Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական դրությունը պաշտպանիչ զրահաբաճկոն էր. մի հատը Փաշինյանի հագին է, մյուսն էլ սա էր. Գեղամ Մանուկյան. «168 ժամ»

Մարտ 25,2021 09:30

Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրության վերացմանը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այն միայն մեկ պատճառով էր պահպանվում՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը չդրվի քննարկման.

«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մյուս դրույթները չէին պահպանվում: Տեսեք՝ երկրում ռազմական դրություն է, բայց պաշտպանական ոլորտն ուղղակի խայտառակ վիճակում է: Զինվորները գալիս են արձակուրդ և չեն վերադառնում զորամաս, զինվորների ծնողները ցույց են անում, իրենց պահանջները բավարարվում են: Այսպիսի փնթի վիճակ մեր երկրում երբեք չի եղել: Տասնյակներով, հարյուրներով զինվորներ լքել են իրենց մարտական հերթապահությունը կամ զինվորական ծառայությունը: Իշխանությունը ռազմական դրությունը պահպանում էր ոչ թե երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու, ոչ բանակի կենսագործունեությունը բարելավելու համար, այդ հարվածներից հետո մեջքը ուղղելու համար, այլ մեկ բանի համար՝ ռազմական դրությունը պաշտպանիչ զրահաբաճկոն է. Մի հատը Փաշինյանի հագին է, մյուսն էլ ռազմական դրությունն էր: Մեկ շաբաթ առաջ, երբ պաշտպանության հանձնաժողովի նիստում ընդդիմությունն  էլի բերել էր նախագիծը, Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ատամներով պաշտպանում էին՝ վայ, գիտե՞ք՝ ինչ կարևոր է ռազմական դրության պահպանումը: Այսօր ձայն չհանելով, առանց ծպտունի՝ քվեարկեցին, գնաց»:

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ համաձայնություն կա խորհրդարանում, որպեսզի անվստահություն չհայտնեն վարչապետին, նա պատասխանեց. «Ոչ, դա որևէ բան չի նշանակում, որովհետև ՀՀ-ում դեռ ընտրություն նշանակված չէ, ՀՀ-ում դեռ վարչապետը հրաժարական չի տվել, դեռ 2 անգամ ընտրություն կայանալը իրականություն չէ, և այդ պայմաններում խոսել երևութական արտահերթ ընտրությունների մասին՝ իմաստ չունի: Անվստահության մասով՝ բոլոր սցենարները գործում են, Հայաստանում որևէ բան հնարավոր չէ բացառել: Առնվազն, ես՝ որպես դիտորդ, որպես քաղաքացի՝ արձանագրում եմ մի փաստ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների հետ, այդ հանդիպումներից հետո ուղղակի հայտարարվել է, որ համաձայնել են հունիսի 20-ին ընտրություն նշանակելու մասին: Եթե 2018թ., երբ սահմանադրական կարգը Նիկոլ Փաշինյանը տապալեց, մտան ԱԺ, որից հետո հուշագիր ստորագրեց, ենթադրենք, ԲՀԿ-ի հետ, կար հուշագրում կետ, որ չի առաջադրվելու: Տվյալ դեպքում ո՛չ հուշագիր կա, ո՛չ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պաշտոնապես լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում թեկնածու չեն առաջադրելու»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031