է «ժողովրդի սրտով» իշխանություն՝ ունենում ենք պատերազմ և պարտություն: Այս տրամաբանության շարունակությունն է նաև, որ նախարարի կամ մարզպետի աթոռին երբ նստած է ոչ վաղ անցյալի կամ թեկուզ ներկայի թաղի խուլիգանը՝ կառավարման էֆեկտիվությունը անշեղորեն աճում է, կամ էլ ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է: Մեխանիկորեն հիշում ես Սերժ Սարգսյանի հայտնի աֆորիզմը…. Հետաքրքիր է, ինչու՞ գործող քաղաքական ուժերից որևէ մեկի խելքը չի կտրում իր ծրագրի հիմնական գաղափար դնի թեզ, որ տոտալիտարիզմը ավելի լավն է ժողովրդավարություն կոչվածից: Սրանց մոտ երևի թե ստացվի գալ իշխանության:
Սահմանադրությունից. `Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը
Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:`
Ընտանիքը պետության տարրն է, այսինքն՝ ընտանիքը՝ դա նույն պետությունն է, միայն չափսերով է փոքր, բայց ընտանիքի կառուցվածքն ու կենսակերպը նույնն է, ինչ պետության կառուցվածքն ու կենսակերպը: Մասնակիից դեպի ընդհանուր, այսինքն՝ ընտանիքից դեպի պետություն՝ ինդուկտիվ մեթոդ եւ ընդհանուրից դեպի մասնակի՝ պետությունից դեպի ընտանիք՝ սա էլ դեդուկտիվ մեթոդը, երկուսն էլ օգնում են միեւնույն երեւույթը ուսումնասիրելու եւ օրինաչափություններ հայտնաբերելու, կան հարցեր, որոնք փոքրի վրա են լավ երեւում, կան էլ հարցեր, որոնք մեծի վրա են երեւում, բայց մեծն էլ, փոքրն էլ՝ նույն երեւույթն են: Սահմանադրությունը պետք է ձեւակերպի ընտանիքի կառուցվածքն ու կենսակերպը, օրինակ, խոսքի իրավունք ունեն ընտանիքի բոլոր անդամները, բայց որոշում կայացնելու իրավունք ունի միայն մեկը, ով ընտրվում է ընտանիքի բոլոր անդամների կողմից: Ընտանիքի ամեն անհատ ունի իր անձնական իրավունքի շրջանակը, որտեղ որոշում կայացնողը ինքն անհատն է եւ տարիքի հետ այդ շրջանակը ընդլայնվում է: Անդաստիարակ երեխան կամ խմող պապան՝ դա ժողովուրդն է, իսկ ազգային արժեքներով դաստիարակված երեխան եւ խիստ, բայց սիրող ու արդար պապան՝ սա էլ ազգն է, համապատասխան էլ ընտանիքն ու պետությունը:
Երկար է ստացվում, բայց շարունակեմ: Թշնամին բարեկամից տարբերվում է նրանով, որ բարեկամը օգնում է զարգացնել քո դրական գծերը, իսկ թշնամին թիրախավորում է քո թերությունները: Ստացվում է, եթե մենք մեր բարեկամների հետ զարգացնենք մեր դրական գծերը եւ թշնամու փոխարեն մենք ինքներս հայտնաբերենք մեր թերությունները եւ անմիջապես շտկենք ու վերացնենք այդ թերությունները, ապա թշնամին է՛լ անելիք չի ունենա:
Ես, օրինակ, ամեն ընտանիքի կպարտադրեի զինվորական պատրաստականություն անցնել եւ քննությունը դրական հանձնելուց հետո տանը զենք կրելու իրավունք տալ: Գյուղերն ու քաղաքները պետք է դառնան ռազմականացված ամրոցներ, իսկ քաղաքացիները’ այդ ամրոցների զինվորներն իրենց զենքերով, որ հրամանը ստանալուց անհապաղ ամեն մեկն իր դիրքում հայտնվի: Կառուցել ապաստարաններ’ երեխաներին եւ տարիքավորներին արագ էվակուացնելու համար: Սա նաեւ սփյուռքին էլ է վերաբերում’ ամեն մեկը նախապես պետք է կցված լինի համապատասխան հասարակական զինկոմիսարիատի եւ ժամանակ առ ժամանակ ներկայանա այնտեղ ցուցումներ ստանալու եւ վարժանքների համար: Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակը մեր օգտին ծառայեցնել, երբ իրավիճակը մեր օգտին սկսի աշխատել եւ ամուր լինենք, երբ մեր դեմ աշխատի: Այս ընտրությունները պետք է օգտագործել մեր ընտանիքներին զինվորագրելու համար’ այդ թվում հասարակական հիմունքներով նաեւ սփյուռքի հայ ընտանիքներին:
Ճիշտ է, մաքուր ընտությունների ժամանակ էլ են կարողանում մարդկանց զոմբիացնել, բայց միևնույնն է, մաքուր ընտրությունները խիստ անհրաժեշտ են, որպեսզի հասարակությունը հասկանա իր կարճատես ընտրության հետևանքները և հաջորդ ընտրության ժամանակ մի քիչ ավելի հեռատես լինի: Ուրիշ բան, որ մենք առաջին հերթին պետք է ձգտենք ունենալ ազգային գաղափարախոսության հենքով լավ կրթված հասարակություն, դրանից հետո մարդիկ կգնահատեն ազգային արժեքները և դրանք պահպանելու համար կհասկանան անկախ պետականության առավելությունները:
Մեծ Եղեռնէն ետք եւ որպէս նրա հետեւանք՝ բիւրաւոր հայեր բնակութիւն հաստատեցին Մերձաւոր եւ Միջին Արեւելքի մէջ, ուր հիմնեցին ու վարեցին հայկական համայնքներ:
Սփիւռքի այդ երկիրները ժողովրդավարական չէին, չեն – եւ չեն կրնար ըլլալ – :
Իրողութիւնը այն է որ, այդ ոչ-ժողովրդավարական երկիրներում, որպէս փոքրամասնութիւն, այդ համայնքներուն մէջ շատ աւելի ազդու կերպով կարելի եղաւ հաստատել, ու ոչ միայն պահել, այլ նոյնիսկ՝ մշակել, Ձեր այդ ըսած «ազգային գաղափարախոսութիւնը», քան թէ՝ Հայաստանի եւ Արցախի մէջ – հայկական հողի վրայ – :
Ի դէպ, արեւմտեան, ժողովրդավար համարուող երկիրներուն մէջ, Ցեղասպանութիւնից ճողոպրած հայերն ու նրանց յաջորդող սերունդները շատ աւելի արագ, հեշտօրէն եւ զանգուածային կերպով ձուլուեցան, օտարացան, կորսնցուցին իրենց հայու ազգային գիտակցութիւնը – կամ երբեք չկարողացան զայն գոյացնել – :
Ոեւէ հայի համար որ, իրապէս եւ մօտէն, ծանօթ է վերոյիշեալ բոլոր իրականութիւններուն, ասիկա անհերքելի իրողութիւն մըն է: Պատմական առարկայական տուեալ:
Իսկ դրա ամենաայժմէական, ծայրագոյն փաստը՝ Արցախի կորուստն է: Եւ Հայաստանի այժմու վիճակը: