Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծառուկյանի «քաղաքավարության ժեստը»՝ նվիրված Փաշինյանին

Մարտ 25,2021 15:00

Իվետա Տոնոյանի բացատրությունները, թե ինչու են հարթակից Փաշինյանին դավաճան ասում, հետո այդ «դավաճանի» ձեռքը սեղմում
ու համագործակցում:

«Քաղաքական այն ուժերը, որոնք համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ, այնտեղ բարձրագոչ ճառեր են ասում՝ հայրենիքը կարիք ունի, փրկենք… չգիտեմ ինչեր անենք ու մյուս կողմից գնում ու Փաշինյան Նիկոլի ձեռքն են սեղմում, ավելի վատն են, քան Փաշինյան Նիկոլը»,- Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ այսպիսի հայտարարություն էր արել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Առավոտը» այս առնչությամբ զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ: Հարցին՝ ձեր քայլը ընդդիմադիր հարթակում չի ընդունվում, ձեզ ավելի վատն են համարում, քան Փաշինյանն է, արդարացում ունե՞ք՝ նա պատասխանեց. «Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի հետ չկա որեւէ համագործակցություն: Չգիտեմ տիկին Հովհաննիսյանը ի՞նչ համատեքստում է այդ հայտարարությունն արել, բայց վստահեցնում եմ, որ չկա որեւէ համագործակցություն իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչ վերաբերում է ընտրություններին գնալու ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի որոշմանը, դեկտեմբերին, երբ քննարկվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հարցը, խորհրդարանական մեծամասնությունը տարածեց հայտարարություն, թե խորհրդարանական ընդդիմությունը մերժում է արտահերթի հնարավորությունը, եւ, բնականաբար, ենթատեքստով գնում էր նաեւ այն թեզը, թե ընդդիմությունը ուրեմն վստահ չէ սեփական ուժերի վրա ու դրա համար են մերժում այդ օրակարգը: Այնինչ ընդդիմությունը չէր մերժում, պարզապես նշում էր, որ թիվ մեկ նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եւ ժամանակավոր պաշտոնակատարի դիրքում չլինելու հանգամանքը: Մենք տվել ենք ընդամենը իշխանություններին խորհրդարանական արտահերթ ընտրություն անցկացնելու հնարավորություն, որով, բնականաբար, մեր երկրում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Մեր միակ ակնկալիքը սա է, որ ընտրությունների միջոցով սահմանադրական ճանապարհով մեր խելամիտ ազգաբնակչության խելամիտ որոշման արդյունքում երկրում տեղի կունենան փոփոխություններ»:

Հարցին՝ դուք հարթակում կանգնում ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, «10 հազար երեխու գլուխ է կերել», հետո Գագիկ Ծառուկյանը գնում ու այդ մարդու ձեռքն է սեղմում, եթե դավաճան է, դավաճանի ձեռքն ինչո՞ւ եք սեղմում՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մի րոպե, ի՞նչ եք առաջարկում: Ձեռք սեղմելը դա քաղաքավարության ժեստ է, էթիկայի նորմերից է բխում»: Դիտարկմանը, որ քաղաքականության մեջ ձեռքսեղմումը զուտ քաղաքավարություն չէ՝ Տոնոյանը արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում, կներեք: Ինչքան էլ հիմա զուգահեռ նախընտրական գործընթացներին շարունակվի փողոցային պայքարը եւ մեր հանրության ու քաղաքական ուժերի մի մասն իրենց բողոքն այդպես արտահայտեն, ինչպե՞ս կարող է հավերժաբար այսպես շարունակվել այս գործընթացը: Մենք ընդամենը իշխանություններին ընձեռել ենք հնարավորություն խորհրդարանական ընտրությունների ճանապարհով իրականացնել երկրում փոփոխություն: Իսկ մնացած բարոյական հարթության հարցերը եկեք ես անձնական իմ դիրքորոշումը վերահաստատեմ՝ բոլոր այն հայտարարությունները, որոնք ես արել եմ նախորդիվ, մնում են ուժի մեջ: Եթե պետք լինի՝ հարյուր անգամ ես կարող եմ վերահաստատել»:

Դիտարկմանը, որ սա միայն բարոյական հարց չէ, քաղաքական ուժը պետք է սկզբունք ունենա, ասում եք՝ այլ ճանապարհ իշխանափոխության ըստ էության չի եղել չէ՞, դրա համար եք գնացել իշխանություններին ընդառաջ, իսկ հնարավոր չէ՞ր, որ ընդդիմադիր քաղաքական ուժն այնքան վստահություն ունենար իր ընտրազանգվածի մոտ, որ կարողանար ահռելի մեծ հանրություն տաներ իր հետեւից, ոնց որ Փաշինյանն արեց հեղափոխության ժամանակ ու օրվա իշխանությունը տեղի տվեց՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ոչ, երիցս ոչ: 2018-ին ՀՀ-ում 5000 ընտանիքներում սուգ չէր: Ամեն փողոցում 15 երեխայի անունով սեւ ժապավեններ փակցրած չէին, 10 հազարից ավելի ընտանիքներում հաշմանդամ եղած երեխաներ չկային: Սա դասական առումով իշխանափոխություն ենթադրող գործընթաց չէր: Միգուցե դասական քաղաքականության նորմերին հակասող որոշումներ է պետք ընդունել»:

Տոնոյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններով երկրում իրավիճակ է փոխվելու: Հարցին՝ իսկ վստա՞հ եք, որ իշխանությունը չի վերընտրվելու, որովհետեւ ասում են՝ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ունի այսօր քաղաքական դաշտում եւ վերընտրվելու մեծ շանսեր ունի՝ Տոնոյանը պատասխանեց. «Բարձր վարկանիշ ունենալու հետ կապված ես ունեմ շատ լուրջ վերապահումներ՝ հաշվի առնելով թեկուզ այն փաստերը, որոնք տեսնում եմ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող մարզային այցելությունների ժամանակ: Մենք բոլորս տեսնում ենք, որ երեխաներ են մասնակցում այդ հավաքներին: Կամ Մարտի 1-ին տեսանք, թե Հանրապետության հրապարակում ինչ վարչական ռեսուրս կիրառվեց: Ես կարծում եմ, որ մեր ազգաբնակչությունն ունի բավարար չափով գիտակցություն, որ հունիսի 20-ին գնա եւ ընտրի այն ուժին, որին վստահում է»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն ինքնաոչնչացված է, ո՞ւմ համար է նորություն, որ ընտրակաշառքով ընտրված քաղաքական ուժ է, սուտ է խոսել ժողովրդի առաջ եւ այլն, այս ընտրություններին ո՞նց եք մասնակցելու, որ այս ամենը չկրկնվի, հիմա ընտրակաշառք բաժանելո՞ւ եք, թե՞ չէ՝ Տոնոյանը պատասխանեց. «Սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները բացարձակ հիմնազուրկ են եղել: ԲՀԿ-ն երբեւէ ընտրակաշառք չի բաժանել եւ բնականաբար չի բաժանելու, որովհետեւ նույն նախորդող ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո բազմաթիվ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են հազարավոր մարդիկ, որոնցից որեւէ մեկի մասով որեւէ փաստացի հիմնավորում չի եղել: Եվ մենք հասկացանք, որ այս ամբողջ գործընթացն ընդամենը քաղաքական հետապնդման արդյունք էր, հետեւանք՝ պարոն Ծառուկյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցված քննադատության: Այնպես որ, ԲՀԿ-ն իր ամբողջ ներուժով մասնակցելու է ԱԺ ընտրություններին ու այն պլատֆորմով, որով նախատեսում է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031