Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան. «Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բանակի համար խայտառակ իրավիճակ է, որ բանակը խառնվեց քաղաքականությանը». «Ժամանակ»

Մարտ 24,2021 10:31

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

 Ինչպե՞ս եք գնահատում Գլխավոր շտաբում տեղի ունեցող փոփոխությունները, Արտակ Դավթյանի նշանակումը: Դուք ակնկալո՞ւմ եք, որ այդտեղ փոփոխություններ կլինեն:

– Նախ ասեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, մեր բանակի համար խայտառակ իրավիճակ է, որ բանակը խառնվեց քաղաքականությանը: Դա չէր կարելի թույլ տալ: Մենք արդեն 30 տարվա պետություն ենք, ավելի վատ բաներ են եղել, բայց մեկ է՝ բանակը այս ձևով չի խառնվել քաղաքականությանը: Օրինակ՝ 2008 թվականին զորամասերից մարդկանց են բերել Երևան քաղաք, զինվորներ ու տեխնիկա են բերել Երևան, բայց որ բանակի ղեկավարությունը վեր կենա, քաղաքական հայտարարություններ անի, այդպիսի բաներ չեն եղել: Հիմա բանակը կաթվածահար վիճակում է, փոխանակ այս պատերազմից հետո ավելի կազմակերպվեր, ավելի թերությունները վերացներ, խառնվում է քաղաքականությանը: Ընդդիմությունը հայտարարում է՝ Սյունիքը տվեցին, Գեղարքունիքը տվեցին: Այդ ֆոնին փոխանակ բանակը շուտ վերականգնվեր, նոր կառույցներով հանդես գար, փոփոխություններ լինեին, որ կարողանայինք մեր սահմանները պահել, այլ բաներով են զբաղված: Հենց մի բան է լինում, ձեռքներս գցում ենք ռուսի փեշին: Ինչի՞ եք գծում ռուսի փեշին: Մենակ Ազատության հրապարակում, Բաղրամյանում այդքան մարդ որ հավաքվում է, դա արդեն երկու բրիգադ է: Այդ երկու բրիգադը կարելի էր տանել Սյունիք ու բոլոր հարցերը փակել: Թող այնքան էլ արխային չընկնեն, թե ռուսը մեզ կարող է պաշտպանի: Մենք արդեն համոզվել ենք, թե ինչ ձևով կարող է մեզ պաշտպանել: Նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը որ կնքվեց, դրանում առկա կետերը մինչև էսօր ռուսները չեն ստիպում, որ կատարվեն: Չէ՞ որ մեր գերիներին թշնամին վերցրել է այն ժամանակ, երբ ռուսներն արդեն 4-5 օր էր՝ Ղարաբաղում էին: Այդ հայտարարությունն իրենց թելադրանքով է ստորագրվել, դե թող հիմա բերեն գերիներին վերադարձնեն: Եթե ռուսները ցանկություն ունեն գերիներին հետ բերելու, հենց վաղն էլ հետ կբերեն: Հույսը ուրիշի վրա դնելու հետևանքը սա է լինելու: Մենք վերջապես պետք է ուղղենք մեր բանակի մեջքը: Այս պահին Գլխավոր շտաբի երեք պետ կա, այդպիսի բան ո՞վ է տեսել: Թող բանակը բաժանեն երեք մասի ու ղեկավարեն:

Վիտալի Բալասանյանը նաև հայտարարել էր՝ ինքը վստահ է, որ առնվազն ԼՂԻՄ-ի նախկին սահմանները վերականգնվելու են: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Եթե Վիտալիկն ասում է, ուրեմն Վիտալիկը գիտի: Նախ՝ Վիտալիկը պետք է ժամանակին կռվեր, որ սահմանների խնդիր չլիներ, իսկ եթե հիմա մի բան մտածել է, թող մտածի սահմանները վերականգնի:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031