«Երկու ասածներիս միջեւ հակասություն չկա պարզ պատճառով։ «ՍՈՒ-30» ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, բայց այդ զենքն ունի իր ամբողջության մեջ իր հրթիռներով եւ սարքավորումներով։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ինքնաթիռների եւ տարբեր մոդիֆիկացիաների արտադրողները նույն սուբյեկտները չեն»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով քննարկման առիթ դարձած կործանիչների վերաբերյալ իր ասածներին՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ օրերս մարզային այցի ժամանակ նա ասել էր․ «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել»։ Մինչդեռ դեռեւս 2020 թ․-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը հետեւյալ «ֆեյսբուքյան» գրառումն էր արել․ «Սու 30»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։
Փաշինյանն այսպես պարզաբանեց․ «Այսինքն, նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար՝ անհրաժեշտ է լինում դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռքբերվում, այլ տարբեր սուբյեկտներից։ «ՍՈՒ-30» ինքնաթիռները ՀՀ են եկել 2020թ․ մայիսին եւ այո, իրականացրել են վարժական թռիչքներ եւ օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում ՀՀ-ում արդեն իսկ եղած են եղել զինանոցում։ Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման-չօգտագործման հետ կապված որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Այն, ինչ ասել եմ, եւ ինչ նախկինում եմ հայտարարել, մեկը մյուսին չեն հակասում։ Ցավոք, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռքբերել բոլոր անհրաժեշտ հրթիռները, որոնք «ՍՈՒ-30»-ին հնարավորություն կտային կիրառվել իր նշանակությամբ եւ հզորությամբ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ