Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Մեզ ասել էին՝ անհրաժեշտ կլինի, որ հողամասը նվիրաբերվի պետությանը». թանգարանը 6 տարի է՝ կիսակառույց է. Դավիթ Մաթեւոսյանը հրաժարվել է կառավարության հետ բանակցություններից. «Հայկական ժամանակ»

Մարտ 24,2021 11:20

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2.5 տարում, արդեն 6 տարի է՝ չեն ավարտվում: Ավելին՝ Մաթեւոսյանի ժառանգ, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը հայտնում է, որ 2021 թվականի մարտի 21-ին պաշտոնական գրությամբ հրաժարվել են Կառավարության հետ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն- թանգարանի կառուցման, կահավորման եւ գործարկման անարդյունավետ բանակցություններից:

Մաթեւոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կենտրոն-թանգարանը վերջանական տեսքի բերելու ու շահագործման հանձնելու նպատակով պատրաստվում են դրամահավաք իրականացնել, եւ այսուհետ դիմելու են բացառապես հանրությանը, ոչ կառավարական կազմակերպություններին: Դիմելու են նաեւ գործարարներին` բոլոր նրանց, ովքեր մշակույթի, Հրանտ Մաթեւոսյանի արժեքն ու դերը հասկանում են. «Մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես`այդ ֆինանսավորմամբ»:

«2018 թվականից առ այսօր, չնայած մեր բոլոր ջանքերին, առաջարկներին, պնդումների եւ հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների եւ կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել եւ չի փոխվի»,- գրել է Մաթեւոսյանը:

«Հայկական ժամանակը» Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեց, թե որոնք են նման հանգուցալուծման տանելու պատճառները, ինչ-որ հարցում դարձյալ անհամաձայնությո՞ւն ունեն, թե՞ պարզապես այս տարիներին ՀՀ կառավարության՝ կենտրոն-թանգարանի կիսակառույց մնալն աչքաթող անելու եւ անտարբերության արդյունքում հասունացած որոշում է սա:

«Մեզ ասել էին՝ այն հողամասը, որի վրա շենքը կառուցվում է, պատկանում է Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամին, ու որպեսզի հնարավոր լինի ինչ-ինչ գործառույթներ իրականացնել եւ հետագայում կենտրոնը շահագործել, անհրաժեշտ կլինի, որպեսզի հողամասն իր բարելավումներով հանդերձ նվիրաբերվի պետությանը: Ապա, երբ պետությունը կառուցապատումն ավարտի, դրանից հետո շենքը կգործի որպես կենտրոն-թանգարան»,- ասաց նա:

Մաթեւոսյանը մանրամասնեց, որ նվիրաբերության ու կառավարության առաջարկների հետ կապված որոշակի ռիսկեր են տեսել. որոշել են նվիրաբերությանը վերաբերող նամակ-առաջարկով դիմել կառավարությանը՝ տվյալ դեպքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որոշակի նախապայմաններ են առաջարկել, որոնց իրականացման դեպքում շենքը կնվիրաբերեին պետությանը: Մաթեւոսյանի խոսքով՝ հետագայում, երբ սկսվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ մշակվել, իրենց նամակ-առաջարկում եղած նախապայմաններից ոչ մեկը հաշվի չեն առնվել ո՛չ որոշման նախագծում, ո՛չ էլ կից ստեղծված տեղեկանք-փաստաթղթում:

«Մենք նվիրաբերությանն էինք համաձայնվելու միայն մեր նախապայմանները հաշվի առնվելու դեպքում, որոնք շատ սթափ ու ռացիոնալ պայմաններ էին, բայց հաշվի չառնվեցին: Աշխատանքային խումբ էր ստեղծվել, որին նաեւ ես էի մասնակցում, մենք մի քանի անգամ ինչ-որ փոփոխություններ առաջարկեցինք, իբրեւ թե համաձայնվում էին, բայց ամեն անգամ նախագծի հերթական վերջնական տարբերակը մեզ ներկայացնում էին ամբողջովին մաքրված՝ մեր առաջարկած բոլոր կետերը հանած»,-ասաց նա:

Դավիթ Մաթեւոսյանը նաեւ նկատեց՝ նախորդ տարվա դեկտեմբերին եւս մեկ անգամ բացատրել էր իրավիճակը: «Երեք ամիս սպասելուց հետո մի քանի օր առաջ մեզ ներկայացվեց որոշման նախագիծ, որը դարձյալ ստերջ, ստերիլ, ոչ մի կետ չպարունակող մի բան էր, ու մենք կայացրեցինք այն որոշումը, որը դուք արդեն տեսել եք իմ հրապարակմամբ»,-մանրամասնեց նա:

Մաթեւոսյանը մտահոգություն հայտնեց, որ արդեն երկու տարի է՝ կառուցված առաջին երկու հարկերում որոշ բաներ թերի են, թեթեւ վթարներ են եղել ներսում ու տարբեր հատվածներ վնասվել են: Ու թեեւ կենտրոնը չի շահագործվում, այն բազմաթիվ ծախսեր է ենթադրում՝ շենքի ջեռուցման, պահակին վճարելու եւ այլն:

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը պաշտոնական երկու գրություն էր ուղարկել, մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ եթե հետագայում Կառավարությունն ունենա ինչ-որ քայլեր անելու ցանկություն կամ առաջարկ, առանց հիմնադրամի հետ բանակցելու կարող է ուղղակիորեն հայտարարել եւ տրամադրել շինարարության համար անհրաժեշտ գումարը: Ըստ Մաթեւոսյանի՝ ստեղծված իրավիճակում դա կլինի լավագույն լուծումը: Սակայն շենքին վերաբերող հայեցակարգային որոշումներ կայացնելու իրավասություն կառավարութունը չի կարող ունենալ, եթե չունեն հիմնադրամի հետ համաձայնեցվածություն:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031