Լրահոս
Օրվա լրահոսը

Նենգափոխում՝ քրեական հետապնդման մարմինների կայացրած որոշման օրինականության եւ հիմնավորվածության ստուգման փուլում

Մարտ 25,2021 14:00

Իրավաչա՞փ է, արդյոք, դատարանի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացման մասով հատուկ իրավակարգավորում սահմանելը

2020 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի քննությունն էլ ավարտվեց, եւ տասն օր առաջ պաշտոնական կայքը հրապարակեց որոշումը: ՍԴ-ում քննությունը դարձյալ «գրավոր- դռնբաց» ընթացակարգով էր:

Դիմումատու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունն ամբողջությամբ։ Սահմանադրական դատարանը մարտի 9-ի աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասության մասով կարճել էր:

Նշեմ, որ օրենսգրքի «Քրեական գործի հարուցումը մերժելը» վերտառությամբ 185-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Օրենսգրքի այդ մասը փոփոխվել է 25.05.06 ՀՕ-91-Ն օրենքով՝ 5-րդ մասի առաջին նախադասությունից հանելով «վերաքննիչ» բառը:
Գործի քննության շրջանակը ներառում է օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրվածը. «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն» դրույթը:

Ամեն ինչ սկսել է նրանից, երբ Վ. Ալեքսանյանը 2019թ. հունիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով հաղորդում է տվել հանցագործության մասին, որի քննարկման արդյունքում 2019թ. հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի տեսուչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Վ. Ալեքսանյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրել է վերացնել ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի տեսուչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: ՀՀ Սյունիքի մարզի դատախազի պաշտոնակատարը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինականությունը հաստատելու եւ դիմողի բողոքը մերժելու մասին:

2019թ. օգոստոսի 29-ին Վ. Ալեքսանյանը վերոնշյալ որոշումների դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ 2019թ. սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին եւ վերացրել է ոստիկանության տեսուչի որոշումը: Դրան հետեւել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքում այդ որոշումը վերացնելու կամ հաստատելու մասին օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված՝ դատարանի լիազորությունը եւ, որպես պարտադիր հետեւանք, դատախազի կողմից քրեական գործ հարուցելու պարտականությունը, հակասում են Սահմանադրության 61, 63 եւ 176-րդ հոդվածներին, քանի որ մի դեպքում՝ դատարանի սահմանադրական կարգավիճակից եւ գործառույթներից չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի (եթե դատախազն է կայացրել նման որոշում) որոշումը վերացնելու կամ հաստատելու օրենսդրական լիազորությունը, իսկ մյուս կողմից՝ դատարանի որոշման պարտադիր հետեւանքը դատախազի կողմից քրեական գործ հարուցելու պարտականությունը, չի բխում թե դատախազի սահմանադրական կարգավիճակից բխող լիազորություններից եւ գործառույթներից, թե դատախազական հսկողության եւ դատական վերահսկողության հարաբերությունից, թե անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության սահմանադրական կառուցակարգերից:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ «օրենսդիրը վիճարկվող՝ 185-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել է ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներում ամրագրված թեզիսի (անձի իրավունքների պաշտպանության) նենգափոխում (քրեական հետապնդման մարմինների կայացրած որոշման օրինականության եւ հիմնավորվածության ստուգման), որի արդյունքում դատական պաշտպանությունը փաստացի վերածել է դատախազական հսկողության, քանի որ, ի հակադրություն ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներում ամրագրված գաղափարախոսության, դատարանի ստուգման առարկան է դարձել ոչ թե անձի իրավունքների եւ ազատությունների խախտված լինելը կամ չլինելը հաստատելը եւ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելը, այլ՝ հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգելը որպես հետեւանք՝ այն հաստատելը կամ վերացնելը: Մինչդեռ, հետաքննության մարմնի, քննիչի որոշումները վերացնելը դատախազական հսկողության էությունն է»:

Դիմողը նաեւ նշում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն այն եզակի որոշումն է, որը դատարանը դատական վերահսկողության շրջանակներում վերացնում է, իսկ մնացած այլ որոշումների բողոքարկման դեպքում դատարանը պարզապես արձանագրում է անձի իրավունքի խախտումը եւ սահմանում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց պարտականությունը՝ վերացնելու այդ խախտումները:

Այս համատեքստում էլ առաջանում է օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության խնդիրը, քանի որ դատարանը մինչդատական վարույթում վերահսկողության անվան տակ փաստացի հսկողություն է իրականացնում:

Պատասխանողը՝ հանձին ԱԺ ներկայացուցչի, նշել էր, որ դատական վերահսկողության առարկան քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաեւ հիմքերի բավարարության պարզումն է, ուստի դրանից բացի, դատարաններն այլ հարցեր չեն քննարկում: Քրեադատավարական օրենսդրության պահանջների, ինչպես նաեւ անձի իրավունքների եւ օրինական շահերի խախտման փաստ հայտնաբերելիս դատարանն իրավասու չէ վերացնել բողոքարկվող որոշումն այն դեպքում, երբ քրեական վարույթը բացառող հանգամանքն անվիճելի է, քանի որ այդպիսի հանգամանքի առկայության դեպքում քրեական գործ չի կարող հարուցվել: Իսկ դատարանն էլ պարտավոր է արձանագրել քրեադատավարական օրենսդրության պահանջների, անձի իրավունքների եւ օրինական շահերի խախտման փաստերը:

Սահմանադրական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ քրեական դատավարությունում դատական վերահսկողության ընդհանուր իրավակարգավորումներից առանձնացված հատուկ իրավակարգավորման նախատեսումն ունի օբյեկտիվ իրավական հիմքեր եւ պայմանավորված է քրեադատավարական հարաբերություններում քրեական գործի հարուցման մասին որոշման նշանակությունից: Այդ որոշմամբ ընթացք է առնում քրեական մինչդատական վարույթը: Նման որոշման բացակայության պայմաններում սահմանափակվում է անձի՝ իր խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, միաժամանակ չլուծված կմնան քրեական դատավարության օրենսդրության խնդիրները, եւ «վեճի առակա»՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթն էլ համապատասխանում է Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել