«Պատերազմից հետո ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է, գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է։ «Դե ֆակտո» գործ ունենք թուրքական բանակի հետ։ Որպեսզի կանխենք այդ սպառնալիքը, պետք է մեր բանակի կառուցվածքը եւ հայ-ռուսական հարաբերությունները համապատասխանեցնենք դրան»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր խոսելով հայկական զինված ուժերում նախատեսվելիք փոփոխությունների մասին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Ուստի այդ բարեփոխումներն ուղղված են դրան։ Բացի այդ, վերանայում ենք սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը եւ այլ գործոններ»,-հավելեց նա։
Իսկ թե ինչ է լինելու գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը, երբ նշանակված է Արտակ Դավթյանը, իսկ դատարանը վերականգնել է Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնում աշխատանքային իրավունքը, Վաղարշակ Հարությունյանը նշեց․ «Մենք մի ԳՇ պետ ունենք եւ ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ