Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները»

Մարտ 24,2021 18:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Ազգային ժողովում ընդունվեց  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը:

Այն, որ Հայաստանին պետք էր ոլորտը կարգավորող նոր օրենք, վաղուց էր հայտնի: Դեռևս 2015-2016 թթ որպես ԿԳ նախարար օրենքի նոր նախագիծ ներկայացրել էի ՀՀ Կառավարություն, որի ընդունումը ձգձգվեց 5 տարի:

Սակայն նոր օրենքի անհրաժեշտության քողի ներքո այս տգետ և անբարոյական իշխանությունները ոլորտային խնդիրներից զատ իրականում կրթության և գիտության ոլորտները վերջնականապես ապականելու վճռական քայլ են արել:

Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները:

Ընդունված տարբերակում կառավարությունն իր թաթն է դրել բուհի կառավարման 2 կարևորագույն օղակների վրա՝ խորհրդի և ռեկտորի:

Խորհրդում 9 անդամներից 5-ը ներկայացվելու են լիազոր մարմնի ղեկավարի կողմից (հոդված 27, 3 մաս, 2-րդ կետ), իսկ ռեկտորի ընտրության, իսկ իրականում՝ նշանակման որոշումը նույնպես կայացնելու է լիազոր մարմնի ղեկավարը (հոդված 30, 1 մաս, 4-րդ կետ):

Նշված խայտառակությունը ոտնահարում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (Բոլոնիայի գործընթացի) սկզբունքները:

Ըստ միջազգային մեթոդաբանության, բուհերի ինքնակառավարումը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կառուցվածաքային ավտոնոմիա, ակադեմիական ավտոնոմիա, ֆինանսական ավտոնոմիա և կադրային ավտոնոմիա:

Տարրական գիտելիքների և բարոյականության առկայության դեպքում անհերքելի է այն արձանագրումը, որ երբ բուհի կառավարման երկու կարևոր օղակներ՝ խորհուրդն ու ռեկտորը, լինելու են լիազոր մարմնի, այն է՝ նախարարի դրածոները, խոսել որևէ ինքնակառավարման կամ ակադեմիական ազատությունների դրսևորման մասին զավեշտալի է:

Օրենքում կան բազմաթիվ այլ վիճելի և խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝ գիտությանը վերաբերող:

Այս օրենքը թաղում է բուհական համակարգը: Նախարարությունը բուհերի կոկորդից է բռնելու:

Դա կանխելու համար դեռ ֆորմալ ուղիներ կան: Արմեն Սարգսյանը կամ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դեռ շանս ունեն դիմելու ՍԴ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031