Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը խուսափեց գնահատել նախարար-լրագրող միջադեպը եւ հղում արեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը

Մարտ 24,2021 14:55

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվում է կառավարության ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով գործադիրն առաջարկում է օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելու նպատակով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դրվագները։

Ինչպես զեկուցեց արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը, գործող կարգավորմամբ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, նրա՝ տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձնի կողմից նույն արարքների կատարումը՝  նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչեւ 700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով․ «Մեր առաջարկած փոփոխությունը տեխնիկական բնույթի է։ 164-րդ հոդվածի երրորդ մասում նշվում է` հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Առաջարկում է հոդվածի երրորդ մասի «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով»։

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխնախարարին խնդրեց այս համատեքստում անդրադառնալ լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպին եւ արձանագրել՝ լրագրողի գործունեությունն օրինակա՞ն է, նախարարի կողմից ծեծն ի՞նչ գնահատականի է արժանի։

Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Տվյալ հարցն ավելի շատ իրավապահներին է վերաբերում, բացի այդ՝ հարցին պատասխանելու համար փաստական հանգամանքներին ծանոթ լինելու անհրաժեշտություն կա։ Չեմ կարող այս պահին որակման հետ կապված հստակ պատասխան տալ»։

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց․ «Ազդվում եմ, որ ձեզ նեղ դրության մեջ եմ դնում, հասկանում եմ ձեր կոռեկտությունը, բայց ասեք՝ գույքի վնասմամբ մեկից ավելի հարված հասցնելը ի՞նչ որակումներ կունենա՝ գործող քրեական օրենսգրքով»։

Փոխնախարարը պատասխանեց․ «Կարծում եմ․․․ճիշտ չեմ համարում որակման հետ կապված հարցին պատասխանելը, իմ լիազորությունների շրջանակում չէ։ Ծեծի հանցակազմի հետ կապված կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որով՝ ծեծը պետք է լինի մեկից ավելի հարվածների դեպքում։ Այդքանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031