Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատել մտածող լսարանի համար

Մարտ 24,2021 10:00

Նախորդ տարվա նոյեմբերին ձեւավորվեց տասնյակից ավելի ընդդիմադիր կուսակցությունների դաշինք, որն անվանում են «16+» կամ «17+»: Այդ դաշինքը, որտեղ առանցքային դեր է խաղում Դաշնակցությունը, եւ որն ունի վարչապետի իր թեկնածուն (Վազգեն Մանուկյան), այս ամիսներին ակտիվ գործունություն էր ծավալում Երեւանի փողոցներում եւ հրապարակներում: Արվել են քայլեր, որոնք արդյունավետ էին, որոշ ակցիաներ անհաջող էին ստացվում, հռետորաբանությունը երբեմն քաղաքական էր, երբեմն (ըստ իմ)՝ փողոցային: Չեմ պատրաստվում խիստ դատավորի դեր ստանձնել՝ թող դրանով զբաղվեն իշխանությանը քծնողները: Ի վերջո, մարդիկ իրենց ցավն էին արտահայտում՝ պատերազմում մեր կրած ամոթալի պարտության եւ դրա հետեւանքների առիթով, միանգամայն իրավամբ նշելով գլխավոր մեղավորին, որը, սակայն, իր մեղքը չի ընդունում:

Բայց ցանկացած շարժում ունի իր սկիզբը եւ պետք է ունենա նաեւ իր վերջը: Եվ այս փուլում ինձ թույլ կտամ մի քանի նկատառում հայտնել ընդդիմության այս մասի 5 ամսվա գործունեության վերաբերյալ: Սկսենք անունից. «Հայրենիքի փրկության շարժում» անունն ինձ չափից դուրս հավակնոտ, ամպագոռգոռ է թվում: Փրկիչը մեկն է, մահկանացուների մեջ փրկիչներ չկան՝ պետք է ավելի համեստ լինել:

Ավելի սկզբունքային հարց է լսարանը: Փաշինյանի հիմնական լսարանը ցածր կրթական ցենզ, քիչ տեղեկություններ ունեցող, առասպելական աշխարհում ապրող մարդիկ են, որոնց ազգի եւ պետության խնդիրները չեն հուզում: Նրանց բավական է ցույց տալ «նախկինների» խրտվիլակը, եւ նրանք ամեն ինչ կմոռանան: Ընդդիմության լսարանն այլ է. նրա հետ հնարավոր չէ խոսել նույն լեզվով եւ ազդել նույն մակարդակի փաստարկներով, որոնք կիրառում է Փաշինյանը՝ իր լսարանի հետ շփվելիս:

Մասնավորապես, մտածող մարդկանց կարող են վիճելի թվալ «կապիտուլյանտ» կամ «դավաճան» պիտակները: Քանի որ այդ լսարանում, ի տարբերություն փաշինյանական ընտրազանգվածի, հավաքվել են մարդիկ, որոնք ոչ մի բան հալած յուղի տեղ չեն ընդունում, նրանք կարող են հարցեր տալ՝ արդյո՞ք նոյեմբերին 9-ին ստորագրած համատեղ հայտարարությունը կապիտուլյացիայի մասին պայմանագիր էր կամ՝ ինչո՞ւմ է արտահայտվում Փաշինյանի դավաճանությունը. եթե մարդն ի վիճակի չէ երկիր ղեկավարել եւ պետությունը ձախողումից ձախողում է տանում, մի՞թե դա մեխանիկորեն նշանակում է, որ նա դավաճան է:

Այնուհետեւ՝ ընդդիմության այս մասը պետք է, հավանաբար, մտածի պայքարի ձեւերի մասին: Արդյոք իրավիճակը չի՞ փոխվել այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների օրը: Այդ դաշինքի կուսակցությունները պետք է միասին կամ առանձին-առանձին հայտարարեն՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին, բոյկոտելու կո՞չ են անելու, կամ գուցե պարզապես արհամարհելո՞ւ են: (Ի դեպ, Բաղրամյան պողոտան բացելը նրանց կողմից շատ ճիշտ որոշում էր՝ այդ տարածքը փակ պահելը ոչ մի խնդիր չէր լուծում):

Վերջապես, բացի քննադատությունից, մտածող լսարանին պետք է ներկայացնել ինչ-որ «դրական» բան` երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ծրագիր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս մասին յատուկ բացատրութիւն չեմ լսած, սակայն ակնյայտ է որ՝ «Հայրենիքի Փրկութեան Շարժում» անունը կ’արձագանգէ 1921-ի «Հայրենիքի փրկութեան կոմիտէ»ին: Զորս կազմուեցաւ Փետրուարեան Ապստամբութենէն» ետք, ի դէմ՝ բոլշևիկներին:

    Իսկ այժմու պահն ալ կարելի է համարել օրհասական, մինչ, ըստ այս Շարժումին՝ նրա պայքարը ուղղուած է Հայաստանի «ներքին թշնամիների» դէմ, ինչպէս որ էին անցեալին բոլշեւիկները – որոնց նաեւ, նոյն տեսակէտից, բաղդատելի կրնայ հանդիսանալ այժմու վարչակարգը, յատկապէս իր ապազգային բնոյթով, անհանդուրժողութեամբ, հռետորութեամբ եւ բռնատիրական հակումներով – :

    Իսկ Ընդդիմութեան կարգ մը սայթաքումները, ոչ միշտ յաջող փորձեր են՝ «յարմարուելու» Հայաստանում փաշինյանիզմի մէջտեղ հանած նոր իրականութեան, իշխանութեան «կախարդանքից» քակելու եւ դէպի իրենց բերելու նրա իւրայատուկ քուէարկողների հատուածին մի մասը, որքան որ դա կարելի է – հաւանաբար անյոյս մարտավարութիւն մը, զուր ջանքեր, քանզի այդ յատուկ քուէարկողներն ալ… հին միջոցներով միայն կրնան իրենց ձայները «Իմ Քայլ»էն զատ ուրիշների տալ. արդէն նախկին ընտրութեան ալ, անհատական շահագրգռութիւնն էր իրենց մղիչ ուժը, անձնական շահը, սակայն այդ անգամ՝ ոչ ուղղակի, անմիջապէս գրպանուող, շօշափելի փողի ձեւի տակ – :

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Մտային պատասխանէն ետք, անցնինք քիչ մը աւելի… մարդկային մօտեցումի: Քանզի մէկը միւսին արգելք չէ անպայման…

      Այս զզուելի պողոտան փակելու օգուտը այն էր, որ երկիրը (քանզի ամբողջ երկիրը՝ այդ մէկ հատիկ, շինծու քաղաքն է, վերջին հաշուով), մի քիչ գոնէ խանգարուի իր «business as usual» վիճակին մէջ:

      Երբ որ Արցախը կորսնցուցած ենք, հազարաւոր նահատակներ եւ ծանր վիրաւորներ ունինք, բոլոր դիակները տակաւին չեն հաւաքուած իսկ, եւ անստոյգ թիւով գերիներ տակաւին թուրքերուն ձեռքն են չգիտենք ինչ պայմանների մէջ, այդ ամէնուն դիմաց, գոնէ այդ պողոտայէն անցնիլ ուզող անձերն ալ, թող մի քիչ, մի պահ, անախորժ մի բան զգային, այդ ամէնուն կապակցուած… աւելի լաւ է, աւելի մարդկային է, քան թէ՝ ոչինչ, ոչ մէկ բան զգալը…

      Հինգ ամիս չէ, արդէն մի քանի շաբաթէն, շատերու համար արդէն էջը դարձած, վերջացած էր: Հազիւ զսպուեցան, Կաղանդը ուրախութեամբ տօնելէ: Իսկ հիմա, լաւ, շնորհիւ այդ պողոտային բացուելուն, դեռ աւելի «նորմալ» թող դառնայ ամէն բան – Հայաստանի «նորմալ»ը, that is… – : Յանկարծ երթեւեկելու ժամանակ – չես ալ հասկանում, թէ ճիշդ ո՞ւր է, ինչի՞ համար են այդպէս վազվզում այդքան մարդ, այդտեղ… այդ ալ ուրիշ, բնորոշ խաբկանք մը… -, յանկարծ ճանապարհային անհաճոյ խճողումի մը մէջ չմնայ, ոեւէ մէկը… չի կարելի…

      Մինչդեռ գանգատող չկար, այլ ընդհակառակը՝ հրճուանքից պայթողներ միայն, երբ որ լման քաղաքը, իրենց իսկ խօսքերով՝ «կաթուածահար» ըրին հենց այն անձերը, որոնք այս ծայրագոյն Աղէտը բերին, Հայաստանի եւ Հայութեան գլխին… Եւ հիմա նրանց դէմ բողոքելու համար, շատ վա՜տ բան է, մէկ պողոտայ փակ պահելը:

      Հիմա ալ ուրեմն, ամիսներով՝ ընտրութիւնների սովորական խաղը, հիւանդագին խանդավառութիւնը, զուարճանքը… Այդ ալ, վարպետ հնարք մը՝ «business as usual»ի կեցուածքը դեռ աւելի հաստատելու համար երկրին մէջ… ի՞նչ է եղել, բան չկայ… դե հա, ինչ-որ պզտիկ խնդիր մը տեղի ունեցաւ… ոչինչ… հեսա, ընտրութիւններ կ’անե՜նք, ամէն բան դարձեալ կարգի կը մտնէ… կը գնանք առաջ… ամէն բան նորմալ ա…

      Չեմ կարող պատկերացնել թէ ինչ վիճակի մէջ է հիմա ան, որ զաւակ կորսնցուց այս պատերազմին մէջ:

      Ես իսկապէս, դիւրին-դիւրին այսպիսի բաներ ըսողը չեմ, բայց դժուար է չմտածելը, որ Աստուած չի կրնար չպատժել այսպիսի հաւաքականութիւն մը: Մենք կը յաջողինք մինչեւ իսկ մեր Աստուածը չարացնել, մեր դէմ: Թէ որ նոյն Աստուծոյ միւս, Հին Կտակարանի տարբերակը մեզմով զբաղուէր, արդէն շատոնց է որ մեր անէացումը ամբողջացած կ’ըլլար: Եւ այդ կը լինէր, իսկական… Փրկութիւն:

  2. Seyran says:

    17+ուժեր չորս ամսից ավել մեկ ,,մեխի,,են խփում՝հիմնականում անօգուտ,չկարողացան վարչապետի ,,հախից,,գալ:Ընտրությունների նախապատրաստման և ընթացքում մեկը մեխին է խփելու,մյուսը նալին՝առավել համոզված եմ,էլի ոչինչ չի ստացվելու՝նրանց ընտրազանգվածը բաժանելով 17-ի,ամենքին շատ փոքր բաժին կընկնի:Դրանից ով կօգտվի՝պարզ է….

    • Հ.Շ. says:

      «17+»ը ընտրութիւններու դաշինք չէր, այլ դրանց ճանապարհը բանալ ուզող համախմբում: Յաջողեցաւ հասնիլ այդ նպատակին – բացի անշուշտ եթէ անգամ մը եւս իր խօսքը դրժէ Փաշինյանը – : Որեւէ արտահերթ ընտրութեան մասին այսօր խօսք իսկ չէր ըլլար, եթէ այդ Շարժումը գոյացած չլինէր, փողոցները լրիւ դատարկ մնային, եթէ այդ նուազագոյն բողոքը իսկ տեղի չունենար:

      Այս համախմբումի անդամների շատ աւելի պատիւով դուրս եկան, այս հանգրուանից, քան թէ այդ իբրեւ թէ ընդդիմադիր միւս խմբակները, որոնց խիզախ գործունէութիւնը սահմանափակուեցաւ համացանցային՝ «ոչ մէկը, ոչ միւսը» անհեթեթ հանկերգով:

      Հիմա, ուրիշ դաշինքներ կը կազմուին, ընտրութիւններուն համար: Եւ այո, արդէն վատնուած հինգ ամիսներէն ետք, այդ ալ կը դառնայ յաջորդ երեք ամիսների բոլոր քաղաքական գործիչներուն, ոչ թէ հիմնական, այլ բացառեալ զբաղումը: Ու այս ձեւով, եթէ տեղի ունենայ իշխանափոխութիւն, Հայութեան վիճակուած այս տարողութեամբ Աղէտէ մը ետք, նրա պատասխանատուները տակաւին ութը ամիս պահած կ’ըլլան իրենց իշխանական աթոռները: Իսկ ժողովրդային զանգուածը, յաջորդ ամիսներին, ամենայն հանգստութեամբ իր ամառնային վայելքներին կը տրամադրուի: Նամանաւանդ Երեւանի մէջ:

      Այս ամէնէն ետք, եթէ վերարտադրուի այս վարչակարգը, ընտրութիւնների արդիւնքները յայտնուած օրը, պէտք է որ խնճոյքի աղուոր համերգ մը ներկայացնեն, Հրապարակը, բոլորը ելլեն բեմ ու պարեն, ժողջանն ալ վարը՝ ցնծութեան ճիչեր արձակէ: Յաղթանակի՛ ճիչեր:

      Այսինքն, վերջի վերջոյ ճիշդ դուրս կու գայ, այդ՝ «#յաղթելու ենք»ը:

      ( Սերժ Տականքյանը անշուշտ իր կարգին, բայց պէտք է որ անպայման Միքաքյել Պողոսյանն ալ մասնակցի այդ Յաղթանակի Համերգին: «Բաղրամյան Փողոցում» երգի իր սքանչելի կատարումով: )

  3. Ալֆրեդ says:

    Դե եթե մեկը տարիներ առաջ հայտարարել է որ Ղարաբաղը բեռ է մեզ համար.դա մերը չի ու. մի օր տվյալ անձը դառնում է երկրի վարչապետ և 3 տարի անց պատերազմ է սկսվում ու երկիրը ծանր պարտություն է կրում. և հողերն էլ թշնամին գրավում է. բնականաբար սկսում ես մտածել որ ինչ բան էն չի.ուրեմն մտածվածմ եսոր ինչ որ բան կա

    • Հ.Շ. says:

      հա, բայց խնդիրը այն է որ՝ «ինչ բան էն չի»ներով եւ «ինչ որ բան կա»ներով է, որ այս վարչակարգը մէջտեղ եկաւ, եւ հետեւաբար Արցախն ու հազարաւոր կեանքեր կորսնցուցինք

      «դաւաճանութեան» տեսութիւնը չուզեց կուլ տալ ժողջանը (այսինքն, դեռ այդ թեմայով համոզուածներ կան, սակայն՝ միւս ուղղութեամբ… պատերազմի ընթացքին նախկինների դաւաճանութեան երեւակայական վարկածով… զորս ուղղակի հնարեցին, այդ բառը իսկ գործածելով, թէ փաշինյանը եւ թէ իր կողակիցը… առանց որ, անկէ ետք, որեւէ փաստի նշոյլը անգամ չտեսնենք, նոյնիսկ մէկ անունով իսկ չգիտնանք թէ ո՞վ են եղեր, այդ հակափաշինյանական դաւաճանները, որոնց պատճառով է որ Արցախը կորսնցուցինք…)

      սակայն այդ մեղադրանքը անհրաժեշտ չէր… առանց որ այդ բառը հնչէ անգամ, եթէ այս կառավարութիւնը նուազագոյն պետական ըմբռնողութիւն ունենար, պէտք է որ լրիւ հրաժարական ներկայացնէր, Նոյեմբեր 11-ին. ուրիշ իմքայլական կառավարութիւն մը թող կազմէին, եթէ կ’ուզէին… սակայն այս նոյն դէմքերը տակաւին տեսնելն ու լսելը, այն կերպով որ դեռ խօսում ու շարժում են, արդէն իսկ առանց դրա անտանելի ցաւն ու չարչարանքը, դեռ աւելի բազմապատկում է.

      սակայն այս ծայրագոյն աստիճան անհոգութիւնը, անզգամութիւնը իսկ՝ դաւաճանութիւն չէ, ոչ…

      այլ՝ հրէշութիւն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031