Նախկին «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկեց բասկետբոլի Եվրասիական լիգայի խաղարկությունը, որին մասնակցում է հինգ թիմ՝ «Վահագնի Սիթին», «Դվինը», Լիբանանի «Ալ Ռիադին» եւ Ռուսաստանից Լիպեցկի մարզի «Միցուբասկետն» ու Դոնի Ռոստովից «Բարսը»:
Կայացավ երկու հանդիպում: Առաջինում «Ալ Ռիադին» 81: 78 հաշվով առավելության հասավ «Բարսի» նկատմամբ, իսկ «Վահագնի Սիթին» 100: 88 հաշվով պարտության մատնեց «Միցուբասկետին»:
Այսօր ցերեկը հրավիրված մամուլի ասուլիսում VBET Եվրասիական լիգայի ատենապետ, Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը ասաց, որ ավելի մեծ թվով ակումբների մասնակցության ակնկալիք կար, սակայն կապված համավարակի հետ, նրանց մի մասը, որ նախապես մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել, չկարողացավ ժամանել Հայաստան: Այդուհանդերձ, պարոն Պողոսյանը նշեց, որ այս մրցաշարում ֆավորիտներ չկան, գրեթե հավասար խաղամակարդակ ունեցող թիմեր են, ինչը պայքարն ավելի հետաքրքիր կդարձնի եւ, որ, թերեւս, ամենակարեւորն է, կնպաստի Հայաստանում սիրված բասկետբոլ մարզաձեւի էլ ավելի մասսայականացմանը եւ տարածմանը:
Կարդացեք նաև
Մյուս ակումբների ներկայացուցիչները վստահեցրին, որ եկել են պատվավոր գավաթը նվաճելու հույսով: Aravot.am-ի հարցին, թե տարածաշրջանում լարված իրավիճակը իրենց չի՞ անհանգստացնում, հյուրերը պատասխանեցին, որ չէին կարող բաց թողնել Երեւանի նման գեղեցիկ քաղաք ժամանելու հնարավորությունը, որ իրենց հետաքրքրում է միայն բասկետբոլը եւ այն, որ այս մրցաշարը նաեւ իրենց համար մրցափորձի կուտակման լավ առիթ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ