Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական ջերմությունից կախված զինադադար

Մարտ 24,2021 12:00

Թուրքիայի խորհրդարանում ՌԴ դեսպանը հիշեցրեց` «Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում»

Հարյուր տարի առաջ՝ 1921-ի մարտի 16-ին, Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին «Բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը», որով Հայաստանի կամքին հակառակ գծվեց հայ-թուրքական ներկայիս սահմանը: Անցյալ շաբաթը ռուս-թուրքական փոխադարձ շռայլ սեթեւեթանքների շաբաթ կարելի է համարել՝ նշյալ իրադարձության ֆոնին:

Փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը, հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, որը ելույթ ունեցավ «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին» թեմայով քննարկումների բացմանը, որը կազմակերպվել էր Թուրքիայի խորհրդարանում: «Այս փաստաթուղթը դարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի խորհրդարանի կառավարության եւ մեր երկրի արեւելյան սահմանների որոշման ճանաչման վկայությունը: Պայմանագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց: Այսպիսով, երկու երկրները ցույց են տվել համերաշխության եւ փոխադարձ աջակցության իրենց ցանկությունը»,-ասել է Շենթոփը:

Իր հերթին, Մոսկվան էլ վերահաստատեց Թուրքիայի հետ բոլոր ուղղություններով կառուցողական փոխգործակցության ընդլայնումը: Թուրքիայի խորհրդարանում Մոսկովյան պայմանագրին նվիրված միջոցառմանը ծավալուն ելույթ էր ունեցել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի եւ նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», – ասաց ռուս դիվանագետը, հավելելով, թե երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարեւոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է «վստահելի գործընկեր», «խոսքի տեր մարդ», նշեց, որ թեեւ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում ունեն տարաձայնություններ, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է: Պեսկովի խոսքով՝ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է, այնտեղ մնում են ահաբեկիչներ, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը. «Այդուամենայնիվ, ռուսների եւ թուրքերի փոխգործակցությունը շարունակվում է»:

Պաշտոնական Մոսկվան հենց մարտի 16-ին հայտարարեց, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետեւելու է 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին։ «Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական եւ պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն եւ սկզբունքներին հետեւելը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»,- նշեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի եւ շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության եւ կայունության տարածաշրջանում եւ ընդհանրապես Եվրոպայում», – հավելեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Պաշտոնական Մոսկվան, այսպիսով, շարունակում է Թուրքիայի վերաբերյալ խոսել որպես բարեկամ, ռազմավարական գործընկերոջ մասին, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, ընդհուպ մինչեւ անուղղակի ռազմական հակամարտությանը երրորդ երկրների տարածքում՝ Սիրիայում, կամ՝ Լիբիայում։

Ռուսական իշխանությունների կողմից Թուրքիայի հանդեպ հստակ վերաբերմունք արտահայտեց նաեւ այդ երկրի պաշտպանության նախարարը, եւ նրա ասելիքը նաեւ առնչվում էր ղարաբաղյան հակամարտությանն, ավելի ճիշտ՝ թուրքական գործոնին, որի հետ Ռուսաստանը միանշանակ հաշվի է նստում անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո:

Սերգեյ Շոյգուն անցյալ շաբաթ ղազախական տելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձավ ռուս-թուրքական հարաբերություններին եւ երկու երկրների համագործակցությանը Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով` նոյեմբերի 10-ին կնքված հրադադարը շատ բարդ օպերացիա էր, եւ հրադադարին հասնելու համար Մոսկվան սերտ համագործակցել է նաեւ Անկարայի հետ. «Սա շատ-շատ բարդ օպերացիա էր։ Հրադադարին հասնելու համար պետք էր հաշվի առնել բազմաթիվ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ»: Շոյգուն ասել է, թե հրադադարին հասնելը Ռուսաստանի համար բարդ էր նաեւ այն պատճառով, որ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական, բարեկամական ժողովուրդներ։ Միեւնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ Թուրքիան ներգրավված էր այդ գործընթացին, եւ Մոսկվան հրադադարի հասնելու համար պետք է բանակցեր նաեւ Անկարայի հետ։

Ռուսաստանի նախագահը, Շոյգուի խոսքով, տիտանական ջանքեր է գործադրել ղարաբաղյան բանակցություններին. «Պետք էր համոզել բոլորին: Այնպես չէր, որ կողմերից մեկն ասում էր` ես համաձայն եմ, համոզեք նրանց: Մենք այդ օրերին ակտիվ բանակցել ենք նաեւ թուրքական կողմի հետ։ Կարեւորն այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց»,- նկատել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը եւ հույս հայտնել, որ «եկել է ժամանակը, որ հայերն ու ադրբեջանցիներն անցնեն երկկողմ շփումների եւ սկսեն խոսել միմյանց հետ»։

Եվ ՌԴ Պնախարարի ամենաուշագրավ արձանագրումը… Շոյգուն հարցազրույցում խոստովանում է, որ հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից. «Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք ունեն այսօր Ռուսաստանը եւ Թուրքիան»։ Ասել է թե՝ Մոսկվա-Անկարա հարաբերություններում դրական մթնոլորտը կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ դրական առումով: Իսկ եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները սրվե՞ն, ի՞նչ է սպասում Արցախի հայությանը, Հայաստանին, եւ առհասարակ՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը:

Բացի այդ, լրացուցիչ անգամ, ՌԴ իշխանությունները՝ Պնախարարի մակարդակով արձանագրեցին, որ ղարաբաղյան պայմանավորվածությունները գտնվում են Մոսկվա-Անկարա դաշտում, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նույն հարցազրույցում Շոյգուն նաեւ անդրադարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանն առանց մանրամասների` շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել նաեւ Իրանի առաջարկները: Շոյգուն ընդգծում է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ այսօր շատ բարդ աշխատանք է ընթանում նաեւ Սիրիայում, Լիբիայում, եւ ռուս-թուրքական հարաբերություններին խանգարում է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` միեւնույն ժամանակ ընդգծելով, թե այդ համագործակցությունն առանձնահատուկ է հենց այդ պատճառով եւ կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են կարողանում ընդհանուր լեզու գտնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունն ու Ռուսաստանը։
Որքան էլ ռուս փորձագետների, լրագրողների, քաղաքական գործիչների կողմից լսենք ու ընթերցենք հետխորհրդային տարածքում թուրքական գործոնի մեծացման մասին ազդեցիկ ելույթներ ու հոդվածներ՝ համեմված Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության մասին ահազանգերով, թյուրքալեզու պետությունների միավորված զինված ուժեր ստեղծելու մասին մտադրություններ մատնանշվեն, փաստորեն, Մոսկվան, գոնե պաշտոնապես, շարունակում է «Մեծ Թուրանի» գաղափարը առասպել համարել: Ավելին, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները անցյալ շաբաթ հարկ համարեցին առանձնահատուկ ձեւով ընդգծել Կրեմլի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ:

Եվ դա գնահատվեց… Անցյալ օրերին Թուրքիայի նախագահը դարձավ միակ երկրի նախագահը, որը հրապարակավ պաշտպանեց Պուտինին: ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի նախագահն անընդունելի համարեց Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հասցեին եւ ողջունեց Վլադիմիր Պուտինի պատասխանը։ «Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին սազական չեն պետական գործչին»,- ասաց Էրդողանը, որն անձամբ հաճախ կոշտ հայտարարություններ եւ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում թե՛ քաղաքական ընդդիմախոսների, թե՛ այլ պետությունների ղեկավարների հասցեին։ «Դա հայտարարություն չէ, որը կարելի է ընդունել եւ կուլ տալ։ Նման հայտարարությունները սազական չեն պետական ղեկավարին։ Նա (նկատի ունի՝ Պուտինը) շատ խելացի եւ շքեղ պատասխան է տվել», -նման կարծիք է հայտնել Էրդողանը։ Հիշեցնենք, որ ABC հեռուստաընկերության հետ զրույցում, լրագրողի հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ Պուտինը մարդասպան է, ԱՄՆ նախագահ Բայդենը պատասխանել էր՝ «այո»: Ի պատասխան՝ Պուտինը առողջություն էր մաղթել Բայդենին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031