Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմը միշտ նույն դեմքով է»

Մարտ 25,2021 13:00

Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի եւ 5-րդ ալիքի Արցախի թղթակից Ծովինար Բարխուդարյանն այս պատերազմի ընթացքում էլ հավատարիմ մնաց իր լրագրողական առաքելությանը։ Ամեն անգամ լուրերը հաղորդելու ժամանակ էկրանից այս կողմ հեռուստադիտողը դրական էներգիա էր ստանում եւ հավատում խաղաղ լուսաբացին։ Ծովինարի խոսքով` կուռքեր չունի, իսկ գալիք օրվա հանդեպ խաղաղության հույսով է լցված:

– Ծովինար, երեւի չենք կարող մեր զրույցն սկսել առանց պատերազմը շրջանցելու։ Մինչեւ պատերազմի ավարտը մնացիր Արցախում։ Ցանկանում եմ հարցնել` ի՞նչ փոխվեց քո մեջ, ի՞նչ ես զգում հիմա։

– Պատերազմն ինձ ավելի ամուր կապեց իմ հայրենիքին, ցույց տվեց, թե որքան թանկ է այն եւ որքան մեծ է այս սուրբ հողում ծնված լինելու գինը։

– Պատերազմը խմբագրե՞ց քո սպասելիք ապագան։ Ինչպե՞ս…

– Վաղուց արդեն ոչինչ չեմ պլանավորում… Երբ համարձակվում էի երազել, նպատակներ դնել, դրանք միշտ դստրիկներիս ցանկություններից էին բխում, հիմա էլ…

– Մեր մշակույթն է նաեւ վտանգի տակ դրված, չնայած տեսնում ենք, թե թշնամին ինչ կերպ է վարվում։ Որպես արժանապատիվ հայ, ի՞նչ կասեք այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ չենք կարողանում փրկել մեր ստեղծածն ու հնուց եկածը։

– Ոչ թե վտանգված է, այլ արդեն ոչնչացվում է… արժանապատիվ հա՞յ… շատ գերագնահատեցիք ինձ… չենք կարող փրկել, որովհետեւ հրաժարվել ենք պայքարից, հեռացել ենք Աստծուց. նրան թողել ենք Դադիվանքում, գուցե Ղազանչեցոցում, Կատարոյում, կորցրել ենք մեր արժանապատվությունը, ցավոք…

– Եթե հայացք նետենք 2016 թվական, ապա 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր, որոշ կետեր կառանձնացնե՞ք, որ ձեր գիտակցության մեջ չի տեղավորվում, թե ինչու եւ ինչպես եղավ այս ամենը։

– Երեւի հենց վերը թվարկած պատճառներով։ Իրականությունը ոչ մեկիս գիտակցության մեջ չի տեղավորվում։ Սա այն դեպքն է, երբ ոչ տեսածիդ ես հավատում, ոչ լսածիդ։ Մենք շատ հպարտացանք, դրա համար էլ պարտվեցինք։ Հպարտացանք եւ չտեսանք կամ չտեսնելուն տվեցինք մեր բացերը, թշնամուն այսքան մոտ ապրելով՝ կորցրինք զգոնությունը, մեր բռունցքը բացվեց, գունապնակում միայն սեւ-սպիտակ տեսանք, արդյունքում՝ մեր Արցախը նորից Ղարա(սեւ) բաղ (այգի) դարձավ։

– Պատերազմն ի՞նչ դեմք ուներ այս անգամ։

– Պատերազմը միշտ նույն դեմքով է՝ դաժան, արյունարբու…

– Ամենաշատն ում կհիշեք եւ ամենաարագն ում կմոռանաք այսքանից հետո։

– Մոռանալ ոչ մեկին չեմ կարող։ Ե՛վ լավը, ե՛ւ վատը հիշում եմ… Այսքանից հետո, ինքս ինձ չկորցրի. դա էլ է կարեւոր, համաձայնեք։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031