«Պետության ինքնիշխան իրավունքն է իր օրենսդրության մեջ օրենքով եւ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով իրականացնել ցանկացած փոփոխություն: Վենետիկի հանձնաժողով սովորաբար ուղարկում են այն փաթեթները, որոնք ունեն այնպիսի հնչեղություն եւ այնպիսի կարեւորություն, երբ անհրաժեշտ է ստուգել դրանց համապատասխանությունը եվրոպական չափորոշիչներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի մասին:
Վարդանյանը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է տալիս, բայց չի պարտադրում, որ այն ընդունվի:
Տեղեկություն կա, որ «Իմ քայլը» խմբակցությունում կարծիքները կիսվում են փակ համամասնականի անցնելու եւ ռեյտինգային ընտրակարգը պահելու վերաբերյալ: Հարցին՝ դուք ո՞ր կողմին եք հակված՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Չկա համաեվրոպական կոնսենսուս առ այն, թե որ ընտրական համակարգն է իդեալական: Կան առավել կամ քիչ հիմնավոր ընտրական համակարգեր, որոնք արտացոլում են ժողովրդի քվեն կամ կարծիքը: Վենետիկի հանձնաժողովը բազում անդամներ քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնական ընտրակարգի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ է արտահայտել՝ ելնելով տարբեր երկրների ընտրակարգից»:
Վարդանյանն ասաց, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխելով՝ առաջնորդվում է նախընտրական ծրագրով, կառավարության ծրագրով, այն հանձնառություններով, որոնք տվել է «Իմ քայլը» դաշինքը՝ ընտրությունների ժամանակ:
Կարդացեք նաև
Թե «Իմ քայլին» ո՞ր ընտրակարգն է ձեռնտու՝ ըստ Վլադիմիր Վարդանյանի, ընտրակարգը որեւէ եղանակով չի կարողանալու ազդել արդյունքի վրա:
Հարցին՝ ասում են, որ «Ընտրական օրենսգիրքը» փոխելով՝ Նիկոլ Փաշինյանն իր հագով կոստյում է կարում, կա՞ նման բան՝ Վարդանյանը պատասխանեց. «Չենք փոփոխում որեւէ բան, ասում են, որ դուք օգտվում եք այլ մարդու վրա կարած կոստյումից: Փոխում ենք՝ ասում են՝ փոխում եք, որ ձեզ այդ կոստյումը հարմարեցնեք»:
Վլադիմիր Վարդանյանը գտնում է, որ լավ է այն ընտրակարգը, որը թույլ է տալիս հաշվառել հնարավորինս շատ քաղաքացիների քվեն: Նա օրինակ բերեց՝ մի շրջանում մեծամասնական ընտրակարգի դեպքում, երբ մեկը ստանում 51 տոկոս, մյուսը՝ 49, 51 տոկոս ստացածը ստանում է մանդատը, 49 տոկոս ընտրողների ձայները կորում են: Համամասնական ընտրակարգի պարագայում շատ ավելի քիչ ձայներ են կորում: Կորում են ձայները այն կուսակցությունների, որոնք չեն հաղթահարում շեմը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ