Լրահոս
Օրվա լրահոսը

«55 կամ 58»․ ԼՀԿ-ն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության տարիքային շեմը

Մարտ 24,2021 15:42

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության անցնելու թույլատրելի տարիքային շեմը։

Օրինագիծն այսօր ԱԺ լիագումար նիստում քննարկվում է առաջին ընթերցմամբ։

Ինչպես հայտնեց նախագծի զեկուցող, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրենց դիմել են պատերազմի մասնակից ջոկատներ եւ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, նրանք ունեն պատերազմի մասնակցության փորձ, առողջ են, սակայն օրենքն արգելում է նրանց ներգրավել պայմանագրային զինծառայությունում։

«Օրենքը մի դեպքում թույլատրելի շեմ է սահմանել 40, մյուս դեպքում՝ 45 տարեկանը։ Չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ առաջարկները կքննարկենք։ Բնականաբար, պատրաստ ենք քննարկել։ Օրինակ, ասում են, որ մեր առաջարկած շեմը՝ 63 տարեկանը, շատ ավելի բարձր է։ Կարծում եմ՝ կարելի է 55 կամ 58 դարձնել եւ մարդկանց հնարավորություն տալ հատկապես սահմանամերձ համայնքներում վարձատրվել եւ պաշտպանել համայնքը։ Կառավարությունն ասաց, թե մեծ փաթեթի շրջանակում պատրաստում են նման նախագիծ, բայց մեր համար սա հրատապ խնդիր է եւ կապ չունի, թե ով է ներկայացնում»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Նաեւ ասաց, որ այս պահի դրությամբ առաջարկներ չի ստացել։

Մարուքյանը նաեւ շեշտեց, որ Արցախում, օրինակ, տարիքային սահմանափակում չկա, եւ մինչեւ 60 տարեկանները կարող են պայմանագրային զինծառայության դիմել։ «Ի դեպ, մամուլում տեսա նյութ այն մասին, թե իշխանությունն իբրեւ մեր ձեռքով ուզում է այս նախագծով լավություն անել բարձրաստիճան զինվորականներին։ Տեղեկացնեմ, որ գործող օրենքով նրանք կարող են մինչեւ 63 տարեկանը ծառայել, ավելին՝ վարչապետն իր հերթին կարող է ծառայության ժամկետը երկարաձգել, ուստի մեր առաջարկածը կապ չունի նրանց հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031