Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս․ «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա է մեր ուժը»

Մարտ 24,2021 23:23

ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 24-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Հովհաննես, լավ մարզավիճակում ես գտնվում և մշտապես խաղում «Անորտոսիսի» կազմում։ Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա խաղերից։

-Ճիշտ է, լավ մարզավիճակում եմ գտնվում։ Պատրաստվում եմ ողջ ուժերս ներդնել առաջիկա հանդիպումներում, որպեսզի ունենանք հնարավոր լավագույն արդյունքը և ուրախացնենք երկրպագուներին։

-Դատելով տեսանյութերից՝ հավաքականում հիանալի ընկերական մթնոլորտ է։ Ըստ քեզ՝ որքանո՞վ այդ համախմբվածությունը կարող է նպաստել դրական արդյունքներին։

-Հավաքականում, իսկապես, շատ լավ մթնոլորտ է։ Անգամ դաշտում վերջին երկու խաղերին ցույց տվեցինք, որ չնայած լուրջ կորուստներին՝ այս համախմբվածությունը կարող է մեզ լավ արդյունքի բերել։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները ԱԱ 2022-ի ընտրական փուլում։ Խումբը հաղթահարելի՞ է։

-Հայտնվել ենք բարդ խմբում, սակայն պետք է փորձենք անել ամեն ինչ՝ մեր խաղը բարելավելու և լավ արդյունքներ գրանցելու համար։ Վերջում արդեն պարզ կլինի, թե որ տեղը կզբաղեցնենք խմբում։

-Պարոն Կապառոս, ի՞նչ կարծիքի եք հավաքականի նորեկների մասին և արդյո՞ք աչքի տակ էլի նորեկներ ունեք արտերկրից և Հայաստանի առաջնությունից։

-Այն տղաները, ովքեր համալրել են հավաքականի շարքերը, շատ մեծ խանդավառությամբ են միացել մեզ։ Եկել են պաշտպանելու մեր երկրի պատիվը։ Մենք հույս ենք կապում բոլոր այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Յուրաքանչյուր մրցափուլում հետևում ենք նրանց։ Նախորդ մրցաշրջանում կային ակումբներ, որոնց կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր խաղում։ ՀՖՖ կողմից սահմանած սահմանափակումներով պայմանավորված՝ յուրաքանչյուր խաղին մենք խաղադաշտում տեսնում ենք նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստի։ ՀՖՖ-ն զուգահեռաբար հետևում է նաև արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, և նրանք մեծ ցանկություն ունեն համալրելու մեր շարքերը։

-Ի՞նչ մարզավիճակում է Սարգիս Ադամյանը, որքանո՞վ է պատրաստ մեր ֆուտբոլիստը հավաքականի առաջիկա խաղերին։

-Նա գտնվում է ֆիզիկապես լավ մարզավիճակում է, նաև շատ լավ է մարզվում իր թիմում։ Չնայած այն փաստին, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում, մենք խոսում ենք Բունդեսլիգայի մասին, որտեղ պահանջները բավական բարձր են։

-Հայերին հաճախ համեմատում են իսպանացիների և իտալացիների հետ։ Կցանկանայինք, որպեսզի անցկացնեիք զուգահեռներ․ ինչո՞վ են նմանվում և տարբերվում հայերն ու իսպանացիները։ Նշեք թե ֆուտբոլային, թե մտածելակերպի հատկանիշներ։

-Կարծում եմ, որ կյանքում պետք է իրատես լինել։ Խոսքը գնում է 2 հավաքականների մասին, ովքեր դարձել են աշխարհի չեմպիոն, և որոնց ներքին առաջնություններն աշխարհում լավագույններից են։ Այդ իսկ պատճառով ֆուտբոլային առումով շատ բարդ է համեմատություններ անել։ Ինչ վերաբերում է մարդկային որակներին, այստեղ մեզ ոչ ոք չի կարող հաղթել։ Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա մեր ուժն է։

-Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրած բոլոր խաղերում դարձել է գոլի հեղինակ՝ անկախ առկա կադրային խնդիրներից, խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների որակներից։ Արդյո՞ք առաջիկա խաղերում գոլ խփելը լինելու է մեր առաջնահերթություններից մեկը։

-Մեր առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է։ Մենք, իհարկե, կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում լինել հավասարակշռված թիմ։

-Պարոն Կապառոս, կենտրոնական  պաշտպանի դիրքում Հայաստանի հավաքականի լավագույն ընտրությունը Հարոյան և Չալըշըր զույգն է։ Ցավոք, այս ֆուտբոլիստներից մեկի վնասվածքը կամ բացակայությունը պաշտպանության կենտրոնում լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Արդյո՞ք համամիտ չեք, որ պետք է այս դիրքում փորձել նաև երիտասարդ հայ պաշտպանների:

-Մենք նաև Տարոն Ոսկանյանի նման ֆուտբոլիստ ունենք, ով հավաքականում միշտ բարձր մակարդակով է խաղացել։ Մեզ հետ է նաև Հայկ Իշխանյանը, ով հանդես է գալիս VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բնականաբար, մենք հետևում ենք նաև երիտասարդ ֆուտբոլիստներին։ Ցավոք, Էրիկ Սիմոնյանը վերջին պահին որոշ խնդիրների պատճառով չկարողացավ միանալ հավաքականին։ 17-ամյա մի երիտասարդ, ով շատ մեծ հեռանկար ունի, և վերջին խաղերում հանդես է գալիս VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներում։ Ես շատ կուզեի, որ բոլոր այն երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս մեր ակումբներում, ունենային մշտական խաղային պրակտիկա։

-Ժիրայր Շաղոյանին՝ ազգային թիմում տեսնելն անակնկալ էր շատերիս համար։ Սակայն հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք նա միացել է թիմին փորձառություն ձեռք բերելու և թիմի հետ մարզվելու համար, թե՞ ստանալու է խաղալու հնարավորություն առաջիկա 3 հանդիպումների ընթացքում։

-Երբ հավաքական ֆուտբոլիստի ես հրավիրում, դա ենթադրում է, որ նա ունի որոշ արժանիքներ, և դու նրա հետ հույսեր ես կապում։ Մրցաշրջանի ընթացքում պարզ կդառնա՝ Ժիրոն կստանա՞ խաղաժամանակ, թե՞ ոչ։

-Քանի՞ միավորը Ձեզ կբավարարի առաջիկա 3 հանդիպումներում։

-Ես ոչ թե մաթեմատիկոս եմ, այլ մարզիչ։ Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել այստեղ։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ խաղերի մասին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031