Այլ թեկնածու չունեի՞ք, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով եք գնալու ԱԺ արտահերթ ընտրությունների, չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն քաղաքականության մեջ. այսօր ԱԺ-ում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Այդ գնահատականները բնականաբար չեմ կիսում: Որպես այդպիսին՝ հատուկ որոշում կայացված չէ, ընկալումն այս պահին այնպես է, որ ՔՊ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է իր ընտրական ցուցակը ներկայացնելու ընտրողների դատին: Իսկ դաշինքով գնալու, թե կուսակցությամբ գնալու՝ նույնիսկ որոշում այդ մասով չունենք: Բայց խոշոր հաշվով թիմը բնականաբար քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում»:
Նա ասաց, որ «հողատու», «դավաճան» պիտակներ տվողներին ժողովուրդը տվել է իր գնահատականը՝ իր վերաբերմունքով. «Ժողովուրդը ընդդիմադիրների կոչերին ականջալուր չեղավ, եւ ընդդիմությունը երկար ժամանակ փակ պահելով գլխավոր պողոտաներից մեկը, վերջնարդյունքում ինքն իր հաշվարկներով հետ հավաքեց իր վրանները եւ կենտրոնացավ Դեմիրճյան փողոցում»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ եք շարունակում նախկինների գործելաոճը եւ երեխաներին դպրոցներից հավաքում բերում ձեր հավաքներին՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Նման գործելաոճ չկա, ես բացառում եմ, որ որեւէ երեխայի դպրոցներից կհավաքեն եւ կբերեն: Այն էլ մամուլի այսպիսի ազատության պարագայում դուք ինչպե՞ս եք պատկերացնում, նման բան որեւէ գործիչ կարո՞ղ է իրեն թույլ տալ: Բացառում եմ»: Մեր դիտարկմանը, որ Փաշինյանի հավաքի լսարանը երեխաներ էին՝ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Լսարանը երեխաներ էին, ովքեր լսել էին, որ երկրի առաջնորդն է իրենց գյուղում եւ վազել են՝ երկրի առաջնորդին դիմավորելու»:
Զարմանքին՝ երկրի առաջնորդը «հեքիաթասա՞ց» է, որ երեխաները վազեն նրան դիմավորելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ այդ հարցը կոռեկտությունից դուրս է: Երբ հարցրեցինք՝ ձեր երեխաներն օրինակ քաղաքական հանրահավաքներին կգնայի՞ն, որ ասում եք, թե իրենց կամքով գնացել են՝ նախարարը պատասխանեց. «Իմ երեխաներին ես միշտ տանում եմ քաղաքական հանրահավաքներին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞վ եք վստահ, որ նախկին մերժված ռեժիմի կողքին չկանգնելով՝ ժողովուրդը ձեր կողքին է կանգնելու, որովհետեւ ժողովուրդն ասում է՝ դուրս չենք գալիս, որովհետեւ նախկիններն են, բայց դա չի նշանակում, որ ձեր կողքին են՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ես այդ վստահությունն ունեմ, այդ վստահությամբ գնում ենք ընտրությունների: Ժողովուրդն իր քվեով հարցի պատասխանը արդեն կտա: Դա կլինի աներկբա այն սպառիչ պատասխանը, որին դուք հիմա ձգտում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ