Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիջումների մասին դժվար է խոսել, եթե Ռուսաստանն իր շուկայում արդեն իսկ ունի թանկացումներ». բենզինի թանկացման բացասական ազդեցությունը տնտեսության վրա կարող է կրկնակի, եռակի լինել․ տնտեսագետ. «Ժամանակ»

Մարտ 24,2021 11:27
benzin

Ռուսաստանի հաշվիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ նախազգուշացրել էր երկրում վառելիքային ճգնաժամի ռիսկի առաջացման և բենզինի գների բազմակի թանկացման մասին։ Ռուսաստանյան բենզալցակայաններում վառելիքի կտրուկ թանկացումը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենալու նաև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը իր վառելիքի 60 տոկոսից ավելին ներկրում է հենց Ռուսաստանից։

Տնտեսագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադևոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանում վառելիքի թանկացումը կայծակնային արձագանք կունենա Հայաստանում։ Բենզինը նորից կթանկանա և այդ թանկացումը շղթայաբար կազդի նաև այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։ «Մենք հայտնվելու ենք բավականին տխուր իրավիճակում։ Այսպես թե այնպես, արդեն գազի գնի հետ կապված թանկացումները եղան, ատոմակայանը կանգնել է 140 օրով, այլ խնդիրներ ևս ունենք ու դրան էլ գումարվի վառելիքի՝ բենզինի թանկացումը, ապա այն շատ լուրջ ազդեցություն կունենա բիզնեսի վրա։ Ընդ որում, պետք է արդեն իսկ նկատի ունենալ, որ բիզնեսը սկսել է վնասներ կրել վառելիքի թանկացումներից։ Դա ակնհայտ է, ու երբ նայում ենք տնտեսական զարգացման այս անկումային վիճակին, ապա պարզ է դառնում, որ հետագա թանկացումը կարող է շատ ավելի բարձ իրավիճակ ստեղծել»,-ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մի հույս չունի, որ Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ գործընկերոջ, կարող է որոշակի զիջումներ կատարել։ «Մենք մինչ այս էլ նման որևէ զիջումների փորձ անգամ չենք նկատել։ Դրա մասին առավել դժվար է խոսել, եթե Ռուսաստանն իր շուկայում արդեն իսկ ունի որոշակի թանկացումներ։ Զիջումներ չեն լինի և դա շատ բացասաբար կազդի մեր՝ առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող տնտեսության վրա։ Բացասական ազդեցությունը կարող է կրկնակի, եռակի լինել»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով հնարավոր այլընտրանքներ փնտրելու հարցին, Թադևոսյանը նկատեց, որ դա շատ բարրդ հարց է։ Գուցե այլընտրանքներ կան՝ ի դեմս Իրանի և մի քանի այլ երկրների, բայց դրանք ժամանակի հարց են։ «Այնպես չէ, որ մեկ ամսում, լավագույնը մեկ տարուց հնարավոր է այլընտրանքային շուկաներ գտնել, դիվերսիֆիկացնել շուկան։ Այլընտրանքային շուկաների մասին չեն մտածում, երբ բանը հասնում է կրիտիկական կետին։ Այլընտրանքի մասին մտածում են այսօր, իսկ արդյունքը լինում է միայն մի քանի տարի հետո։ Իսկ մենք ընդամենը մեկ ամսից դժվարին իրավիճակի մեջ ենք հայտնվելու, և դա իր հերթին կարող է ծանր հետևանքներ առաջ բերել։ Այս ամենի մասին պետք է մտածի կառավարությունը»,- ասաց Թադևոսյանը։

Դեռևս անցած տարի՝ որպես այլընտրանքային շուկա, դիտարկվում էր նաև Ղազախստանի շուկան։ Անգամ Ազգային ժողովը համապատասխան համաձայնագիր վավերացրեց վառելիքի ներկրման ծավալների վերաբերյալ, բայց գործնականում այդ համաձայնագիրը, կարծես թե, կյանքի չկոչվեց։

Ջուլիետա Թադևոսյանը ևս նշեց, որ այս մասով էլ դրական տեղաշարժեր չկան, ամեն ինչ մշուշոտ է, որը մեծապես պայմանավորված է քաղաքական գործոններով։ «Քաղաքականությունը մեծապես կապված է տնտեսության հետ և չի կարող իր ազդեցությունը չունենալ տնտեսության վրա։ Ներքաղաքական, արտաքին քաղաքական վիճակը ազդում է տնտեսության վրա, տրամադրություններ է ստեղծում, վերաբերմունք է ստեղծում, վստահության կորուստ է առաջացնում և դա իր հերթին ծանր է անդրադառնում առանց այդ էլ եղած բարդ իրավիճակի վրա»,- եզրափակեց տնտեսագետը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031