Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝ չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց

Մարտ 24,2021 15:13

«ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման 5 հարց էր, 2-րդ բաժնում 10 հարց է, որոնք ստացել են դրական եզրակացություն, իսկ 3-րդ բաժնում՝ 3 հարց, որոնց գլխադասային հանձնաժողովները տվել են բացասական եզրակացություն:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը , որով առաջարկվում է օրենքի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`«Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»:

Կառավարության եզրակացությունը բացասական էր: Հիմնական զեկուցողը նշեց, թե նախագիծը շուրջ յոթ ամիս շրջանառության մեջ է եղել, իսկ Կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել եւ միայն գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ իրեն առաջարկել են մեկ ամսով հետաձգել քննարկումը՝ խնդրի վերաբերյալ համապարփակ լուծումներ գտնելու նպատակով:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ ֆինանսական առումով հարցն իրագործելի չէ եւ գործընկերներին առաջարկեց ձեռնպահ մնալ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելուց:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախագիծը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկեց քննիչ հանձնաժողովին հնարավորություն տալ անվստահություն հայտնելու Կառավարության այն անդամին, որն անհարգելի կբացակայի քննիչ հանձնաժողովի նիստերից: Ըստ նրա՝ հոդվածի լրացման արդյունքում ապահովվելու է Կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին, ինչը կնպաստի գործող եւ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ՝ գործող օրենսդրությամբ հարցն ամբողջությամբ կարգավորված է:

Քննարկման արդյունքում այս նախագիծը նույնպես մերժվեց:

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագծով, ըստ Անի Սամսոնյանի, առաջարկվում է հրապարակել պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, ՍԴ դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները: Սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դրանք հրապարկման ենթակա չեն: ԱԺ պատգամավորի հավաստմամբ՝ հրապարակման ենթակա չլինելը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը սահմանափակելու դրույթին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծն անձնական տվյալների կոպիտ միջամտություն է եւ առավել բարդացնում է խնդրի լուծումը:

Ազգային ժողովը քվեարկությամբ այս հարցը նույնպես մերժեց:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031