Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրություններին գնալու են հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ». Ռոբերտ Հայրապետյան. «Փաստ»

Մարտ 25,2021 08:30

Այս իշխանության բոլոր օրենսդրական փոփոխությունները առնչություն չունեն իրավական որևէ օրակարգի հետ: Փոփոխությունները, որոնք այս իշխանությունը բերում է օրակարգ, լուծում են որոշակի քաղաքական խնդիրներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ իմաստով վերջին ցայտուն փոփոխությունը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն էր, որն ընդունվեց, և որով փորձ է արվում ընդլայնել Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:

«Ըստ իս, այն բացառապես գործի քննության ամբողջ ընթացքում դատավորներին վերահսկողության տակ պահելու նպատակն ունի: Սա իր հերթին իր պատճառն ունի. կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո դատավորների անկախության մի նոր փուլի ականատես եղանք: Նրանք այլևս չէին կատարում քաղաքական իշխանության կամակատարությունները՝ կապված ձերբակալությունների, կալանավորումների հետ: Սա, բնականաբար, լուրջ անհանգստություն է հարուցել քաղաքական իշխանության մոտ: Նշված փոփոխությամբ ԲԴԽ-ին լիազորություն է տրվում ցանկացած փուլում գործը քննող դատավորից գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի:

Սա ևս մեկ գործիքակազմ է, որով իշխանությունը փորձում է ինքն իրեն լիազորել ցանկացած գործ ցանկացած փուլում կոմպետենտ դատավորից վերցնել և փոխանցել իրենց սրտի դատավորներին: Նույնը նաև մասնագիտացված դատարանների ստեղծման առումով կարելի է ասել, որոնք քննելու են բացառապես միջդատավարական վարույթին առնչվող գործեր՝ ձերբակալություն, կալանավորում և այլն: Այստեղ նույնպես նպատակը դատարաններին մի ամբողջության մեջ ժողովելն է և հանգիստ լինելն այն հարցում, որ իշխանության քիմքին հաճո ցանկացած կալանավորում, ըստ էության, կիրականացվի: Առհասարակ, ես վստահ եմ, որ այս ընտրություններին իշխանությունն այս անգամ արդեն թիրախ է դարձնելու դատական համակարգը: Ընտրություններին գնալու է հետևյալ լոզունգով. «Հարգելի՛ ժողովուրդ, դուք սոված եք, քանի որ մենք չունենք դատական համակարգ, որովհետև երբ ձեր սրտի վարչապետը ցանկանում է մեկին կալանավորել, դատավորը չի կատարում դա, ըստ այդմ՝ չի կատարում ժողովրդի պահանջը»: Այսինքն, թիրախավորելով դատական համակարգը՝ նրանք այս փուլում ժողովրդին կփորձեն հենց դատարաններով մանիպուլացնել»,ասաց զրուցակիցը՝ շեշտելով, որ նորից առաջ կբերեն վեթթինգի օրակարգը և կփորձեն, Ն. Փաշինյանի բնութագրմամբ, «վնգստացող դատավորներին» փոխարինելու ինչ-որ քայլեր անել:

«Այս երեք տարվա ընթացքում պետական որևէ համակարգ կամ որևէ կառույց չի մնացել, որը խարխլելու, որի համբավը զրոյացնելու ցանկություն այս իշխանությունը չունենար: Չկա մի համակարգ, որտեղ իրենց հաճո, բայց իրականում այդ համակարգի համար, այսպես ասած, չարորակ մետաստազիկ գործառույթ կատարող անձանցով չլցնեին»,- ասաց նա։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031