Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդը չի հերիքում, Հայաստանում ապրելը դարձել է տանջանք»

Մարտ 25,2021 13:30

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը` իրականության ու առկա խնդիրների մասին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը մտահոգված է, ասում է` օդը չի հերիքում, այլեւս հնարավոր չէ ընկալել ներկա իրականությունը: Նրա ձեւակերպմամբ, ժողովուրդը կործանված է, մարդիկ հուսալքված` չգիտեն, թե ինչ են ուզում, ուր պետք է գնան եւ ինչու: «Դա խոսում է այն մասին, որ մեր երկիրը ծրագիր չունի, իսկ վերջին 3 տարին ուղղակի թյուրիմացություն էր, բայց նախորդ 30 տարին էլ մի բան չէր: Մենք մշակույթի երակները կտրեցինք, չթողեցինք, որ մեր մշակութային կենտրոնները, միությունները աշխատեն: Իսկ եթե Հայաստանում չկա մշակույթ, գյուղատնտեսություն, պաշտպանություն, ուրեմն էլ ում ենք պետք, ուրեմն ինչի ենք պետք: Մենք մի 200 տարի աշխարհից հետ ենք ընկել, ու մի 2000 տարի էլ չենք կարողանում մեր տեղը երկրագնդի վրա գտնել: Պետք է անկեղծ լինել` այդպես էլ չկարողացանք ստեղծել հզոր պետություն, ու երբ «դրսում» հարցնում են որտեղից ես, ասում ենք՝ Հայաստան, մարդիկ չգիտեն՝ էդ Հայաստանը որտեղ է»,-ասում է արվեստագետը:

Փարավոն Միրզոյանն ընդգծում է, որ այո, մեր ժողովուրդը հանճարներ է տվել` Նարեկացի, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, բայց մեկ է` չենք կարողացել մեր տեղը գտնել երկրագնդի վրա ու ընդամենը բավարարվել ենք անցյալի դափնիներով ու մեր` առաջին քրիստոնյա լինելը շեփորելով: «Այնպես է ստացվել, որ նավատորմ չունենք, երկաթգիծ չունենք, ինքնաթիռներ չունենք, մեքենայի ճանապարհներ չունենք, մեր հարեւան ժողովուրդներն այնպես են արել, որ կղզիացել ենք, մի կողմից էլ մենք ենք մեր տունը ավերել, որովհետեւ ոչ միայն չունենք մշակութային ծրագիր, այլեւ ընդհանրապես ծրագիր չունենք: Նախկին խորհրդային տարածքի մյուս երկրները` Ուկրաինա, Ղազախստան, Կիրգիզիա, Վրաստան, ամեն մեկը մի ճանապարհ ունի, կարող ես ընդունել, կամ չընդունել, բայց մենք չունենք կոնկրետ ճանապարհ, փոխարենը՝ քամին որտեղից փչում է, գնում ենք այդ կողմ, ու ուրիշներն էլ դա տեսնում են: Երեւի մեր նման երկրի պարագայում ճիշտ կլինի որեւէ մեծ պետության հետ ճիշտ համագործակցությամբ խաղաղ ապրենք:

Անգամ պատերազմի ժամանակ չեղավ մի երկիր, որ մտածի մեր ժողովրդի մասին… Այսօր Երեւանում այդքան դեսպանատներ կան, ՄԱԿ-ի գրասենյակ կա, դրանք ինչի՞ համար են, մեր կառավարությունը չաշխատեց նրանց հետ, պետք է կամ պարտադրի, կամ բարեկամաբար խոսի, որ մեր երկիրը ճիշտ ներկայացվի, իրենց ծրագրերում մեր երկրի հետ կապված բաներ լինեն: Մեր ղեկավարներն այսօր մտածում են միայն պաշտոն ունենան ու փող աշխատեն: Հայաստանում այդքան դեսպանատներ կան, գուցե մտածում են՝ գավառական երկիր ենք եկել, մեզ համար ապրենք, մեր աշխատավարձերը ստանանք, ախր սա անլուրջ մոտեցում է: Մենք չկարողացանք, օրինակ, ոչ Չինաստանի նման պետությանը, ոչ Ամերիկային ու մյուսներին ճիշտ ներկայացնել մեր երկիրը»,-ասում է նկարիչը ու հավելում, որ Հայաստանում ապրելը դարձել է տանջանք:

«Պետություն, դու մի 50-50 մշակույթի գործիչ չունենա՞ս, որոնց պարտավոր ես պահել, ինչ է նշանակում ժողովրդական դերասանը կամ ժողովրդական նկարիչը 40000 դրամ թոշակ ստանա: Կառավարություն, դու չե՞ս ամաչում, երբ ամեն անգամ նախարարդ բարձր աշխատավարձից բացի, պարգեւավճար է ստանում, 70 եւ ավելի տարիք ունեցող ժողովրդական նկարիչդ ու դերասանդ գրոշներ… Ինչո՞ւ ես վիրավորում քո` ժողովրդականի կոչումը:

Հայաստանի նկարիչների միությունում մոտ օրերս կազմակերպվեց հանրապետական ցուցահանդես, հետո ի՞նչ: Ի դեպ, որեւէ պաշտոնյա չեկավ: Այս կառավարությունը մտածում է՝ երաժիշտը երգում է, թող երգի, կամ նկարիչը նկարում է, թող նկարի: Բայց եթե պետականորեն ներդրում չանես, նկարիչներին, երաժիշտներին պատվերներ չտաս, քո մշակույթը չի զարգանա»,-նշեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք` վերջին անգամ ե՞րբ է պետական պատվեր ստացել: «Ոչ մի անգամ: Ինձ մշակույթի նախարարությունը մի անգամ բանավոր պետպատվեր տվեց` նկարել «Ձոն Սարդարապատի հերոսներին», նկարեցի մեծածավալ կտավ, անգամ ներկի գումարը չտվեցին, անամոթ են իրենք, իրավունք չունեն երկիր ղեկավարելու:

Կամ՝ 65-ամյակիս առիթով դիմեցի մշակույթի նախարարություն, որպեսզի աջակցություն լինի ալբոմի հրատարակման համար, նամակ ստացա, որ այդպիսի տող չունենք… 45 տարի պրոֆեսորդ աշխատում է, ո՞նց տող չունես: Իմ օրինակն եմ բերում, բայց խնդիրը համընդհանուր է… Համատարած սուտ են խոսում, երկիր չեն ղեկավարում, մտածում են, թե ինչքան փող պետք է աշխատեն, ոչ մեկն իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, ասելու, որ մեզ ժողովուրդն է ընտրել»,-պատասխանեց ՀՀ ժողովրդական նկարիչը:

Նաեւ հարցրինք, թե վերջին անգամ ե՞րբ է բարձրաստիճան որեւէ պաշտոնյա եկել իր արվեստանոց: «Ոչ մի անգամ, սրանք էլ չեն հետաքրքրվում: Բաղրամյանի հավաքի ժամանակ էլ մեկը խոսում էր, թե ուր են նկարիչները: Այ ընկեր, դու մի անգամ եկել տեսնե՞լ ես, թե Փարավոն Միրզոյանը, Պողոսյանը, Պետրոսյանը, Հայրապետյանն ինչ են անում… Կամ՝ պետություն, մի անգամ 100 դոլորի ներկ, կտավ տվե՞լ ես քո արվեստագետին, միայն սուտ խոսում ես մշակույթի մասին, մտավորականության մասին… Ի՞նչ ինտելիգենցիայի մասին է խոսքը, եթե ինտելիգենցիային չես ընկալում, չես ընդունում: Այսօր ամենամեծ ինտելիգենտները նրանք են, ովքեր Հայաստանում մի քիչ անգլերեն գիտեն, մի քիչ համակարգիչ, մի տեղ մի 6 ամիս էլ սովորել են, իսկ այն մարդիկ, որոնք լուրջ կրթություն են ստացել, անտեսված են, որովհետեւ անգլերենը վատ է, կնոպկաներն էլ չեն կարողանում սեղմել»,-ասաց Փարավոն Միրզոյանը:

Նա չի կարողանում համակերպվել հնչող ու այդպես էլ չիրականացող խոստումների հետ. «3 տարի առաջ ասացիք, որ Աջափնյակի մետրոն պետք է կառուցեք, ո՞ւր է կայարանը, էդքան փող կերաք, նրանց էինք ասում՝ թալանել են… Փողոցներն ի՞նչ վիճակում են, հենց հիմա Թումանյան փողոցը քարուքանդ է, տարիուկես է՝ խողովակը դնում են, քանդում են հանում, նորից են դնում… Մի 10 մետրը գոնե սարքի, ասֆալտը փռի, որ ժողովրդին ասֆալտին փռես, ինչպես դու ես ասում: Մեր քաղաքն արդեն դեմք, ստեղծագործական կերպար չունի, ում խելքին փչում է, իր ուզած տեղում շենք է կառուցում: Բազմաթիվ երկրներում եմ եղել, որ անկյունում նստես, կարող ես նկարել, Երեւանում որտե՞ղ նստես, նկարես:

Արցախյան առաջին պատերազմում այդքան զոհեր տվեցինք, հաղթեցինք, ո՞ւր են այդ տարիների ստեղծագործությունները, չկա ոչ մի պանո, մեծածավալ կտավ, թեմատիկ նկարներ, մեր հերոսների կերպարները չկան, ոչ մի ոլորտում չկան»: Փարավոն Միրզոյանին հարցրինք, թե ինչպես է այս հոգեվիճակով ստեղծագործում: «Տանջվելով… Եթե ստեղծագործելը չլինի, ես կարող է գժվեմ, արդեն ապրելդ էլ չի գալիս, օդը չի հերիքում: Նորից եմ կրկնում, ԿԳՄՍ նախարարությունը պետք է ծրագիր ունենա, Հայաստանի ազգային պատկերասրահին պետք է առանձին տողով ֆինանսավորում տրվի, որպեսզի պատկերասրահը չմեռնի: Այս սերնդի ստեղծագործություններն ո՞ւր պետք է գնան, չէ՞ որ պատկերասրահը պետք է ունենա գնելու, ֆոնդերը լրացնելու հնարավորություն, այլապես 50 տարի հետո դատարկություն է լինելու:

Երբ Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակն էր նշվում, ցուցադրվում էին այն նկարները, որոնք նրանց 100-ամյակին են ցուցադրվել, այսինքն՝ դրանք խորհրդային տարիներին ստեղծված գործեր էին: Այսօրվա նկարիչը նորից պետք է Թումանյան, Կոմիտաս, Նարեկացի, Քուչակ ու Արամ Խաչատրյան նկարի, մեր տաղանդավոր մարդկանց դիմանկարները պետք է ստեղծվեն, սակայն ոչինչ չի արվում, միայն մեծ-մեծ խոսում են»,-ասաց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
24.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031