ԱԺ լիագումար նիստում այսօր ընթանում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության երկրորդ փուլը։ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցի եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործող դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Հիշեցնենք, որ ընտրության առաջին փուլի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ թեկնածուների հանդեպ դրական են տրամադրված, սակայն հաշվի առնելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վարքը եւ նոյեմբերի 15-ի քաղաքական հայտարարությունը՝ չեն ընտրի թեկնածուներին։ Ընդ որում, առաջին փուլի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորների հարցերի մեծամասնությունը վերաբերում էր ոչ թե թեկնածուներին, այլ Ռուբեն Վարդազարյանին։
Այսօրվա նիստում ելույթի ժամանակ Արմեն Հայկյանցն ակնարկեց, որ այդ ժամանակ ընթացակարգային որոշ շեղումներ եղան․ «Ստացվում է, որ չպետք է կատարենք թեկնածուների ընտրություն, կամ պետք է կատարենք՝ թեկնածուին փոխանցելով դեֆեկտային լեգիտիմություն։ Ողջամիտ սպասում ունենամ, որ պատգամավորները կփորձեն մեղմել հասարակական այն ընկալումը, որ վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ընթացակարգը կարող է քաղաքականացվել»։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության անունից պատգամավոր Հայկ Կոնջորյանը նախ հայտարարեց, որ ազգային ժողովը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, իսկ պատգամավորների հարցերը ժողովրդին հուզող հարցերն են։ Ապա Հայկ Կոնջորյանը հիշատակեց, որ արդարադատության աստվածուհին Ֆեմիդան է՝ աչքերը փակ, ձեռքին՝ կշեռք եւ սուր, ու նշեց, թե ինչ է արել Ռուբեն Վարդազարյանը՝ իր վերոնշյալ հայտարարությունից հետո․ «Նա արեց քաղաքական մարտակոչ։ Ստացվում է, որ նա դատական համակարգի անունից բացել է Ֆեմիդայի աչքերը, որպեսզի նա տեսնի, թե ով է իր առաջ կանգնած եւ կորցնի անաչառությունը։ Պարոն Վարդազարյանն այդ մարտակոչով Ֆեմիդայի սուրն ուղղել է այսօրվա իշխանության դեմ։ Ահա թե ինչ է նա արել Ֆեմիդայի եւ արդարադատության հետ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ