«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները՝ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը հայտարարել են, որ «Արցախ» նախաձեռնություն են ստեղծում ու խորհրդարանում Արցախի ձայնն են լինելու:
Aravot.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով է մտադիր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, պատասխանեց. «Նախնական որոշումս է, որ չեմ մասնակցելու որեւէ կուսակցության կամ դաշինքի հետ: Անելու եմ այն, ինչ անում էի ու շարունակելու եմ անել: Եթե հանկարծ որոշեմ, որ ինքնուրույն պետք է գնամ, որը շատ փոքր հավանականություն ունի, այսինքն, գրեթե չունի, այն ժամանակ կմտածեմ: Այս պահին որոշել եմ, որ ապրեմ: Ապրեմ ու ինչու չէ՝ շատ շատերին զրկեմ իմ նման պատգամավոր ունենալու հաճույքից»:
Հարցին՝ հնարավո՞ր նոր ձեւավորվող քաղաքական թիմերին միանաք՝ նա պատասխանեց. «Նոր ձեւավորված քաղաքական թիմերը, որոնց ես գոնե ճանաչում եմ, որեւէ մեկի հետ չեմ գնա: Բացառում եմ»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ քաղաքական խրամատը չի լքել ու չի լքի երբեք, խրամատ լքող չի: Սոֆյա Հովսեփյանն այս առնչությամբ ասաց, որ այս իշխանությունները մերժելով նախկիններին, նախկին բարքերը չեն մերժել. «Մենք մերժեցինք անձերը, ոչ թե բարքերը»:
Կարդացեք նաև
Դատարանի մոտ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ 2018-ի հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում որակեց, այդպիսի՞ն էր այդ շարժումը, թե՞ Սերժ Սարգսյանը սխալվում է՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Գիտե՞ք խնդիրը որն է, մի բան, որից ես շատ խորքային տեղյակ չեմ, ես կնախընտրեմ լռել: Նախկին եւ ներկա քաղաքական առաջնորդները շատ ավելի շատ գիտեն, թե իրենք ինչեր են արել եւ առհասարակ մնացածիս ինչպես են դարձրել, կոպիտ ասած, մասնակից այդ ամեն ինչին՝ գիտակցված կամ չգիտակցված, իմանալով կամ չիմանալով: Այսինքն, դա հարց է, որի պատասխանը գիտի ինքը եւ այդ հարցի պատասխանը պետք է տա Փաշինյանը»:
Հարցին՝ որեւէ կանխատեսում ունե՞ք առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետեւ իմքայլականները պնդում են, որ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ունի, Մարուքյանն ասում է, որ գնում է իշխանություն վերցնելու, Քոչարյանը հայտարարում է, որ կրելու է՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ, այնուամենայնիվ, հասարակության մեծ մասը, եթե մի շատ առողջ, արդար, որեւէ քաղաքական ուժի հետ կապ չունեցող ուժ հանդես չգա, որեւէ կերպ չի գնա ընտրության»: Այսինքն, ըստ նրա, «ոչ ոք»-ն է վայելում ամենամեծ ընտրազանգվածը:
Սոֆյա Հովսեփյանի վերլուծությամբ՝ ամբողջ պայքարը գնում է երկու ուժերի միջեւ՝ Փաշինյան-Քոչարյան. «Շատ գիտակից մարդիկ կգնան մյուս՝ քիչ թե շատ անմեղ կուսակցություններին կտան իրենց ձայները: Դա կլինի «Լուսավոր Հայաստանը», ՔՈ-ն: Բայց հիմնական մասը, եթե գնան ընտրության, հնին մերժելու խաթր կտան Փաշինյանին՝ նորին, նորին տոտալ չընդունելու պատճառով ձայն կտան հնին: Շատերն ուղղակի չեն գնա: Դրա համար իրապես լուրջ այլընտրանքային թիմ էր պետք»:
Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ ընտրատեղամասում բախումներ կլինեն. «Կա այդպիսի վստահություն, որովհետեւ որեւէ մեկը որեւէ մեկին չի զիջելու: Շատ քաղաքացիներ դառնալու են իրենց քաղաքական խաղերի զոհը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
անձրևների հետ ծլեցի՞ն