Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Շուշիում

Մարտ 25,2021 12:30

Հայոց հինավուրց Շուշի քաղաքը բազմիցս ենթարկվել է ուժգին երկրաշարժերի ներգործությանը, որոնք ուղեկցվել են ավերածություններով ու մարդկային զոհերով: Հատկապես 19-րդ դարում այստեղ մեկը մյուսին հաջորդել են սաստիկ ու ավերիչ երկրաշարժերը:

Ըստ պահպանված ավանդության, որը Ղարաբաղում գրի է առել ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը, երկրաշարժերը լինում են այն ժամանակ, երբ գետնի տակ ապրող ցուլը թափահարում է պոչը ու խփում մեջքին, կամ ցնցում է ականջները: Իսկ Վարանդայում ավելացնում են, թե երկրաշարժը լինում է, երբ ալեկոծությունը թափանցում է ստորգետնյա օվկիանոս եւ փոթորկում նրա ալիքները:

Արցախում առաջին հիշատակվող երկրաշարժը տեղի է ունեցել մեր թվականության 1-ին դարում, Զերգունի դաշտում (Մարտունու արեւելյան մաս), որի մասին գրել է պատմիչ Մովսես Կաղանկատվացին: Նա նշել է, որ «առավոտյան տեղի ունեցավ այնպիսի մեծ երկրաշարժ, որ այնտեղ գտնվողները ընկան գետնին»:

Արցախում առկա են նաեւ մի շարք տեղանունններ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են երկրաշարժերի հետ: Այսպես՝ Հերհեր, Տող, Մոխրենիս եւ այլ գյուղեր, իսկ Քռասնին նախկինում կոչվել է Դաղդաղան: Հանրահայտ Տողը ենթադրաբար առաջացել է «դող» բառից, որ այդպես է կոչվել հաճախակի կրկնվող երկրաշարժերից՝ տեղանքը դողդողալու պատճառով: Այսօր էլ Նախիջեւանիկի մոտ լեռները անվանում են Դըղդըղան:

Ստորեւ ներկայացնում ենք Շուշիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի համառոտ ժամանակագրական ցուցակագիրը (կատալոգ):
1828թ. հուլիսի 25-ին Շուշիում երկրաշարժ է եղել, որը մանրամասն նկարագրել է Շիրվանի պարետի պաշտոնակատար մայոր ֆոն Ադեբերգը՝ Թիֆլիսի նահանգապետին ուղղված իր զեկուցագրում. «Գիշերը ժամը մեկից մինչեւ առավոտ, Շուշի քաղաքում զգացվում էր անընդհատ երկրաշարժ. օրվա ընթացքում մինչեւ գիշերվա ժամը 1-ը եղավ հինգ հարված. 28-ին, երեկոյան ժամը 7-ից մինչեւ գիշերվա ժամը 12-ը եղավ 12 հարված եւ երկու հարված երեկ գիշերը: Բոլոր հարվածներից 6-ն ունեին կեսական րոպե տեւողություն եւ այնքան ուժեղ էին, որ բնակիչները պարզապես վտանգի էին ենթարկվում, բայց եւ այնպես, բացի տների ճաքերից եւ մի տան պատի փլումից, երկրաշարժը այդ քաղաքում այլ դժբախտ երեւույթներ չպատճառեց: Բայց բնակիչները վախեցած հին Շամախիում տեղի ունեցած ավերումների մասին տարածված լուրերից, դուրս էին գալիս իրենց բնակավայրերից»:

1840թ. հունիսին Արարատյան երկրաշարժը զգացվել է նաեւ Շուշիում:

1850թ. հունվարի 6-ին, գիշերվա ժամը 2-ին թույլ երկրաշարժ է եղել, որը կրկնվել է եւս մի անգամ՝ ստորերկրյա ոչ մեծ դղրդյունով, իսկ կեսօրից հետո ժամը 4-ին եղել է խիստ մառախուղ:

1854թ. հոկտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 5-ն անց 3 րոպեին ստորերկրյա ուժեղ հարվածներ են եղել եւ ուղեկցվել են ստորերկրյա դղրդյունով:

1860թ. հունվարի 12-ին Շուշիում նկատվել է թեթեւ երկրաշարժ: Իսկ մայիսի 1-ին, երեկոյան ժամը 9-ն անց 20 րոպեին երկու ուժեղ ցնցում: Ընդ որում, երկրորդն ավելի տեւական է եղել: Եկրաշարժը տեւել է կես որպեից ոչ ավելի, ուղղությունը՝ հյուսիս-արեւելքից հարավ-արեւմուտք:

1861թ. փետրվարի 16-ին նկատվել է սկզբից թույլ ցնցում, իսկ հետո՝ ուժեղ հարված ստորերկրյա աննշան աղմուկով: Նույն տարվա մայիսի 12-ին, ժամը 3-ին Շուշիում երկրաշարժը դրսեւորվել է ուժեղ, որի ժամանակ պահակայինները չեն հիշել այդպիսին. ծխնելույզները շրջվել են, պատերում առաջացել են ճաքեր:

1862թ. դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 5-ն անց 20 րոպեին լսվել է ստորերկրյա աղմուկ, որին հետեւել են երկու հարվածներ: Ընդ որում, երկրորդ հարվածը բավական զգալի է եղել:

1868թ. մարտի 17-ին Շուշիում նկատվել է երկրաշարժ:

1869թ. դեկտեմբերի 7-ին, առավոտյան 6-ն անց 20 րոպեին եղել է ուժեղ երկրաշարժ: Առաջին երկու կարճատեւ եւ թույլ հարվածներից հետո զգացվել է երրորդ ուժեղ հարվածը, որը տեւել է 15 վայրկյան:

1872թ. հունվարի 16-ին, երկրաշարժ Շուշիում:

1879թ. մարտի 10-ին, առավոտյան ժամը 4-ին եղել է ուժեղ երկրաշարժ:

1881թ. օգոստոսի 10-ին, գիշերվա ժամը 2-ին զգալի է եղել երկրաշարժի բավական սաստիկ հարված, որը անցել է անվնաս:

1884թ. դեկտեմբերի 7-ին եղել է զորեղ երկրաշարժ, որպիսին ծերունիք էլ չեն հիշել: Շատ տներ ճեղքվել են: Մարդկանց վնաս չի եղել:

1888թ. մայիսի 8-ին երկրաշարժ Շուշիում:

1889թ. մարտի 2-ին, առավոտյան ժամը 10-ն անց կեսին, Շուշիում եղել է բավական զգալի երկրաշարժ: Միայն մի տան պատը բավականին լայն ճեղքվել է: Նույն տարվա հունիսի 14-ին դարձյալ երկրաշարժ է եղել:

1892թ. հուլիսի 27-ին գիշերը եղել է բավական զգալի երկրաշարժ: Նշվել է, որ «շատերը ասում են այդպիսի զգալի շարժ Շուշիում չի եղած: Դրանցից առաջ էլի նոյն ամսի 12-ին երկրաշարժ պատահեց»:

1894թ. հոկտեմբերի 10-ին, գիշերվա ժամը 2-ին, երկրաշարժ է եղել, որի առթիվ նշվել է. «Շարժը բաւական զգալի էր եւ անցաւ հիւսիսից դէպի հարաւ: Այսքան զգալի երկրաշարժ դեռ չէր եղել Շուշում»:

1896թ. ապրիլի 25-ին երկրաշարժի առթիվ նշվել է. «Երեկոյեան ժամը 8-ին երկրաշարժի թեթեւ հարւած եղաւ դէպի արեւելք»: Իսկ նույն տարվա սեպտեմբերի 10-ին առավոտյան ժամը 8-ին Շուշիում երկրաշարժ է եղել՝ արեւմուտքից արեւելք ուղղությամբ: Բավականին զգալի երկրաշարժ է եղել նաեւ սեպտեմբերի 19-ին երեկոյան ժամը 6-անց կեսին՝ հյուսիսից հարավ ուղղությամբ: Երկրաշարժը կրկնվել է նաեւ գիշերը ժամը 11-ից անց:

1897թ. ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 11-ին, երկրաշարժ է եղել, որի ժամանակ դաբաղների (կաշեգործներ) ձորը փուլ է եկել եւ 5 տուն քանդվել է:

1899թ. դեկտեմբերի 31-ին Շուշիում նկատվել է երկրաշարժ:

1900թ. մարտի 18-ին նկատվել է ոչ ուժեղ երկրաշարժ:

1902թ. հունվարի 31-ին Շուշիում եղել է սաստիկ երկրաշարժ. «Օրուայ 12 ժամ 47 րոպէին, այստեղ երկրաշարժի սաստիկ ցնցում պատահեց, որը տեւեց 2-3 վայրկեան. երկրաշարժի ուղղութիւնը հիւսիսից դէպի հարաւ էր: Ցնցումն այնքան զօրաւոր էր, որ մարդիկ խանութներից եւ տներից սարսափահար դուրս վազեցին փողոցները: Ցնցումները երեք անգամ կրկնուեցին: Չնայելով, որ տներն օրօրոցի նման օրօրւում էին, բայց, բարեբաղդաբար, քաղաքս ոչինչ վնաս չունեցաւ այս պատահարից, եթէ հաշուի չառնենք մի քանի տների պատերի ճաքումն»:

Այդ օրերին «Նոր Դար» լրագրում գրվել է. «Ահա երեք օր է (յունվարի 31-ից մինչեւ փետրվարի 2-ը), որ քաղաքում պարբերաբար կրկնւում են երկրաշարժի ցնցումները, որոնք, սակայն, թոյլ ու կարճ են լինում: Փետրվարի 2-ին, երեկոյեան, աղօթողների խուռն բազմութեան ներկայութեամբ, սրբազան առաջնորդը հանդիսաւոր թափօր կատարեց երկրաշարժի առթիւ, նախախնամութեան ողորմութիւնը խնդրելու համար: Բնակչութիւնը մեծ սարսափի մէջ է եւ նրա մեծ մասը երկիւղից գիշերներն անց է կացնում քաղաքային զբօսավայրում. շատերն էլ բնակարաններից դուրս՝ պարտէզների մէջ շարժական վրաններ են խփել եւ այդտեղ են անցկացնում գիշերները: Մի երիտասարդ երկրաշարժից վախեցած լինելով վախճանուեց: Ժողովրդի սարսափն աւելի է մեծանում շնորհիւ այն հանգամանքի, որ տգիտութիւնը սանձարձակ ենթադրութիւններ ու գուշակութիւններ է անում երկրաշարժի եւ նրա վատ հետեւանքի մասին: Փետրուարի 3-ին ոչ մի ցնցում չզգացուեց. երկինքն սկսեց թխպել եւ յորդ անձրեւ տեղալ»:

Նույն տարվա փետրվարի 25-ին, գիշերվա ժամը 1-ին կայացած երկրաշարժի մասին նշվել է. «Դարձեալ զօրեղ ցնցում զգացուեց, որը տեւեց մօտ մի վայրկեան: Ցնցումն ուղղուած էր հիւսիսից հարաւ: Բարեբաղդաբար ոչինչ վնաս չպատահեց: Չնայելով, որ մինչեւ օրս էլ պարբերաբար կրկնւում են ցնցումները թոյլ կերպով, բայց կարծէք բնակչութիւնը վարժուել է այդ բանին եւ այնքան էլ երկիւղ չի կրում: Վերջին ցնցումը, սակայն, մի քիչ երկիւղի մէջ գցեց բնակչութիւնը»: Այդ օրերին նաեւ «Մշակն» է գրել. «Երկրաշարժի հարուածները դեռ շարունակվում են մեզանում. կիրակի, կէս գիշերին, երկու զգալի ցնցում տեղի ունեցաւ. երկուշաբթի երեկոյեան 8 ժ. եւ 10 ր. եւ 8 ժ. 30 ր. կրկնվեցին ցնցումները: Զգալի վնաս չէ երեւում: Երկիւղ եւ սարսափ – ահա շուշեցիների դրութիւնը, մանաւանդ կանանց եւ երեխաների համար»:

1907թ. հունվարի 6-ին, գիշերվա ժամը 1-ն անց կեսին Շուշիում զգացվել է ուժեղ երկրաշարժ, որ տեւել է մի քանի վայրկյան:

1910թ. նոյեմբերի 21-ին, երեկոյան ժամը 5-ն անց կեսին, եղել է սաստիկ երկրաշարժ: Շատերը տներից դուրս են փախել: Շինությունները չեն վնասվել:

1916թ. մայիսի 1-ին, ճաշից հետո՝ ժամը 4-ին, զգալի է եղել երկրաշարժի ուժեղ ցնցում, որը տեւել է մի քանի վայրկյան: Նշվել է, որ «դռները, լուսամուտները եւ առաստաղը ճռճռում էին, իսկ յատակը ոտի տակ ցածանում ու բարձրանում: Ասում են, որ տներ կան ճաքճքոտւած»: Նաեւ նույն տարվա հոկտեմբերի 28-ին, գիշերվա ժամը 10-ին զգացվել է բավական ուժեղ երկրաշարժ:

1924թ. փետրվարի 19-ին, ժամը 7-ն անց 1 րոպեին Ղարաբաղում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը Շուշիում եղել է 7 բալ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

Հին լուսանկարներ` Շուշիից

«Առավոտ» օրաթերթ
24.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031