Ըստ մամուլի հրապարակումների՝ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականներով Սյունիքի մարզի համայնքապետարաններում է։ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Սիսիանի ու Մեղրիի քաղաքապետերը հաստատեցին, որ մեկ ամսով ծառայությունը պետք է ստուգումներ իրականացնի իրենց մոտ։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը նշեց, որ ըստ հանձնարարականի՝ ստուգելու են սկսած 2016թ–ից մինչեւ օրս եղած փաստաթղթերը։ Սարգսյանը չցանկանալով քաղաքականացնել թեման՝ նշեց, որ ստուգումների մեջ վատ բան չի տեսնում։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեր հեռախոսազրույցում ասաց, որ ՊՎԾ-ն առաջին անգամ է ստուգումներ անցկացնում իրենց համայնքում։ «Ստուգումներից վատ բան չկա, թող նորմալ ստուգեն, դա հնարավորությունն է սխալներն ուղղելու, բայց թե ինչու հենց այսօր՝ չեմ կարող ոչինչ ասել»,–նշեց Զաքարյանը։
Հիշեցնենք՝ Սիսիանի, Գորիսի, Քաջարանի եւ Մեղրիի համայնքապետերն օրեր առաջ դարձել են «Վերածնվող Հայաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ, որի նախագահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, Սյունիք նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։
Կարդացեք նաև
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ ՊՎԾ–ն այսօր իրենց չի այցելել։ «Այլ բան այս պահին չեմ կարող ասել, երբ կգան՝ կտեղեկացնեմ»,–ասաց նա։
Քաջարանի քաղաքապետի հետ Aravot.am-ին չհաջողվեց կապ հաստատել։ Նրա բջջային հեռախոսահամարն անընդհատ զբաղված էր։
Ի դեպ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը նույնպես հաստատեց, որ ՊՎԾ–ն իրենց մոտ էլ է ստուգումներ անցկացնում։ Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ինքն էլ է «Վերածնվող Հայաստան»-ի անդամ՝ Փարսյանը հերքեց։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ