Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանը, որը 10 տարի է՝ աշխատում է Թայվանում, իր հրապարակախոսական հոդվածներում ստորագրում է «Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից», պատասխանում է Aravot.am-ի հարցերին:
– Արդեն մի քանի ամիս է գիտության մասին չեք գրում, էլ չե՞ք հետևում հայաստանյան գիտական կյանքին։
-Հետևում եմ, նույնիսկ ավելի շատ, քան պետք է։ Բայց պատերազմի օրերին, երբ տղաս ֆրոնտում էր՝ տրամադրություն չկար։ Հիմա էլ մեկ-մեկ վիդեո ուղերձներ եմ պատրաստում Ֆեյսբուքի համար։
-ԱԺ լսումներին եւ ՀՀ բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքի նախագծին էլ եք հումորով անդրադարձել։
Կարդացեք նաև
-Կարելի էր ծիծաղել, եթե այսքան ողբերգական չլիներ երկրի ընդհանուր վիճակը։ Լսումները կազմակերպող Մխիթար Հայրապետյանը մի քանի անգամ խոսեց «ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամի» մասին։ Ակնհայտ է, որ բացարձակապես գաղափար չունի ակադեմիայի կառուցվածքի և իմաստի մասին։ Ու այս կերպարը քննարկման է ներկայացնում գիտության կազմակերպման կառուցվածքը փոխելու մասին օրենք։ Ի՞նչ խոսեմ սրա մասին։ Կամ ինչ-որ աստվածաբան, արանքը դոկտորական «պատվոգիր» փախցնելով եկել գիտությունից է խոսում։ Հանկարծ բայրաքթարից կամ ատոմային ռումբից չհարցնեք։ Մեծ մարդ եմ՝ չվատանամ, մի բան եղավ՝ ո՞վ է պատասխանատու։
-ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մասին եք ակնարկում, ֆեյսբուքի ձեր էջում մի քանի անգամ անդրադարձել եք այդ պաշտպանությանը՝ թե մինչև ԲՈԿ կողմից հաստատելը, թե հետո:
-ԲՈԿ-ի աշխատանքը ղեկավարելը քարտուղարուհու մակարդակի աշխատանք է նորմալ երկրներում։ Մեզ մոտ է, որ «փող փախցնելու» շղթայի կարևոր օղակ էր։ Այդ տղան՝ Սմբատը Գոգյան, փորձում էր ինչ որ բան փոխել։ Ցավոք չստացվեց կամ չթողեցին։ Արդյունքում ամեն ինչ ավելի խառնվեց՝ հարյուրավոր նրա երկրպագուներ հիմա համոզված են, որ գրագողությունն է հայկական գիտության դժբախտությունը։ Առանց այն էլ վատ կրթությամբ դեֆորմացված լսարանը, որտեղ իբր գիտության պրոբլեմները պետք է քննարկվեին՝ ավելի անիմաստացավ։ Ավելին ասելու ցանկություն չունեմ։
-Ի դեպ, ԲՈԿ-ը որոշ պարզաբանումներ է ներկայացրել Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին, չե՞ք ուզում անդրադառնալ դրան, հակառակ դեպքում անհասկանալի է ձեր ակտիվությունը այդ թեմայով։
-Որոշեցիք ինձ քարտուղարուհու գործ տալ, շատ շնորհակալ եմ։ Լավ, անդրադառնամ մի քանի կետի։ Քանի որ պաշտպանության տեսանյութը դիտել եւ քննարկել իմ էջում՝ ժամանակագրությունը պահենք։
1.068 պաշտպանության խորհրդի քարտուղարը ներկայացնում է դիսերտանտին, նշելով, որ նա ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը։ Հայտարարում է, որ նա ունի 40-ից ավել տպագրված աշխատանքներ միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Ակնհայտ սուտ տեղեկություն։ ԲՈԿ պատասխանի մեջ խոսվում է ինչ-որ իրավասության մասին, որը նրանք չունեն։ Սուտ խոսելը պետական պաշտոնյայի կողմից բացահայտելու համար ի՞նչ իրավասություն է պետք։ Ճշտեք՝ ով է խաբում, դիսերտանտը, թե՞ գիտքարտուղարը։ Ընկել միասին գրագող եք ման գալիս։
2․Ես չգիտեմ Նեստո՞րն է հայ, Դիոդորոս Տարսոնացի՞ն, թե Թեոդորոս Մոպսուեստացի՞ն, որոնց մասին գրում է դիսերտանտը իր աշխատություններում։ Ինչքան գիտեմ, Հիսուսի բարեկամների մեջ էլ հայ չկար։ Ինչո՞ւ են փորձում աշխատանքը «սղացնել» հայագիտության տակ։ Եթե Բլոկի և Անդրեյ Բելու վեճերի մասին հայերեն տառերով գրենք՝ դա է՞լ կդառնա հայագիտական։ Բայց նույնիսկ հայագիտական աշխատանքի ավելի համեստ պահանջը չի կատարվում։
Այստեղից սկսած «քարտուղարուհու գործը»։ Բացում ենք սեղմագիրը, որտեղ նշված են 5 հոդված միջազգային ամսագրերում։ Բացում ենք այդ երկրների ԲՈԿ կայքերը և հանում ամսագրերի ցուցակները, որտեղ տպագրված հոդվածները ընդունվում են պաշտպանության։ Մնացածը պարզագույն գործ է, որը չի արել հայկական ԲՈԿ-ը՝ գրագող էին բռնում, զբաղված էին։
Философия социальных коммуникаций, Волгоград ամսագիրը եղել է ՌԴ ԲՈԿ ցուցակներում մինչև 2015թ․ և հանվել այդ ցուցակից։ 2018թ․, երբ դիսերտանտը հոդված է տպագրել այս ամսագրում՝ այն այլևս չկար ԲՈԿ ցուցակում։ Չենք հաշվում։
АЛЬМАНАХ современной науки и образования, Тамбов’ ՝չկա ՌԴ ԲՈԿ ցուցակներում՝չենք հաշվում։
Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики՝ 2018-ից վերանվանվել է «Манускрипт» և այդ թվականից էլ մտել է ՌԴ ԲՈԿ ամսագրերի ցուցակ։ Դիսերտանտի հոդվածը 2017-ին է տպագրվել, երբ չկար ամսագիրը ցուցակում՝ չենք հաշվում։
Филисофский и общественно-гуманитарный журнал, Казахстан ամսագիրը չկա Ղազախստանի ԲՈԿ ցուցակում՝ չենք հաշվում։
Իսկ Минская духовная академия при Свято-Успенском Жировичском монастыре անցկացված սեմինարի նյութերը համարել հոդված միջազգային ամսագրում դա կարող էր միայն հայկական ԲՈԿ-ը եւ աստվածաբանության խորհուրդը, եթե շատ ուզենք էլ չի հաշվվի։
Սրանից հետո խոսելու բան չկա։ Արդեն հայկական ամսագրերի ցուցակները նայել, ստուգել, թե ինչն են «տակով արել»՝ զահլա չունեմ։ Եթե սրան ավելացնենք պարզապես ծիծաղելի 5-6 հղումները, այն էլ «պատի թերթ» հիշեցնող ամսագրերում…ամոթ է շարունակել։ Ասում ենք հայցորդին՝ վերցրու դավթարդ ու գնա այստեղից։ Վերջ։
-Ի՞նչ եք առաջարկում, որևէ ելք տեսնում ե՞ք այս վիճակից։
-Արդեն ոչինչ չեմ առաջարկում, հոգնել եմ։ Եվ չեմ էլ տեսնում, թե ում հետ քննարկեմ։ Մենք իրար հետ տեսանք, թե ինչպես կեղծ դիպլոմով թեկնածուական են պաշտպանում։ Բռնվում են, գնում նոր դիպլոմ առնում ու նորից պաշտպանում։ Որևէ բան փոխվե՞ց։ Գրագողը ղեկավարում էր հայկական գիտությունը։ Բազում անգամներ դա ցույց եմ տվել, նույնիսկ հայտարարություն տվել հանցագործության մասին։ Որևէ բան փոխվե՞ց, բացի ինձ վնաս տալուց։ Երկրում, որտեղ սուտ խոսելը ոչ թե հանցանք, նույնիսկ ամոթ չէ, ես ի՞նչ և ո՞ւմ առաջարկեմ։
-Բայց խոսք են տալիս այս տարի գիտության ֆինանսավորումն ավելացնել 2,7 մլրդ դրամով, իսկ եկող տարի՝ 5 միլիարդով։
– Մոռացաք ավելացնել՝ եթե գիտնականներն ու նրանց համակիրները ձայն տան ընտրություններում, եթե մնան իշխանության։ Գռեհիկ, անթաքույց PR ընտրությունների նախաշեմին՝ Շմայսի «արա, էն ասֆալտի գյադեն ուր ա» մակարդակի։ Այստեղ ամեն ինչ է աբսուրդի վերածվել։ Նոր «ձաձա ջան, փող տուր» շարժում է սկսվել՝ «Գիտուժ» խրոխտ վերնագրով։ Նախորդ նմանատիպ շարժումը՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում», ես էլի անվանում էի «ձաձա ջան, փող տուր»։ Բայց եթե նախորդի մասնակիցները աղքատ գիտնական երեխաներ էին, հիմա եկել են ինչ-որ անհասկանալի գիտնական-բիզնեսմեն ներկայացող դեմքեր, խոսում են իրենց աշխատած միլիարդավոր դոլարներից ու նորից գոռում «ձաձա ջան, փող տուր»։
Մի երկու անգամ լսեցի դրանց՝ սկսած ԱԺ քննարկումներում «բայրաքթար էր քշում յարս» ելույթից մինչև կիսագրագետ, բայց հիպոթետիկ միլիարդների մասին հարցազրույցներ։ Բացարձակապես գաղափար չունեն՝ ինչ է գիտությունը, ստեղից-ընդեղից փախցրած պատվոգրեր և անսահման պոռոտախոսություն։ Էդ բայրաքթար քշողներից մեկն էլ, խառնվելով ընդհանուր PR-ին, հոխորտաց՝ ի՞նչ 2,7 մլրդ, մենք անհապաղ 50 տոկոս ենք ուզում։ Մեկն ասի, դուք էլ եք գոռու՞մ «ձաձա ջան, փող տուր»։ 100 հոգի դոլարային միլիոնատեր եք իբր հավաքվել։ Ամեն մեկդ 2 հազար դոլար տվեք ու ֆինանսավորեք ինչ-որ երիտասարդական գրանտ։ Ու թողեք, գնացեք ձեր գործին՝ անիմաստ «ձաձա ջան, փող տուր» գոռացող շատ կա։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Սասուն, եթե վճարես 5000դրամ՝ էդքանով եմ առել, քեզ կվիրեմ Թռչունյանի էպոխայի «МАНЕБ» ամսագիրը, որն իմ կարծիքով առնվազն 100 դոկտոր է ծնել: Կպահեմ, արժե ուսումնասիրել ու գնահատել գիտության ոլորտի բիզնեսի չափերը: