Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է՝ չնայած նոմինալ տնտեսական աճ կունենանք, վերականգնողական աճ կգրանցվի, սակայն իրական աճի համար երկար ժամանակ է պահանջվելու
Հայաստանում գրանցված գնաճը մեծապես պայմանավորված է դրամի արժեզրկման հետ։ Այս կարծիքին է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Դեռ դեկտեմբեր ամսվանից ամիսն ամսվա վրա գնաճ է արձանագրվում, իսկ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ գնաճը կազմել է 5.3% եւ ինչպես փաստում են վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները, կոնկրետ սննդամթերքի գնաճն այս տարվա փետրվար ամսին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, կազմել է 8.1%։
Հրանտ Միքայելյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նկատում է՝ քանի որ մեր երկրի սպառողական շուկայում բավականին մեծ է ներկրված ապրանքների կշիռը, ապա դրամի արժեզրկումը, որը մոտ 8% էր, բնականաբար, ազդել է գների վրա։ «Սա, ըստ էության, խոշորագույն գործոնն է գնաճի վրա ազդելու։ Բացի այդ հարաբերակցությունը՝ ներկրման եւ արտահանման միջեւ, հավանական է որ փոխվի, որը պայմանավորված է պատերազմով եւ որոշ տարածքների կորստով, որտեղ ցորեն էր աճում, նաեւ Սոթքի հանքն է։ Բացի այդ, կա նաեւ ընդհանուր տնտեսական ճգնաժամ։ Այս ամենն ազդում է գնաճի վրա։ Չնայած, պետք է նշել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկումը նույնիսկ ինչ-որ չափով նպաստել է գնաճի նվազեցմանը, բայց որոշ ժամանակ, որովհետեւ նաեւ սպառումն ու առեւտուրն էր նվազում։ Բայց դա շատ երկար չէր կարող տեւել եւ ինչ-որ պահից գնաճն ավելացավ»,-ասում է պարոն Միքայելյանը։ Նա նկատում է՝ գնաճի վրա, իհարկե, ազդում են նաեւ երկրի անկայունությունն ու սպասելիքները։
«Այսպիսով, այս ինֆլյացիոն երեւույթները սկսում են տարածվել, եւ այստեղ որեւէ անկանխատեսելի բան չկա։ Գնաճը շարունակվելու է, ուղղակի դեռ հնարավոր չէ ասել, թե ինչ չափով։ Բայց քանի որ դրամի արժեզրկումն էլ է դանդաղել, կարելի է ասել, որ գները շատ չեն աճի»,-նշում է տնտեսագետը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%։ Նկատենք, որ ԿԲ-ն կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը նպատակային 4% ցուցանիշի սահմաններում կլինի։
Այս առնչությամբ պարոն Միքայելյանը հիշեցնում է՝ նման կանխատեսումները միշտ ունեն խոցելիություն մի քանի պատճառով, նախ՝ գնաճի 4%-ը՝ 1.5% տատանումների թույլատրելի միջակայքը, որը Կենտրոնական բանկն իր համար որպես թիրախ է ընտրել, անփոփոխ է մնում դեռ 2000-ականների կեսից, ավելի կոնկրետ՝ 2007 թվականից, եւ պետք է նկատել, որ այսպիսի գնաճ եղել է, եւ 5% է եղել, 2.5%-ից ցածր գնաճ էլ է եղել. «Այնպես որ կանխատեսել հնարավոր չէ։ Մյուս պատճառը՝ ԿԲ-ի կանխատեսումների դեպքում հաշվի են առնվում այսօրվա իրողությունները, ԿԲ-ն այսօրվա դրությամբ համարում է որ գնաճը 5.5%-ը չի գերազանցի, իսկ տնտեսական աճը 1.4% կլինի։ Իմ հաշվարկներով տնտեսական աճը 3-4% կլինի, իսկ գնաճն ավելի բարձր կլինի»։
Ընդ որում, տնտեսագետը կարծում է, որ մեր երկրում այս տնտեսական ճգնաժամը երկարատեւ կլինի, այսինքն նոմինալ տնտեսական աճ կունենանք, այո, վերականգնողական աճ կգրանցվի, նաեւ հաջորդ տարի նման աճ կգրանցվի. «Բայց եթե որպես տնտեսական ճգնաժամ հասկանանք աճի միտման կորուստը, ապա սա երկար տարիների խնդիր է լինելու, որովհետեւ, օրինակ՝ ներդրումներ չունենք եւ չունեինք մինչեւ պատերազմական շրջանը, իսկ պատերազմից հետո արտաքին ներդրումներ ես չէի սպասի, հատկապես այս իշխանության օրոք։ Բացի այս, քանի դեռ ունենք քաղաքական ռիսկեր, հատկապես արտաքին քաղաքական, ներդրումներ չեն լինի ո՛չ ներքին, եւ ոչ էլ դրսից կլինեն։ Սա լուրջ խնդիր է, եւ տնտեսության միայն վերականգնումը 2020-ի սկզբի մակարդակին հասնելու համար բավականին ժամանակ է պահանջվելու։ Իսկ թե որքան կտեւի վերականգնումն, այլ հարց է, գուցե երեք տարի տեւի, գուցե շատ կամ քիչ, սակայն պետք է ընդգծել՝ տնտեսական դինամիկայի վերականգնումը դա ավելի լուրջ խնդիր է»։
Այս առումով տնտեսագետը կարծում է, որ լուրջ դժվարություններ ենք ունենալու, հատկապես, որ ճգնաժամը համաշխարհային է, եւ ներդրումների խնդիրն էլ համաշխարհային է, ու չնայած զարգացած երկրները նախանշում են, որ քովիդի ճգնաժամը կհաղթահարեն այս տարվա աշնանը, սակայն մեր երկրում ճգնաժամը կշարունակվի, եւ այն դինամիկան, որն ունեցել ենք, դրա վերականգնումը շատ դժվար կլինի եւ դեռ չեն երեւում վերականգնման միտումները։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2021