Արցախյան ու հետպատերազմյան թեմաներով Փաշինյանի արդարացման ճիգերը տապալված են
Ղարաբաղյան թեման, պարզվում է, իշխանության համար ոչ թե արցախցիների ապագայի հստակեցման, նրանց անվտանգության ապահովման կարեւոր քննարկումների ու որոշումների դաշտում գտնվող հարց է, այլ ընդամենը՝ «նախընտրական» թեմա՝ անլրջության հերթական դրսեւորումներով: Իր իսկ կողմից հունիսի 20-ը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելուց հետո, Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին այցելեց Արագածոտնի մարզի համայնքներ, որտեղ արցախյան պատերազմի հանգամանքներին անդրադարձավ:
Փաշինյանը ընդդիմախոսներին եւ հասարակությանն, այսպիսով, ցույց է տալիս, որ իրեն ուղղվող ամենաուժգին քննադատության թեմաներից մեկով էլ կարող է «նախընտրական» պայքար տանել, դարձյալ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները ներկայացնելով որպես նախկինների մեղք:
«…նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցն իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձեւը։ 1998 թվականին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ իրենք միանշանակ մերժում են Ղարաբաղի հարցի կարգավորման, այսպես ասած, փուլային եւ պարտվողական տարբերակը։ Բայց 20 տարի շարունակ նրանք բանակցել են հարցի կարգավորման փուլային լուծման շուրջ, չեն մոռացել իրենց այդ դիրքորոշումը, եւ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային այն փաստաթուղթը՝ հարցի լուծման փուլային տարբերակը, որը իրենք մերժում էին, վերնագրված էր հետեւյալ կերպ՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին»։ Նրանք փուլային տարբերակի մերժմամբ եկել են իշխանության, բայց բանակցային գործընթացը հասցրել են մի տեղ, որը վերնագրված էր այդպես: Բայց մի նրբություն էլ կա այստեղ՝ նրանք 20 տարի մերժում էին այդ տարբերակը եւ մինչեւ 2018թ. բանակցել են դրա շուրջ։ Խորամանկություն էլ են արել, իբր մեծ դիվանագիտական հաջողության էլ են հասել՝ վերնագրերից, տողերից մեկի մեջ գրել են, որ սա փաթեթային լուծում է։ Եվ ինչի՞ մասին է եղել այդ բանակցային գործընթացը. եթե շատ մանրամասն եւ ընդարձակ ասենք, կարող է պարզվել, որ վերջին 20 տարին եւ 2018թ. դրությամբ բանակցային բովանդակությունը, ըստ էության, եղել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերականգնման մասին»:
Կարդացեք նաև
Փաշինյանը դարձյալ նշում է, որ բանակցային գործընթացը բերվել է մի հանգրվանի, որը՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում վերականգնելու բովանդակություն է»։
Արդեն բազմաթիվ անգամ Փաշինյանի իշխանությանը հակադարձել են, հիշեցրել են, որ նա էլ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության գալուց հետո, նախ նշում էր, որ ադրբեջանական կողմի հետ ոչինչ չի բանակցում, ապա՝ խոստանում էր՝ «իր սեփական կետից է բանակցում» եւ «ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է»: Բազմաթիվ անգամներ նշվել է, որ Հայաստանի ու Արցախի հասարակությանը, որոնց խոստացել էր՝ գաղտնի ոչ մի համաձայնության չգալ, չի ներկայացվել բանակցային պատմության այդ «ճշմարիտ» էջերի մասին, որոնք անշրջելի են եղել, փաստորեն, ըստ Փաշինյանի, բայց որոնց շուրջ ինքը բանակցություններ, այնուամենայնիվ, վարել է Ադրբեջանի հետ:
Հիմա հեշտությամբ կարելի է նախկիններին մեղադրել. «Այն ժամանակ, երբ մերժվածը կանգնում եւ ասում էր՝ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, մարդիկ ասում էին՝ ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ՞՝ որտեղ է բերել-հասցրել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին, փակ են այդ թղթերը, բայց ինքը գիտեր։ 2018թ. մայիսից, ես դեռ մեկ շաբաթ է՝ վարչապետ եմ, իրենք արդեն սկսում են, ասում են՝ եկել է, հողերը հանձնի: Ես դեռ չեմ էլ հասցրել, այդ թղթերն իմ սեղանին չեն էլ հայտնվել, նրանք ասում են՝ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ՝ գիտեն չէ,՞ իրենք որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»,-ասում է Փաշինյանը:
Սա մեղմացուցիչ հանգամա՞նք է Փաշինյանի համար, եթե Հայաստանի նախկին երեք նախագահները, այսպես ասած՝ գործի բերմամբ, ավելի տեղեկացված էին բանակցային գործընթացի նրբություններից, տիրապետում էին գործընթացին: Այո, հայկական կողմերին ներկայացվել են կարգավորման մի քանի տարբերակներ, դրանցից որոշները նույնիսկ հրապարակվել են հայաստանյան մամուլում: Բայց այդ տարբերակները մերժվել են ադրբեջանական կողմից:
Ամենակարեւոր նրբությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը, մի առիթով հստակ հայտարարեց, որ Փաշինյանի իշխանության տարիներին կողմերին ներկայացվել է կարգավորման «փուլային տարբերակ», թեեւ հայկական կողմը շարունակ պնդում էր, որ առարկայական բանակցություններ չի վարում Ադրբեջանի հետ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն անմիջապես ծավալուն հակադարձեց Փաշինյանի նշյալ ելույթին: «Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020թ. ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ եւ միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռեւս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոլորեցնող եւ անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին. Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը, քանզի դա իրականություն էր, որը ՀՀ ապազգային իշխանությունները թաքցնում էին սեփական ժողովրդից Հայաստանում եւ Արցախում: Սա ստերի շարքից հերթականն էր, ցավոք:
Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր եւ պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ ՌԴ ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «…հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները եւ մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։
Ամբողջ խնդիրն այն է, որ մինչեւ 2018թ. Ադրբեջանը մշտապես միջազգային հանրության աչքում երեւացել է որպես ապակառուցողական կողմ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարություններով արձանագրված սկզբունքներին ու պահանջներին դեմ է գնացել: Եթե մինչեւ 2018թ. փորձագիտական, լրագրողական դաշտը կարողանում էր ադրբեջանական կողմին մեղադրել այն բանում, որ Ալիեւը ոտնահարում է Մադրիդյան սկզբունքները, արհամարհում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները, որոնցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթներ էին ներառված, ապա 2018թ. իշխանափոխությունից հետո այս օրակարգն ուղղակի վերացավ, որը ձեռնտու էր բացառապես ադրբեջանական կողմին:
Հայկական կողմի համար այդ նպաստավոր իրավիճակը 2018-ից հետո պարզապես անհետացավ, ու ստեղծվեց մի մթնոլորտ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը դարձավ, կարծես, միակ ուղի՝ ԼՂ խնդիրը «լուծելու» ճանապարհին, ինչն էլ իր հերթին հող նախապատրաստեց միջազգային հանրության կողմից չեզոք, նույնիսկ՝ անտարբեր դիրքորոշմանը 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ի՞նչ է հիմա ասում Նիկոլ Փաշինյանը, որ՝ էականն ապագայի մասին խոսակցությունն է. «Իսկ իրողությունը հետեւյալն է՝ մեր ժողովուրդը, մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք: Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետեւյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, եւ մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է: Եվ ի՞նչ պետք է արձանագրենք՝ առաջինը, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձեւով կառավարվի: Որովհետեւ սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ ունենք, եւ ուրիշներն էլ ունեն: Հետեւաբար, քանի մեզ են համարում թշնամի՝ մենք ենք համարում թշնամի, քանի մենք ենք համարում թշնամի, մեզ են համարում թշնամի… Հաջորդը՝ պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Եվ ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, թե լավ, ի վերջո, մեր տղերքն ինչի՞ համար զոհվեցին: Ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետեւ Ադրբեջանի պլանը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս դա գիտենք, չէ՞: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, եւ ուզում եմ ասել՝ մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ»:
Փաշինյանն ադրբեջանական իշխանությունների ու հասարակության մոտ հայերի հետ խաղաղ ապրելու մղում տեսնո՞ւմ է: Եթե այո, ինչո՞ւ են մեր գերիները, ավելի ճիշտ՝ պատանդները մինչ օրս պահվում Ադրբեջանի բանտերում: Իհարկե, թե՛ Թուրքիայի իշխանավորները, թե՛ Ադրբեջանի նախագահը «մեծահոգաբար» երբեմն թույլ են տալիս Հայաստանին կիսաուղերձներ հղել նման տոնայնությամբ՝ «եթե ձեզ խելոք պահեք, կթողնենք բացվող հաղորդակցության ուղիներից օգտվել»: Այսպե՞ս է խաղաղություն հաստատվելու տարածաշրջանում…
Բացի այդ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի, ավելին՝ Փաշինյանը Արագածոտնի մարզում իր ելույթում էլ արձանագրեց, որ՝ «Ղարաբաղի հարցը լուծված չէ»: Իսկ ինչո՞ւ են լռում այդ մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, ինչո՞ւ չեն հստակ խոսում այս մասին: Ռուսական կողմը միայն մի առիթով հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակը չի հստակեցվել, բայց հիմա դրա ժամանակը չէ, դա ապագայի հարց է: Այսինքն, հայկական կողմի դիրքորոշումը աջակցող դիրքորոշում գոյություն չունի: Սա էլ իր հերթին վկայում է այն մասին, որ հայկական կողմի դիրքերը հիմա էլ՝ պատերազմից հետո, ավելի թույլ են, քան՝ մինչեւ 2018թ.:
Ի՞նչ է առաջարկում Փաշինյանն այս իրավիճակում, պատասխանը հետեւյալն է՝ «պետք է առաջ գնանք»: Նա ասում է. «Այդ առաջ գնալու ձեւն այն է, ինչ այսօր գտնվում է քննարկումների փուլում: Դա մեր տարածաշրջանային կոմունիկացիաների եւ ճանապարհների բացումն է: Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է: Եթե որեւէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որեւէ մեկը կասի, որ կոմունիկացիաների հարցը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք:
Կոմունիկացիաների բացումը, առավելեւս այս իրավիճակում, ձեռնտու է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին: Եվ, իհարկե, այս քննարկումներում շատ են լինելու շահարկումներ: Բայց, ի վերջո, իմ ասած դարավոր հարցի լուծումը՝ ոչ թե լուծումը, այլ գոնե որեւէ քայլ այդ ուղղությամբ պետք է լինի այդ կոմունիկացիաների բացումը: Որովհետեւ դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետեւ նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջեւանի հետ, եւ ձեռնտու է Հայաստանին, որովհետեւ մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիոն եւ ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրի կետերից մեկում անդրադարձ կա տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերին, որում ասվում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Եռակողմ հայտարարության նշյալ կետի վերաբերյալ, ցավոք, որեւէ վստահություն չկա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապահով ապրելու են, եթե այս կետով նախատեսված դրույթները կյանքի են կոչվում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ի՞նչ ենք մենք լսում պարբերաբար… Իլհամ Ալիեւը պահանջում է ավտոճանապարհային, երկաթուղային «միջանցքներ» Սյունիքում, այսինքն՝ Հայաստանի վերահսկողությունից դուրս: Ավելին, Նախիջեւանի հետ «ձեռնտու» կապը Ալիեւը ձգտում է հաստատել՝ ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հաշվին։ «Զանգեզուրի միջանցք» եւ Ադրբեջանի «պատմական տարածք» ձեւակերպումները Ալիեւի կողմից պատահակա՞ն են ասվում: Բանը հասել է նրան, որ Ալիեւն արդեն այլ պետությունների է հրավիրում «օգտվել այդ միջանցքներից»:
Տարածաշրջանում կոմունիկացիաների եւ ճանապարհների բացմանը, եւ առհասարակ՝ հայ-թուրքական սահմանի բացմանը, կարծես, ոչ ոք դեմ չի էլ եղել: Ընդհակառակը, մշտապես, արձանագրվել է, որ օրինակ՝ Թուրքիան ԼՂ խնդրի պատճառով թշնամական գործողություն է իրականացնում՝ Հայաստանի հետ սահմանները փակելով ու Հայաստանը շրջափակման մեջ պահելով: Սակայն այսօր ստեղծվել է մի մթնոլորտ, որ իշխանությունները՝ չունենալով ԼՂ խնդրի վերջնական կարգավորում եւ խաղաղության համաձայնագիր, չունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ, հաղորդակցության ուղիները պատրաստ են բացեն, որպեսզի ցույց տան մեր հասարակությանը, թե տնտեսական ինչ հնարավորություններ կարող են բացվել:
Այսինքն, պատերազմը դադարեցվեց ոչ թե նրա համար, որպեսզի կողմերը վերջնական համաձայնության գան, խաղաղության պայմանագիր ստորագրեն, որով էլ կհստակեցվի ԼՂ կարգավիճակը, այլ ընդամենը նրա համար, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան իրագործեն իրենց կոմունիկացիոն «երազանքնե՞րը», մեզ էլ այդ գործընթացներից հնարավորություն տրվի օգտվե՞լ…
Սրա՞նք են լինելու արցախյան, հետպատերազմյան թեմաներով Փաշինյանի «նախընտրական» թեզը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.03.2021