Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդավայրում համեստ, իսկ թշնամու մոտ ահուսարսափ առաջացնող փոխգնդապետը

Մարտ 24,2021 23:35

Աշոցքի Զույգաղբյուր գյուղում ծնված փոխգնդապետ Մանվել Կարապետյանին համագյուղացիները հիշում են որպես համեստ անձնավորության, որը երբևէ ցույց չէր տալիս իր բարձրաստիճան զինվորական լինելը։ Բայց միևնույն ժամանակ զույգաղբյուրցիները լավ գիտեին, որ թշնամին դողում է նրանից, բառի իսկական իմաստով ահուսարսափ է տարածում։

31-ամյա փոխգնդապետը 12 տարի շարունակ ծառայել էր Արցախում՝ սկզբում Մատաղիսում, այնուհետ՝ Թալիշում։ Մանվել Կարապետյանն Արցախի զորամասերից մեկի փոխհրաձգային գումարտակի հրամանատար էր։ Ունի երկու դուստրեր՝ 5 և 3 տարեկան։ 2014 թվականին ամուսնանալուն պես՝ հարսանիքից մեկ ամիս անց, կնոջն էլ տարել էր Արցախ։

Հայրը՝ Արծրուն Կարապետյանն ասում է, որ նա այնքան սիրեց Թալիշը, որ էլ երբեք չմտածեց վերադառնալու մասին, թեև տարբեր առաջարկներ կային։

Հենց այնտեղ էլ կնքեց մահկանացուն՝ պատերազմի երկրորդ օրը։ Մանվել Կարապետյանը մահացել էր դիպուկահարի կրակոցից, երբ ընկերոջ դին էր իջեցնում դիրքից։

«Հեչ չէիր ասի փոխգնդապետ տղա է, շատ հասարակ էր։ Ասում էի՝ մեկ-մեկ զինվորական շորերով արի էլի, ծիծաղում էր, թե վերջացրու, պա։ Հենց գալիս էր, ուշքումիտքը զինվորներն էին»-ասում է հայրը։

Արծրուն Կարապետյանը պատմում է , որ որդուն զինվորական դառնալու առաջարկ արել էր հենց ինքը, որդին էլ սիրով ընդունել էր՝ ասելով՝ հետդարձի ճանապարհ չկա։

«12 տարի Թալիշում ապրեց, կյանքը տվեց Թալիշին ու չհեռացավ այնտեղից, շատ առաջարկներ եղան, չեկավ։ Ամեն անգամ ասում եմ՝ մեզ չխղճացիր, գոնե էրեխեքիդ խղճայիր, կյանքդ տվեցիր սաղի երեխեքի համար, բա քո էրեխեքը․․․»,-մղկտում է հայրը։

Մանվել Կարապետյանի կինը՝ Վիկտորյա Հովհաննիսյանն էլ պատմում է, որ Մատաղիսի սպաների շենքում տուն էին ստացել, խաղաղ, հանգիստ ապրում էին մինչև սեպտեմբերի 27-ը։

«Ավելի ճիշտ ամսի 25-ից էր ամեն ինչ պարզ, բայց մինչև վերջ մնացինք էնտեղ։ 7 ժամ մնացինք ապաստարաններում, հետո ծայրահեղ վիճակում դուրս եկանք այնտեղից։ Մեծ երեխաս շատ չի արտահայտվում, բայց փոքրն անընդհատ հարցնում՝ ինչի՞ չենք գնում մեր տուն, ինչի՞ պապան չի գալիս, մեզ տանի։

Մենք, որ Արցախում էինք, Մատաղիսում տեսարժան վայրեր քիչ կային, գնում էինք Թարթառ գետի ափին, այնտեղ էինք նստում։Հիմա երեխան հիշում է, ասում է՝ ինչի՞ չենք գնում գետի ափի, ինչի՞ պապան չի գալիս, որ գնանք էնտեղ։

Զինվորների հետ շատ էր կապված, վեց սերունդ զինվորներ էր ճանապարհել տուն, երկու պատերազմ է տեսել։ Ընդամենը 30 տարեկան էր, բայց շատ երկար, դժվարին կյանքն է անցել։ Հագեցած էր իր առօրյան, մի շաբաթ շուտ իր գրաֆիկն արդեն կազմված էր։ Ինքը հենց սպա էր ծնված, սպան իր մեջ էր,այնքան նվիրյալ սպա էր, նվիրյալ հայր ու իդեալական ամուսին»,- ասում է կինը։

Վիկտորյան պատմեց, որ ամուսինն ամսի 27-ի առավոտյան արագ հագնվել ու առանց հաջող ասելու՝ շտապ հեռացել է։

«Մեր դիմացի շենքի վրա արկ գցեցին, հազիվ են փրկվել, ձայնը որ եկավ, ես մենակ էի։ Մանվելն արդեն գնացել էր, ռացիայով իր կապ տվեցին, ինքը գնաց ՝ չկարողացավ ո՛չ ինձ, ո՛չ երեխեքին հաջող անել, դա իրենից չէր։ Ինքն ամեն գործից գնալուց հաջող պիտի աներ, հետ գալուց էլ պարտադիր պիտի հարցներ՝ ո՞նց անցավ ձեր օրը։ Ինքն իր օրից չէր սիրում խոսել, բայց մերը պարտադիր հարցնում էր։

Ու էդ օրը մի բաժակ սուրճ խմեց ու գնաց։ Ավտոմեքենայի ձայնից տեղյակ եղա, որ գնաց։ Փոքր աղջիկս շուտ էր արթնացել, տարա, որ անկողնու մեջ դնեմ, արկը ընկավ, եթե վեց տարի էնտեղ ես ապրել, տեղյակ ես՝ դա ինչ ձայն է։ Վայրկյաններ անց երեխեքին վերցել եմ, իջել ապաստարան, փորձեր եմ արել տուն բարձրանալու, բայց էնպես էր խփում, որ սարսափելի էր։ Եթե հնար լիներ, կբարձրանայի տուն, առաջինն ամուսնուն մեդալները կվերցնեի։

Նկուղի պատուհանից տեսնում ես, որ վիրավոր մարդ կա գետնին ընկած ու չես կարողանում գնաս, արնաքամ է լինում։ Մեր շենքերի մոտ խանութ կար, էդ խանութի վաճառողն էր, դուրս էր եկել, արկ էր կպել իրեն, ոտքն էր վնասվել, ոչ մեկը ռիսկ չէր անում, որ օգնություն ցույց տար։

Չգիտեմ, երևի ողջ կյանքս էդ հիշողությունները թարմ են մնալու, դրանք ջնջվելու բան չեն։ Հիմա որ մարդիկ հիշում են 80-ականի երկրաշարժը ՝ վայրկյանները, ժամերը, պահերն ապրում են, էդ նույնը իմ մոտ է։ Սկզբնական շրջանում երեխեքն էլ շատ լարված էին, մի թեթև ձայն, մտածում էին՝ նույնը կրկնվում է, յոթ ժամ կրակի տակ մնալը հաստատ հեշտ չէ՝ սոված, ծարավ, գիշերանոցներով»,-ասում է հերոսի այրին։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանով փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանին հետմահու պարգևատրեցին «Մարտական խաչ» առաջին շքանշանով»։

Այն այսօր հարազատներին փոխանցեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031