Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընտրական գործընթացներում ներգրավվածություն ունենալու համար պաշտոնից ազատված գեներալն այժմ մեղադրում է ԳՇ-ին քաղաքականությանը խառնվելու մեջ

Մարտ 24,2021 18:05

«Բանակը, եթե խառնվեր քաղաքական գործընթացներին, հիմա այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, թե ԳՇ հայտարարությամբ բանակը խառնվեց քաղաքականությանը, հիմա բոլորովին այլ վայրում կլինեին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյան

Նրա գնահատմամբ, քաղաքականությանը խառնվելու մասին բանակն անոնս չի անում: «Եթե բանակը կամ Օնիկ Գասպարյանը ցանկանային զինված հեղաշրջում անել, ապա նոյեմբերի 9-ի գիշերը եւ դրանից մի քանի օր հետո կաներ. բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ եղել է ԳՇ բունկերում: Չէր թողնի, որ բունկերից դուրս գա` կփակեր ու կմնար այնտեղ»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հայտնի հայտարարությանը միացած սպաները մտահոգություն են արտահայտել, քանի որ նրանք նաեւ ՀՀ քաղաքացիներ են, ունեն երեխաներ, եւ հավանաբար, ցանկություն ունեն, որ նրանք ՀՀ-ում ապրեն:

Բանակի`քաղաքականությանը խառնվելու մասին այս օրերին խոսեցին շատերը, այդ թվում նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: «Նախ ասեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, մեր բանակի համար խայտառակ իրավիճակ է, որ բանակը խառնվեց քաղաքականությանը: Դա չէր կարելի թույլ տալ: Մենք արդեն 30 տարվա պետություն ենք, ավելի վատ բաներ են եղել, բայց մեկ է՝ բանակը այս ձևով չի խառնվել քաղաքականությանը: Օրինակ՝ 2008 թվականին զորամասերից մարդկանց են բերել Երևան քաղաք, զինվորներ ու տեխնիկա են բերել Երևան, բայց որ բանակի ղեկավարությունը վեր կենա, քաղաքական հայտարարություններ անի, այդպիսի բաներ չեն եղել: Հիմա բանակը կաթվածահար վիճակում է, փոխանակ այս պատերազմից հետո ավելի կազմակերպվեր, ավելի թերությունները վերացներ, խառնվում է քաղաքականությանը»,- իր հարցազրույցում ասել է նախկին փոխնախարարը:

Հիշեցնենք, սակայն, որ 2008-ին, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտպանության փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանը եւ Մանվել Գրիգորյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, պատճառը հետընտրական գործընթացներում ակտիվ ներգրավվածություն ունենալն էր:

2008 թվականի փետրվարի 21-ին, Ազատության հրապարակում ընթացող հետընտրական հանրահավաքում, նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են «ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին» պաշտպանելու մասին. «Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»:

Հիշեցնենք, այդ օրերին Համաժողովրդական շարժումը հետընտրական հանրահավաքներ էր անցկացնում`վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները:

Պաշտպանության փոխնախարարները վստահեցրել են, որ իրենք համարվում են ժողովրդի անվտանգության երաշխավորը: Տեր֊-Պետրոսյանը նաեւ տեղեկացրել էր, որ բանակցություններ են վարվում ժողովրդի կողմը ներկայացնող երկու փոխնախարարների եւ իշխանությունների կողմը ներկայացնող Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի միջեւ: Առաջին նախագահը չէր մանրամասնել`ո՞վ է լիազորել երկու գեներալներին ներկայացնել ժողովրդին եւ թե կոնկրետ ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները: Բայց նա վստահություն էր հայտնել, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա երկու փոխնախարարներին:

Տեր-Պետրոսյանն այդ օրը բարձրաձայնել էր նաեւ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի փոխանցած տեղեկությունը, որ ԵԿՄ-ն նույնպես ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուի կողքին է:

Ավելի ուշ`2018 թվականի օգոստոսի 6-ին, 1in.am-ին տված հարցազրույցում Գագիկ Մելքոնյանը խոսելով 2008-ի իրադարձությունների մասին`հայտարարել էր. «․․․Մանվել Գրիգորյանն էլ, էլի տղաներ կային, որոնք էլի մեր համախոհներն էին։ Հիմնականում մեր տղաներից հատուկ գունդը՝ համարյա 80 տոկոսը, կանգնած էր ժողովրդի կողքին․․․»։ Նույն հարցազրույցում Գագիկ Մելքոնյանը նաեւ ասում է. «2008-ին ժողովուրդը կանգնած էր, արդարությունն այդ ժամանակ էլ կարող էր հաղթանակել, եթե որոշ մարդիկ չփախչեին, հաղթանակը շատ մոտ էր» (Նա նկատի ունի Մանվել Գրիգորյանին, ով հետագայում կանգնեց այդ ընտրությունների արդյունքներով հաղթող ճանաչված թեկնածու Սերժ Սարգսյանի կողքին-Ն. Գ.):

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031