Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքն արցախյան գոյամարտում 25 զոհ է տվել․ ունի 60-ից ավելի վիրավորներ ու չորս գերեվարվածներ։ Վիրավորների թվում կան նաև ֆոսֆորային այրվածքներ ստացածներ, որոնք երկարատև բուժման կարիք ունեն։
Զոհերից 8-ը ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներն էին, որոնք պատերազմի գույժը լսելուն պես՝ նետվել էին մարտադաշտ։ Նրանց մեքենան վառվել էր ԱԹՍ-ների հարվածից, մյուսները նահատակվել էին տարբեր մարտական իրավիճակներում։ Երկուսը ոստիկաններ էին, որոնք Շուշիի մշակույթի տան էին զոհվել։
Կարդացեք նաև
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Լևոն Կոնդյանը։
Աշոցքում լուռ սգում են, բայց հերոսների մասին երբեք ու երբեք անցյալ ժամանակով չեն խոսում։ Այստեղ յուրաքանչյուրի մասին լեգենդներ են պատմում, նշում, որ նրանց անվախ լինելը Աշոցքի հողուջրից է։
Օրինակ՝ պատմում էին, թե ինչպես էին ադրբեջանցիները Արցախի զորամասերից մեկի փոխհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանից ահուսարսափ ապրում։
19-ամյա Արթուր Արամայիսի Միրզոյանին էլ, որը ամենաթեժ կետերում է մարտնչել, լեյտենանտի կոչում էին շնորհել․ նա կարողացել էր ջոկատն անվտանգ, ապահով տեղ հասցնել։ Նրան բազմիցս առաջարկել են պատվո պահակ լինել, սակայն հրաժարվել է՝ ասելով․ «Զինվորը պիտի Արցախում ծառայի»։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանով փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանին հետմահու պարգևատրեցին Մարտական խաչ առաջին շքանշանով, իսկ շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանին Մարտական ծառայության մեդալով։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերոսների ընտանիքի անդամներին փոխանցեց մեդալները՝ այցելելով նրանց շիրիմներին ու ծաղիկներ խոնարհելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ