Երբ մենք նայում ենք առաջ և հեռավորության վրա տեսնում գալիք Հայաստանը, ապա այն տեսնում ենք որպես Ազգային Պետություն, որը պաշտպանում է հայկական ազգային մշակույթը և ծառայում է նրան: Հայկական ազգային մշակույթն է, որ ցուցանում է մեր հայ լինելը՝ մեր էությունը, մեր բնությունը: Շուրջ հարյուրամյա դեգերումներից հետո՝ կոմունիստական պարտադրված ցավալի ժամանակաշրջան (որի հիմնական նպատակը, մեր պարագայում, Հայաստանը պետականությունից՝ ազգայնականությունից զերծ պահելն էր հանուն սին ինտերնացիոնալ գաղափարազուրկ գաղափարախոսության), այնուհետև հերթական անհավատների տիրապետություն և ձախողում (ներկա ժամանակում, օրինակ, եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասավանդումից հանելը ազգայնականության դեմ քայլ է), Հայաստանը կվերադառնա ազատ ինքնահաստատման և անկախության, կթոթափի օտարի լծի ազդեցությունը, կվերականգնի ինքնապահպանման իր առողջ բնազդը, կհաշտեցնի այն իր հոգևոր բարեկեցության հետ և կսկսի իր ծաղկման պատմական նոր շրջանը:
Հայ ժողովուրդը շուրջ յոթանասուն տարի դիմացել էր համայնավարական (կոմունիստական) և ևս երեսուն տարի դիմացավ հերթական անաստվածների նվաստացմանը, և թվում է, որ նրանք վերջ չունեն: Յոթանասուն տարի մութ ու հանցագործ մարդիկ ոտնահարում էին նրա օջախներն ու զոհասեղանները, արգելում աղոթել, ծեծելով, կացնահարելով սպանում լավագույն մարդկանց ՝ ամենահավատացյալներին, ամենահամառներին, համարձակներին և ազգային նվիրյալներին (Եկեղեցիները քանդելը, ավերելը, փակելը և անհավատության գիրկը նետելը ազգայնականության դեմ քայլ էր). և ևս երեսուն տարի կործանում են տնտեսությունը, քայքայում են պետությունը, անաստված՝ հայ ժողովրդին անհարիր ուսմունքներ են ներմուծում, բարոյազրկում ազգին, նյութապաշտացնում, կտրում նրան ազատ աշխատանքից և ազատ ոգեշնչումից…
Շուրջ հարյուր տարի, որից յոթանասունը օտարի լծի տակ (հայոց լեզվի ուղղագրության փոխելը հարյուր տարի առաջ բացատրում էին որպես ազգային քայլ, որովհետև պահպանվեց հայոց այբուբենը և «պարզեցվեց», սակայն, այն իրականում ուղղված էր ազգայնականության դեմ, քանի որ, դրանով խաթարվեց հայի լեզվամտածողությունը), իսկ երեսունը՝ սեփական իշխանության լծի տակ, ստեղծել էին և են, այնպիսի վիճակ, երբ ազգը կարծես զրկված է ազգային արժանապատվությունից (օրինակ, երբ այս իշխանությունը մերժում է Երևան քաղաքի կենտրոնում տեղադրված բոլշևիկների արձանների փոխարեն տեղադրել հայրենասեր և հայոց հզոր արքաների արձանները, ըստ Սբ. Մովսես Խորենացու, այն ազգայնականության դեմ քայլ է), ազգային ոգուց և ազգային բնազդից (ի հետևանք, Աստծու կողմից տրված արցախյան առաջին հաղթական պատերազմի շարունակությունը՝ պարտություն):
Բռնության և ամոթի այդ տարիներն ապարդյուն չեն անցել. անհնար է ժողովրդի օրգանիզմին «արգելել առողջանալ», նա ամեն գնով դուրս կգա այս վիճակից: Անհնար է մարել ժողովրդի ինքնազգացողությունը՝ սեփական արժանապատվությունը: Անհնար է մարել մարդու սեփական հոգևոր արժանապատվության զգացումը. այդ փորձերը նրանց մեջ արթնացնում են միայն նոր գիտակցություն և նոր ուժ: Այն, ինչ այժմ ապրում է հայ ժողովուրդը, խիստ ու երկար ուսուցողական փորձություն է ՝ հոգևոր մաքրման, խոնարհության և սթափության կենդանի դպրոց: Առաջին զարթոնքը կարող է կրքոտ, անհամաչափ և նույնիսկ դառը լինել. բայց այն, ինչ հաջորդելու է, մեզ կբերի հայկական նոր ազգայնականությունը՝ իր իսկական ուժով և իրական հզորությամբ: Այս ազգայնականությունն է, որ մենք այժմ պետք է ձևակերպենք:
Կարդացեք նաև
Ի տարբերություն այլևայլ ինտերնացիոնալիզմների՝ ինչպես զգացական, այնպես էլ կատաղի, ի տարբերություն ցանկացած ապազգայնացման՝ առօրյա և քաղաքական (միջազգային տարատեսակ կոնվենցիաների միանալը, որոնք խաթարում են ընտանեկան և այլ ավանդույթները, ազգայնականության դեմ քայլ են), մենք հաստատում ենք հայկական ազգայնականությունը՝ բնազդային և հոգևոր, խոստովանում ենք դա և բարձրացնում այն դեպի Աստված:
Մենք ողջունում ենք նրա վերածնունդը: Մենք ուրախանում ենք նրա ոգեղենությամբ և յուրօրինակությամբ: Եվ թանկ ենք գնահատում այն, որ հայ ժողովուրդը իրեն չի կապում ոչ մի ինտերնացիոնալիստական «համակրանքի» կամ «պարտավորության» հետ:
Յուրաքանչյուր ազգ ունի բնությամբ (նշանակում է Աստծուց) իրեն տրված ազգային բնազդ և Սուրբ Հոգու շնորհները լցվում են նրա մեջ Արարչի կողմից: Եվ յուրաքանչյուր ազգի բնազդն ու ոգին ապրում են իրենց ուրույն ձևով և ստեղծում թանկարժեք ինքնություն: Մենք պետք է փայփայենք այս հայկական ինքնատիպությունը, պահպանենք նրան, ապրենք դրա մեջ և ստեղծագործենք նրանով. այն մեզ տրվել է ի սկզբանե՝ սաղմով և դրա բացահայտումը մեզ տրվել է մեր պատմության ողջ ընթացքում: Բացահայտելով դա, գիտակցելով դա, մենք կատարում ենք մեր պատմական առաքելությունը, որից հրաժարվելու ոչ իրավունք ունենք, ոչ՝ ցանկություն և ոչ էլ կարող ենք: Քանզի, յուրաքանչյուր ազգային ինքնություն իր բնույթով հանդիսանում է Աստծո Հոգին և յուրովի է փառաբանում Տիրոջը:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր ինքնատիպությամբ է դաստիարակում մատաղ սերնդին: Հայ ժողովուրդը դպրոցական կրթության ոլորտում շուրջ 1500 տարվա անցյալ ունի: Այժմ ի հայտ են եկել օտար, հայ ժողովրդի հոգեկերտվածքին անհարիր մոտեցումներ, որոնցով, տրվելով միջազգային կազմակերպությունների թելադրանքին, փորձում են խեղել մեր երեխաներին: Դպրոցական երեխային սեռական հարաբերություն-ների վերաբերյալ առարկա են ուզում դասավանդել, սա ազգայնականության դեմ քայլ է, քանի որ այն կխաթարի երեխայի միտքը, որի հետևանքով երեխան կնետվի իր տարիքին անհամատեղելի գայթակղությունների գիրկը և կզրկվի իր Աստվածատուր բնույթից:
Պատանուն օտար լեզվով ուսուցման տալը նույնպես ազգայնականության դեմ քայլ է, քանի որ ոչ ազգային, օտար լեզվով դպրոցական կրթությունը խեղում է պատանու լեզվամտածողությունը և նա հեռանում է իր բնությունից՝ էությունից, արմատներից և ազգայնականությունը նրա համար դառնում է խորթ: Սա ընդհանրական է:
Յուրաքանչյուր ժողովուրդ իր ուրույն ձևով է ամուսնանում, ծնում, հիվանդանում և մահանում: Նա ինքնատիպ է բուժվում, աշխատում, տնտեսավարում և հանգստանում. տխրում, լաց լինում, բարկանում և հուսահատվում յուրովի. ժպտում, կատակում, ծիծաղում և ուրախանում յուրովի. նա քայլում ու պարում է յուրովի, երգում և երաժշտություն է ստեղծում յուրովի. խոսում, հայտարարում, կատակում և հեգնում յուրովի, յուրովի դիտում, մտածում և ստեղծում նկարչություն. իր եսի տեսանկյունով ուսումնասիրում, սովորում, տրամաբանում և ապացուցում. յուրովի է մոտենում աղքատության, բարեգործության և հյուրասիրության եզրույթներին. տներն ու տաճարները կառուցում է իր ուրույն մոտեցմամբ. իր ձևով է աղոթում և հերոսանում … Նա իր ձևով է հոգով բարձրանում և զղջում: Կազմակերպվում է իր սեփական եղանակով: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրավունքի իր յուրահատուկ զգացողությունը և արդարության զգացումը. այլ բնավորություն, այլ կարգապահություն, բարոյական իդեալի այլ պատկերացում, ընտանիքի այլ դրվածք, եկեղեցական այլ շունչ, այլ քաղաքական երազանք, այլ պետական բնազդ: Մի խոսքով, յուրաքանչյուր ժողովուրդ ունի տարբեր, յուրահատուկ հոգեկերտվածք և հոգևոր-ստեղծագործական մոտեցում:
Դա այդպես է, գալիս է բնությունից (նշանակում է Աստծուց) և պատմությունից: Դա այդպես է ըստ բնազդի և ոգու: Աստված է մեզ բոլորիս այդպես տվել (Բաբելոնի աշտարակաշինությունից հետո): Եվ դա շատ լավ է: Դաշտում զանազան են խոտաբույսերը և ծաղիկները: Տարբեր են ծառերը և ամպերը: Աստծո պարտեզը հարուստ է և գեղեցիկ. ձևերով առատ, բազմերանգ գույներով և տեսակներով և ուրախացնում է բազմազանությամբ…
Եվ դրանում ամեն բան, բոլոր մարդիկ և բոլոր ազգերը ճիշտ են: Եվ դա վայել է յուրաքանչյուր ազգի՝ լինել, ցուցադրել և փառաբանել Աստծուն յուրովի: Եվ հենց այս բազմազանության և բազմաձայնության մեջ Արարչի փառաբանությունն են երգում և բարձրաձայնում ազգերը. և պետք է հոգեպես կույր և խուլ լինել, որպեսզի դա չհասկանալ:
Ահա թե ինչու այս բազմերանգ գովեստները մարելու ձգտումը, Աստծո պատմական պարտեզի այս հարստությունը վերացնելու, ամեն ինչ մահացած միօրինակության և միանմանության հանգեցնելու՝ ինչպես ավազի հավասարության դեպքում է, կարող է ծնվել միայն հոգեպես մեռած, հիվանդ հոգում: Այս տափակ և գռեհիկ քիմերան (химера- неосуществимая, несбыточная и странная мечта)՝ անիրականանալի երազանքը, այդ համակործանարար, հակամշակութային և անաստված ձեռնարկումը հիվանդ հոգու արդյունք է, չար և նախանձ: Էական չէ, արդյոք այս քիմերան ձգտում է ռազմատենչ կերպով ջախջախել բոլոր ժողովուրդներին և իշխել մեկ ժողովրդի կողմից (քիմերա՝ Գերմանական նացիոնալ սոցիալիզմի), թե տարրալուծել բոլոր ազգային մշակույթները մեկ անգույնության և անձև խառնուրդի մեջ (քիմերա՝ խորհրդային կոմունիզմի): Ամեն դեպքում, այս տգեղ քիմերայի, որում ծայրահեղ ազգայնամոլությունը (ազգայնամոլությունը և ազգայնականությունը միմյանց հետ եզրեր չունեն) միաձուլվում է ծայրահեղ ինտերնացիոնալիզմի հետ, հայ ժողովուրդը որևէ առնչություն չունի:
Քրիստոնեությունը աշխարհին բերեց անձնական անմահ հոգու գաղափարը, իր ինքնուրույն պարգևներով, իր պատասխանատվությամբ և իր կոչումով, առանձնահատուկ՝ իր մեղքերով և քաջագործություններով, և ինքնաուղղորդված ՝ խորհելու սիրո և աղոթքի մասին, այսինքն՝ գաղափար մարդու մետաֆիզիկական եզակիության մասին: Եվ հետևաբար, ժողովրդի մետաֆիզիկական եզակիության գաղափարը միայն քրիստոնեական հասկացողության ճշմարիտ ընկալման և հետևողական զարգացման արդյունք է: Քրիստոսը միակն է տիեզերքում: Նա միայն հրեաների համար չէ և ոչ էլ միայն հելլենների կամ հայերի համար, Նրա Ավետարանը տրվում է բոլորին, սա նշանակում է, որ բոլոր ազգերը ճանաչվում և կանչվում են, յուրաքանչյուրն իր տեղում, իր լեզվով և իր շնորհներով (Գործք 2.1-42, Ա Կորնթ. 1.27-31):
Աստված հոգ է տանում յուրաքանչյուր մարդու մասին այնպես, կարծես այդ մարդը միակը լինի Իր հետ: Սա ասվում է մարդուն, որպես անհատականություն: Իսկ ի՞նչ պետք է մտածել առանձին ժողովուրդների մասին, որ դատվում են Աստծո կողմից, մերժվում և դատապարտվում: Տերը յուրաքանչյուր ծաղկի հագցնում է հատուկ և գեղեցիկ զգեստներ, սնուցում և կերակրում երկնքի յուրաքանչյուր թռչունի, հաշվում մարդու գլխից ընկած մազերը և մի՞թե կարող է մերժել Իր կողմից տրված ու տրվելիք մարդկանց կյանքի ինքնատիպությունը, դեպի Իրեն բարձրացող կենդանի ազգի ստեղծագործական գովասանքը: Իհարկե ոչ:
Իր ողջ պատմությամբ, մշակույթով, գործով և երգով `յուրաքանչյուր ժողովուրդ ծառայում է Աստծուն, որքան կարող է: Այն ազգերը, որոնք ստեղծագործաբար և ոգեշնչմամբ են ծառայում Աստծուն, պատմության մեջ դառնում են հզոր և հոգեպես առաջնորդող:
Ազգայնականությունը վստահ և ուժեղ զգացողություն է, որը հայ ժողովուրդը որպես պարգև ստացել է Սուրբ Հոգուց, իր բնազդային զգայարաններով ընդունել է դրանք և ստեղծագործորեն վերափոխել իր սեփական ձևով, նրա ուժն առատ է և մղում է հետագա ստեղծագործական նվաճումների և, հետեւաբար, հայ ժողովրդին, որպես մշակութաստեղծ ազգ, հարիր է մշակութային «ինքնուրույնությունը» որպես «մեծության գրավական» և որպես պետական կյանքի անկախություն:
Հետևաբար, ազգայնականությունն առաջին հերթին իրեն դրսեւորում է ազգային ինքնապահպանման բնազդի մեջ, և այդ բնազդը ճշմարիտ է և արդարացված: Պետք չէ դրանից ամաչել, փորձել մարել կամ խլացնել: Անհրաժեշտ է դա գնահատել Աստծո առջև, ոգեղենով հիմնավորել և ազնվացնել դրա դրսևորումները: Այս բնազդը չպետք է քնի մարդկանց հոգում, այլ պետք է արթուն և զվարթ լինի: Նա ընդհանրապես չի ապրում «բարու և չարի մյուս կողմում», ընդհակառակը, ենթակա է բարու և հոգևորի օրենքներին: Նա պետք է ունենա իր դրսևորումները սիրո, զոհաբերության, քաջության և իմաստության մեջ. նա պետք է ունենա իր տոնախմբությունները, ուրախությունները, վշտերն ու աղոթքները: Դրանից պետք է ծնվի ազգային միասնությունը՝ իր բնազդային բոլոր նրբերանգներով: Այն պետք է ոգի ստանա ազգային մշակույթի և ազգային հանճարի ստեղծագործության մեջ: (Օրինակ, ինչ է նշանակում պետական տոն չհռչակել Նավասարդյան տոները, որը հայ ժողովրդի ազգայնականության բաղադրիչներից հիմնականն է, նրա կորուստը հազարավոր տարիների հիշողության կորստի կարող է հանգեցնել, կամ հայոց պետականության օր չնշել Հայկ Նահապետի կողմից պետության ստեղծման օրը՝ 2492թ. օգոստոսի 11-ը Ն.Ք., կամ հայոց պատմության մի փուլը առանձնացնել և ներկայացնել անհայտ ծագման իբրև ուրարտական պետություն: Եվ սրանք կատարվում են օտարի թելադրանքով: Օտար գաղափարախոսությունների հետևանք է նաև ազգայնականությունը իմաստազրկելու և բացասական երանգավորում տալու արշավը):
* * *
Ազգայնականություն. ի՞նչ է իրենից ներկայացնում
▪ Ագայնականությունը սեր է իր ժողովրդի պատմական կերտվածքի, նրա բնության՝ հոգևոր հարստության և ստեղծագործական գործունեության ողջ ինքնատիպության նկատմամբ:
▪ Ազգայնականությունը հավատ է իր ժողովրդի բնազդային և հոգևոր ուժին, հավատ իր ժողովրդի հոգևոր կոչմանը:
▪ Ազգայնականությունը հայ ժողովրդի կամքն է՝ ստեղծագործաբար և ազատ ծաղկելու Աստծո պարտեզում:
▪ Ազգայնականությունը՝ ժողովրդի մտորումներն են Աստծո առջև, նրա հոգու խորհդածությունը. թերություն-ների, տաղանդների, պատմական խնդիրների, վտանգների և գայթակղությունների առջև:
▪ Ազգայնականությունը գործողությունների համակարգ է, որը բխում է այդ սիրուց, այդ հավատքից, այդ կամքից և այդ մտորումներից:
Ահա թե ինչու ազգային զգացումը հոգևոր կրակ է, որը անհատին տանում է զոհաբերության և ծառայելու իր ազգին, իսկ ժողովրդին՝ դեպի հոգևոր ծաղկում: Սա, քո ժողովրդի մտորումների մի տեսակ հրճվանքն է՝ Աստծո ծրագրի առջև և Նրա շնորհների համատեքստում: Սա գոհություն է Աստծուն այս պարգևների համար, բայց միևնույն ժամանակ ամոթ ժողովրդի համար, եթե նա այս շնորհների բարձրության վրա չի հայտնվում: Ազգային զգացմունքի մեջ թաքնված է արժանապատվության աղբյուրը, որը, որպես «ժողովրդի հպարտություն» և միասնության աղբյուր, միշտ փրկել է Հայաստանին իր պատմության բոլոր դժվարին պահերին, և որը աղբյուրն է պետական իրավագիտակցության, որպես մեզ բոլորիս կապող օղակ՝ պետական կենսունակ միասնության մեջ:
Ազգայնականությունը ապրում, դավանում և պաշտպանում է իր ժողովրդի կյանքը՝ որպես թանկարժեք հոգևոր ինքնաճառագայթում: Նա ընդունում է իր ժողովրդի շնորհներն ու ստեղծագործությունները որպես իր հոգևոր հենքը, որպես սեփական ստեղծագործության ելակետ: Եվ այդ հարցում նա ճիշտ է: Քանզի ստեղծագործական կյանքը ոչ թե յուրաքանչյուր մարդ է հորինել իր համար, այլ տառապանք է և սնուցվում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծած աղբյուրից: Աշխատանքի և կյանքի հոգևոր ճանապարհը, սիրո և մտորումների, աղոթքի և գիտելիքի հոգևոր ճանապարհը՝ իր անհատական ինքնատիպությամբ հանդերձ, ունի նաև ազգային բնույթ, ազգային միատարրություն և ազգային ինքնատիպություն:
Համաձայն ընդհանուր ընկերային (սոցիալ)-հոգեբանական օրենքի՝ նմանությունը միավորում է մարդկանց, շփումը ուժեղացնում է այդ նմանությունը և հասկացված լինելու ուրախությունը բացում է հոգիները և խորացնում շփումները (վառ օրինակ է Սուրբ Պատարագի մասնակիցների ցնծությունը ողջույնի ժամանակ): Ահա թե ինչու ազգային ստեղծագործական ապրելակերպը միավորում է մարդկանց և նրանց մեջ արթնացնում է բացվելու, ինքնադրսևորվելու, «իրենց նվիրականից» հրաժարվելու և այլոց արձագանքելու ցանկությունը: Ստեղծագործ մարդը միշտ ստեղծագործում է իր ժողովրդի անունից և դիմում է առաջին հերթին իր ժողովրդին: Ժողովրդականությունը, ասես, հոգու բնույթ է և ոգու հիմքը: Իսկ ազգայնականությունը իսկական բնական փափագ է դեպի իր բնույթը, դեպի իր արմատները:
Պատահական չէ, որ հայկական սրտացավությունը, պարզությունը և հյուրասիրությունը միշտ նեղվել է Արևմուտքի արհեստական ձգողականությունից: Պատահական չէ նաև, որ հայկական մտորումներն ու անկեղծությունը երբեք չեն գնահատվել եվրոպական բանականության և ամերիկյան գործնականության կողմից: Ինչպիսի՞ դժվարությամբ է եվրոպացին ընկալում մեր իրավական գիտակցության առանձնահատկությունները՝ նրա ոչ ձևականությունը, մեռած օրինապաշտությունից զերծ ազատությունը, նրա արդարությամբ ապրելու կենդանի փափագը և միևնույն ժամանակ առօրյա կենցաղում իր միամիտ անդաստիարակությունը: Ինչպիսի՞ դժվարությամբ է նա լսում մեր երաժշտությունը՝ նրա բնականորեն հոսող և անսպառ մեղեդին, նրա համարձակ ռիթմերը, հայկական ժողովրդական և հոգևոր երգի տոնայնություններն ու ներդաշնակությունները, որոնք որևէ մեկին նման չեն … Ինչքանո՞վ է նրան խորթ մեր ոչ ռացիոնալը, մտորող գիտությունը … Իսկ հայկական նկարչությունը՝ առանձնապես միջնադարյան մանրանկարչությունը, – ամենահիասքանչն ու նշանակալիցը, դեռ չի «հայտնաբերվել» և չի ճանաչվել:
Բոլոր գեղեցիկ բաները, որոնք ստեղծվել են Հայ ժողովրդի կողմից գալիս են իրենց ազգային հոգևոր կերտվածքից և մեծի մասամբ չճանաչված են օտարի, այդ թվում Արևմուտքի կողմից, չնայած, որ Արևմուտքի շատ արժեքների հիմքում ընկած է հայկականը, օրինակ, Իտալիայի հնագույն և միջնադարյան ճարտարապետությունը կամ նրանց լեզուների աղբյուրը՝ միջնադարում Իսպանիայի դպրոցներում դասավանդվում էր հայոց լեզու, որպես Աստվածային նախաստեղծ լեզու և այլն:
Եվ այնուամենայնիվ, գեղեցիկ, կատարյալ բան բոլոր ժողովուրդների համար կարող է ստեղծել միայն նա, ով իր ստեղծագործությամբ հաստատվել է իր ժողովրդի ստեղծագործական գունապատկերում: «Համաշխարհային հանճարը» միշտ և ամենից առաջ «ազգային հանճար» է, իսկ բոլոր փորձերը ստեղծելու ինչ որ մեծություն՝ ապազգային կամ «ինտերնացիոնալ» էակ, լավագույն դեպքում տալիս է միայն մտացա-ծին, «էկրանային հայտնիություն»: Իրական մեծությունը միշտ արմատներ ունի: Իսկական հանճարը միշտ ազգային է, ապա նոր համաշխարհային:
Եվ եթե մարգարեները չեն ընդունվում իրենց հայրենիքում, դա ոչ թե նրանից է, որ նրանք ստեղծում են ինչ-որ «վերազգային» գործ, այլ նրանից է, որ նրանք խորացնում են իրենց ժողովրդի ստեղծագործական միտքը մինչ այն մակարդակի, մինչև այն խորության, որը դեռ մատչելի չէ իրենց ցեղին՝ ժամանակակից-ներին: Մարգարեն և հանճարը՝ իր սերնդի ազգայինն է՝ բառի բարձրագույն և լավագույն իմաստով: Լինելով իր ժողովրդի յուրահատկության մեջ՝ նա իրականացնում է դասական խորության և հասունության ազգային գործ, գործողություն և այդպիսով ցույց տալիս իր ժողովրդին իր իրական ուժը, կոչումը և ապագայի ուղիները:
Այսպիսով, ազգայնականությունը հոգու առողջ և արդարացված տրամադրությունն է: Այն, ինչ սիրում է ազգայնականությունը և ինչին նա ծառայում է, իսկապես արժանի է սիրո, սխրանքի և զոհաբերության: Եվ գալիք Հայաստանը կլինի Ազգային Հայաստան՝ իր փառքի մեջ:
Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
20-րդ դարասկզբի մեծագույն մտածողներ Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանի և Իվան Իլյինի հետքերով:
Ծանոթագրություն, Մ.Գ. ազգայնականությունը և ազգայնամոլությունը չի կարելի իրար կողքի դնել, նրանք համեմատելի չեն, որովհետև տարբեր են իրենց բնությամբ՝ մեկ-մեկու հակադիր: Ազգայնականությունը յուրաքանչյուր ազգի շարժիչ ուժն է, իսկ ազգայնամոլությունը՝ նրա կործանման պատճառը:
Երևան, փետրվար-մարտ 2021թ.