Այս օրերին Երևանի երաժշտական կրթօջախներում մեկնարկեցին «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգները: Անդրանիկ համերգը տեղի ունեցավ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև պատանի երաժիշտները հանդես եկան Երևանի Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում:
Ընտրությունը պատահական չէ` 11-ից 17-տարեկան պատանի կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) հանդիսանում են մեր հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ: Երեկոների ընթացքում նրանք կատարեցին Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ․ Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ․ Շումանի, Յ․ Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի ստեղծագործությունները: Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին կատարեցին Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» Գայանե բալետից, որը հատուկ իրենց համար գործիքավորել էր երիտասարդ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանը:
Կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Էդուարդ Հայրապետյանի գնահատմամբ՝ տաղանդավոր երեխաների բացահայտումն ու նրանց ցուցաբերված աջակցությունը շատ կարևոր քայլ է, որն իրականացնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ:
«Ժյուրին բավականին խիստ մոտեցում է ցուցաբերել՝ ընտրելով լավագույններին, որոնք եւ ստանում են ոչ միայն դրամական, այլեւ, ինչը շատ ավելի կարևոր է, մասնագիտական աջակցություն»,-նշեց Հայրապետյանը, ով ընդգրկված էր մասնագիտական ժյուրիի կազմում հիմնադրամի հայտարարած մրցույթում:
Կարդացեք նաև
Ըստ մաեստրոյի՝ անհատները միանգամից չեն փայլում իրենց ունակություններով, նրանց պետք է բացահայտել, խրախուսել եւ աջակցել. «Հետեւաբար, որքան շատ երեխաների ցուցաբերվի աջակցություն, այնքան ավելի շատ տաղանդավոր կատարողներ ի հայտ կգան: Պետք է բացահայտել տաղանդավորներին եւ չսահմանափակվել միանվագ աջակցությամբ: Այդ առումով հիմնադրամի մոտեցումը շատ ճիշտ է, քանի որ ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում դրամական խրախուսմամբ, կազմակերպվում են վարպետության դասեր, համերգներ, որոնք այդքան անհրաժեշտ են պատանի կատարողներին իրենց ուղին հարթելու համար, եւ մասնագիտական այսպիսի տեւական աջակցությունը շատ կարևոր է պատանի երաժիշտի համար: Քաջատեղյակ լինելով Սերգեյ Սմբատյանի ստեղծագործական գործունեության մասին` շատ ուրախ եմ և ողջունում եմ նրա նաև բարեգործական այս նախաձեռնությունը. նրա հայացքը միշտ ուղված է դեպի առաջ և նա շատ լավ հասկանում և, ամենակարևորը, ահռելի աշխատանք է կատարում մեր ապագա սերունդների զարգացման և առաջխաղացման գործում»:
ՀՀ վաստակավոր արտիստ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն ջութակահար Վարազդատ Խաչումյանը բարձր գնահատեց համերգին պատանի երաժիշտների կատարումները. «Համերգի տաս մասնակիցներից մեծամասնության կատարումները փայլուն էին, մնացածը դեռ պետք է աշխատեն իրենց վրա` երեխաների հուզմունքը մեծ էր: Համերգը լավ անցավ, փայլուն ծրագիր է, կարևոր է, որ համերգային ծրագրերը լինելու են շարունակական, ինչը շատ ողջունելի է»:
Անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը՝ Խաչումյանը ողջունեց տաղանդավոր երեխաներին բացահայտելու եւ աջակցելու ծրագիրը, նշելով, որ անտաղանդները միշտ իրենց տեղը կարողանում են գտնել, մինչդեռ տաղանդավորներին պետք է աջակցել եւ առաջ տանել. «Աջակցելով տաղանդավոր կատարողներին՝ հիմնադրամին կհաջողվի հասնել իր նպատակին՝ ապահովել երաժշտական ասպարեզում պրոֆեսիոնալ կատարողների սերնդափոխություն: Սա փայլուն նախաձեռնություն է, որը կտա իր արդյունքները երաժշտական ոլորտում»:
Հիմնադրամի ստեղծման գաղափարը ուղված է Հայաստանի պատանի երաժիշտ կատարողների ստեղծագործական զարգացմանն ու խթանմանը և հենց այս մասին իր խոսքում նշում է խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը՝ նա նշեց. «Շնորհալի երեխաներին պետք է աջակցել, որպեսզի իրենք կարողանան աճել եւ դառնալ երաժիշտ: Ես այն կարծիքին եմ, որ երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է, մրցակցության դաշտը շատ փոքր: Պետք է մրցակցության խթան լինի եւ որևէ մեկի համար այդքան հեշտ չլինի հասնել որևէ բանի, քանի որ ուսումնական հաստատություններում պակասում են լավ մասնագետ ուսուցիչները, որոնք ձգտում են աշակերտների լավագույն արդյունք ստանալ: Կան շատ տաղանդավոր ու շնորհալի երեխաներ, որոնք դուրս չեն գալիս ասպարեզ: Այս ոլորտում հաջողության հասնելու համար պետք է պետական մակարդակով փոխվի մարտավարությունը»:
Ըստ Հեքեքյանի՝ տաղանդավոր, շնորհալի երեխաներին աջակցելու համար անհրաժեշտ է ստեղծել մրցակցություն. ««Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ընտրել է 10 շնորհալի երեխաների, կարծում եմ, ընթացքում պետք է ձեւավորի նաև նրանց միջեւ մրցակցություն: Եթե երեխան շնորհալի է՝ պետք է իր տաղանդն ու ունակությունները բազմապատկի տքնաջան աշխատանքով, ինչը շատ հաճախ չի անում: Բացի այդ շատ կարևոր է, որ հիմնադրամը կազմակերպում է երեխաների համար վարպետության դասեր, դա մեծապես կաջակցի նրանց կայացման գործում»:
Հեքեքյանը կարծիք հայտնեց, որ հիմնադրամի նախաձեռնությունը՝ գտնել եւ խրախուսել տաղանդավոր երեխաներին կհաջողի. «Առավել արժանիներին պետք է ճանաչելի դարձնել, հանել միջազգային ասպարեզ, մասնակից դարձնել միջազգային նախագիծներին»:
Նշենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգները նախատեսվում է անցկացնել կրթաթոշակառուների մյուս երաժշտական հաստատություններում՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: