Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ունենալու ենք ժողովրդագրության եւ միգրացիայի շատ ծանր հետեւանքներ. Ռուբեն Եգանյան

Մարտ 24,2021 16:40

«Ամենացածր ծնելությունն ունեցել ենք 2001-2002 թվականներին, երբ ծնվել է ընդամենը 32 հազար երեխա, որից կեսից քիչը եղել են տղաներ: Դե հաշվե՛ք որքանին մենք կորցրինք եւ ինչպիսին կլինեն հետեւանքները»,-այսօր խոսելով սպասվող ժողովրդագրական բացասական զարգացումներից, ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: «Հենարան» մամուլի ակումբում Ռուբեն Եգանյանն ասաց՝ ունենալու ենք ժողովրդագրության եւ միգրացիայի շատ ծանր հետեւանքներ:

Սակայն, թե այս պահին միգրացիոն իրավիճակն ինչպիսին է, Ռուբեն Եգանյանն ասաց, որ հստակ պատկեր չկա, քանի որ մեկնողների մեջ մի քանի օրով գործուղում գնացողներ են, ժամանակավոր միգրանտներ, որոնք գնում են աշխատում՝ վերադառնում են եւ այլ նպատակով գնացողներ. «Ամեն տարի 80-100 հազար մարդ գնում է աշխատում եւ վերադառնում: Այս երեւույթը մեր երկրի համար նոր չէ, ունեինք 60-ական թվականներից սկսած»:

Նա բնական համարեց այս օրերին մեծ ուղեւորահոսքերը դեպի Ռուսաստան, քանի որ, ըստ նրա, 1 տարի է Ռուսաստանի հետ սահմանները փակ էին, իսկ Հայաստանի բնակչության մեծ մասը ՌԴ-ում հարազատներ ունի եւ այդ ուղեւորությունները կուտակվել, հետաձգվել էին:

Թե հետպատերազմյան այս իրավիճակում մարդկանց արտահոսքի ծավալները որքանով կմեծանան կամ ներհոսքի ծավալները որքանով կկրճատվեն, ժողովրդագիրը չի կարող ասել: Նրա խոսքով՝ նոր հետազոտություն է պետք՝ հասկանալու ինչ ծավալների տեղաշարժ կլինի, որքանով դրանք կգերազանցեն նախորդ տարիների ծավալներին եւ ինչ հետեւանքներ կունենան: Սակայն, ըստ նրա, կառավարությունն առայժմ պատրաստ չէ նման հետազոտություն անցկացնելու, տեղական կառավարման մարմինների վրա հույս դնելն էլ անիմաստ է:

Պարոն Եգանյանն ասում է, որ նոր հետազոտության իմաստն այն չէ, որ թվեր ստանան, այլ՝ պատկեր ունենան՝ պատերազմից հետո մարդիկ ինչպե՞ս են վերանայել իրենց միգրացիոն վարքագիծը. «Եթե արտագաղթի ծավալները մեծանան, մեկնողների թվում կգերակշռեն երիտասարդները, ինչը կբերի ե՛ւ տնտեսական ե՛ւ սոցիալական ե՛ւ ժողովրդագրական բացասական ազդեցության: Առանց այդ էլ ունեցանք ծանր ժողովրդագրական հարված, ունեցանք զոհեր, հաշմանդամություն»:

Նրա կարծիքով, հնարավոր է արտագաղթի ծավալները մեծ թափ հավաքեին, եթե Հայաստանում եւ ողջ աշխարհում չլիներ կորոնավիրուսային իրավիճակը՝ Եվրոպան փակ է, ՌԴ-ում էլ պայմանները բարենպաստ չեն: Ասաց նաեւ, որ 2018-ի իշխանափոխության հետեւանքները շատ նշանակալից չէին միգրացիոն առումով, բայց տեսանելի էին. «Մինչեւ 2018 թվականը մենք տարեկան ունենում էինք մոտ 30 հազար մարդու մշտական էմիգրացում: 2019 թվականի արդյունքներով դա նվազել էր՝ հասնելով մոտ 20-25 հազարի»:

Ռուբեն Եգանյանը խիստ կասկածներ ունի, որ կառավարության՝ ծնելիությունը խրախուսելու ծրագրերը կարող են դերակատարում ունենալ:

«Ջարդվեց մեր հոգեբանությունը: Ջարդվելուց զատ, ըստ էության, մարդիկ կորցրին ապագայի նկատմամբ հույսը, հավատը, որին նպաստեց մեր, այսպես կոչված «էլիտան», ե՛ւ իշխանական ե՛ւ ընդդիմադիր թեւի: Այսօր մարդկանց մեծ մասը որեւէ մեկին չի վստահում եւ որեւէ մեկի հետ որեւէ հույս չի կապում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031