Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակ տան մեր շրջանակները հաղորդել են, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ի ուղերձը կլինի դրա արտահայտումներից մեկը». Ռուբեն Սաֆրաստյան

Մարտ 24,2021 14:51

«Թուրքիայի նշանակությունն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ այն չէ, ինչ մի քանի տարի առաջ»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյան

Նա նկատեց՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ Բայդենի՝ իշխանության գալուց հետո բավականին փոխվում է: Ըստ նրա՝ միայն մեկ փաստ, որ Թուրքիայի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որ հեռախոսազրույց տեղի ունենա Բայդենի ու Էրդողանի միջև, բայց Վաշինգտոնից արձագանք չկա, վկայում է այդ մասին: Այս առիթով Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Սա բավական խոսուն փաստ է: Բացի դրանից, եթե մի քիչ էլ գլոբալ տեսանկյունից դիտարկենք այդ հարցը, ապա տեղի է ունենում ամերիկյան ռազմավարության փոփոխություն համաշխարհային մասշտաբով: Ամերիկյան արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխվում է դեպի Խաղաղ օվկիանոս՝ կապված Չինաստանի դերակատարության հետ: Եվ Մերձավոր Արևելքը սկսում է կորցնել այն առաջնային նշանակությունը, որ տասնյակ տարիներ տրվել է: Սա նշանակում է, որ թուրքական նշանակությունը, դերը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ փոխվում, թուլանում է»:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Էրդողանի այն գաղափարը, որ պետք է ստեղծել թուրքական բանակ, որտեղ ներգրավված կլինեն երեք հարյուր միլիոն թուրքեր, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Պանթյուրքիզիմի գաղափարական ուղղությունն արտահայտվում է ամենատարբեր բնագավառներում, այդ թվում վերջին շրջանում սկսել է արտահայտվել նաև ռազմական ոլորտում: Տեսնում ենք՝ տեղի է ունենում ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնում թուրքալեզու երկրների միջև: Ռազմական ոլորտի թուրք բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն լինում են թուրքալեզու երկրներում՝ Կենտրոնական Ասիայի, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին և որոշակի գործարքներ են ուզում իրականացնել թուրքական զենք տրամադրելու, ռազմական ոլորտում համագործակցության ոլորտում: Ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը նպատակ ունի ավելի ընդլայնված համագործակցություն ծավալել թուրքալեզու երկրների հետ, միգուցե թուրքական բանակի խնդիրը սկսի իրական տեսք ստանալ: Բայց ներկայումս դրանք խոսակցություններ են, որոնք օգտագործվում են թուրք վերնախավի կողմից»:

Կրկին անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը փաստեց՝ վերջերս մոտ չորս տասնյակ, նույնիսկ ավելի ամերիկացի կոնգրեսականներ՝ և′ հանրապետականներ, և′ դեմոկրատներ, դիմեցին ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց. «Ներկա պահին ԱՄՆ քաղաքական կյանքում, երբ բավականին սուր են հարաբերությունները երկու կուսակցությունների միջև, սա շատ խոսուն փաստ է, որ կարող են երկու կուսակցությունների ներկայացուցիչներ համատեղ այդպիսի նամակով հանդես գալ: Մյուս կողմից Բայդենը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության մեջ ուժեղանում է մարդու իրավունքների պաշտպանության գիծը: Եվ նաև մեկնաբանները, վերլուծաբանները գտնում են, որ այս նոր մոտեցումը նպաստում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ Հայոց ցեղասպանությունը դիտարկվում է այդ տեսանկյունից: Ամենավերջին փաստն այն է, որ բառացիորեն երեկ ինֆորմացիա եղավ, Սպիտակ տան մեր շրջանակները հաղորդել են, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ապրիլի 24-ի ուղերձը կլինի դրա արտահայտումներից մեկը»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն ավելի հստակ դիրքորոշմամբ է հանդես գալիս և′ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ, և′ Թուրքիայի հետ կապված: Ըստ նրա՝ մասնավորապես վերջին հարցազրույցը, որ Արա Այվազյանը տվել էր “Le monde”-ին, հստակ նշում է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել Թուրքիայի ապակառուցողական տարածաշրջանային քաղաքականությանը: Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ մեր ԱԳՆ-ի մոտեցումներն այս հարցում ավելի կոնկրետանում են, ինչը դրական է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031