Մարտի 24-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երկրորդ նիստը։ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ Եվրոպական Միություն կողմից՝ ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Սուսաննա Ասպիրոզը։
Նիստի ընթացքում կողմերը հաստատել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները, քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ամրագրված «Շամպայն» և «Կոնյակ» աշխարհագրական նշումների վերաբերյալ դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակը:
Կողմերը ներկայացրել և քննարկել են նաև աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական զարգացումները, աշխարհագրական նշումների ցանկերի փոփոխությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին առնչվող հարցեր։ Այնուհետև ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Կարդացեք նաև
2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։
Աշխարհագրական նշումների ենթակոմիտեն ստեղծվել է Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն