ՀՔԾ-ն եւ ՀՀ դատախազությունը զբաղված լինելու պատճառաբանությամբ երեկ դատարան չներկայացան
Մեկ ժամ ուշացումով սկսվեց վերաքննիչ քրեական դատարանում Վանաձորից դատարան ներկայացած Սերյոժա (Սերգեյ) Աբովյանի բողոքի քննությունը: Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ստացել է թե Հատուկ քննչական ծառայությունից, թե ՀՀ դատախազությունից գրություն այն մասին, որ քննությունը կարող է առանց իրենց մասնակցության ընթանալ:
Այս տարվա հունվարի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորք նստավայր) դատավոր Տ. Շահվերդյանը մերժել էր հանցագործության մասին հաղորդումը մերժելու որոշման դեմ բերված բողոքը, իսկ ՀՔԾ-ի դիրքորոշումը համարել էր օրինական:
Դատարանի որոշումը Ս. Աբովյանը ստացել էր փետրվարի 6-ին: Դատարանն արձանագրել էր, որ բողոքաբերի հաղորդումը «առերեւույթ չի համապատասխանել որոշակիության բովանդակային չափորոշիչին, մասնավորապես, չի բովանդակել տեղեկություններ կոնկրետ հանցավոր արարքի հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, որոնք հնարավորություն կտան ողջամիտ ենթադրություն անել, այդ տեղեկությունների ստացման արդյունքում կարող են հայտնաբերվել բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Հաղորդումը կրել է վերացական բնույթ, որի պայմաններում բացառվում է քրեադատավարական գործիքակազմ կիրառելը»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հոդվածագիրը՝ իրավաբան Սերյոժա Աբովյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին եւ դեկտեմբերի 5-ին «Առավոտում» հանդես է եկել հրապարակումներով՝ «Նիկոլն այստեղ որեւէ անելիք չունի» եւ «ՀՀ Սահմանադրությամբ վարչապետը չի օգտվում անձեռնմխելիության իրավունքից», որոնցում դիտարկվել է վարչապետի անգործությունը եւ գործողությունները պարտության ակտը ստորագրելուց հետո:
Լրատվամիջոցում տպագրվածը կարող էր ինքնին համարվել հանցագործության մասին հաղորդում, սակայն նա դիմել է ՀՔԾ:
ՀՔԾ-ն դեկտեմբերի 25-ին գրությամբ նրան պատասխանել է. «Պարզվել է, որ ՀՔԾ քննիչներին ենթակա, ինչպես նաեւ հատուկ սուբյեկտի կատարած հանցագործությունների մասին փաստեր եւ տեղեկություններ չեն պարունակում, ուստի ձեր դիմումը՝ հանցագործության մասին որպես հաղորդում ընդունելու եւ դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերն առկա չեն»:
Ս. Աբովյանը բերեց տասնյակ օրինակներ, տվյալներ, որոնցով հիմնավորել էր իր հաղորդումը, այն մասին, որ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը, ունենալ քիչ զոհեր, տասնյակ ավերված բնակավայրերից տեղահանվածներ կարող էին չլինել. «Կապիտուլյացիայից հետո ՊԲ շտաբի պետը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը վարչապետին ներկայացնելով ռազմական գործողությունների վիճակը, նրան հորդորել է միջոցներ ձեռնարկելու` պատերազմը դադարեցնելու համար: Իսկ դրանից հետո բազմիցս նախազգուշացրել է: Վ. Պուտինը միաժամանակ հայտարարել է, որ դեռ հոկտեմբերի կեսերին ծագած պատերազմը դադարեցնելու տարբերակ եղել է, որին համաձայնել է Ադրբեջանի նախագահը: Իսկ վարչապետ Փաշինյանն անհասկանալի պատճառով հրաժարվել կամ մերժել է: Փաշինյանը այս հանգամանքն իր ասուլիսում ընդունեց, որ օգտակար տարբերակ առաջարկվել է: ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը հայտարարել է, որ կոնֆլիկտի հենց սկզբից նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանին առաջարկել է օգնություն, սակայն վերջինը չի համաձայնել Արեւմուտքի խորհրդով: Պաշտպանության բանակի վերահսկողության ծառայության պետ Մ. Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ մոբիլիզացիան եւ համալրումը կատարվել են ոչ պատշաճ:
Այդ հայտարարությունների համադրումը ենթադրյալ կասկած է առաջացնում, որ պաշտոնատար անձը անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել իր պաշտոնական պարտականությունները կատարելու նկատմամբ, որի հետեւանքով քաղաքացիների իրավունքներին ու պետական շահերին վնաս է պատճառվել` պաշտոնական անփութություն, Քրեական օրենսգիրք, 315 հոդված, 2-րդ մաս»:
Ըստ նրա, առկա է պաշտոնական անփութության հանցակազմ, որի օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողություն եւ անգործություն ձեւերով, որոնք ազդում են քրեական օրենքում թվարկված քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին կամ պետության օրինական շահերին կամ խոշոր չափերի վնաս պատճառելու հետեւանքների առաջացմանը: Պաշտոնական անփութությունը անգործության ձեւով կատարված է համարվում, երբ պաշտոնատար անձը չի կատարում այն գործողությունները, որոնք մտնում են իր պաշտոնական լիազորությունների մեջ, օրինակ, օրենքի, հրամանի, կարգադրության եւ այլ պահանջները: Պաշտոնական անփութությունը գործողության ձեւով տեղի է ունենում այն դեպքում, երբ հանցավորը պարտավորությունները չի կատարում բարեխիղճ կամ լիարժեք ձեւով:
Ըստ հանցագործության մասին հաղորդման, վարչապետը միանձնյա մշակել եւ վավերացրել է կապիտուլյացիայի համաձայնագիրը, երբ այն օրենքով սահմանված կարգով պահանջում էր կոլեգիալ քննարկում եւ համապատասխան մարմինների համաձայնությունը: Պաշտոնատար անձը կատարել է գործողություն, որը ակնհայտ դուրս է իր լիազորությունների շրջանակից եւ վնասվել է քաղաքացիների իրավունքները եւ պետության շահերը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ (քրօր 309 հոդված, 3-րդ մաս):
Ըստ Ս. Աբովյանի, վարչապետի գործողությունները համընկնում են պաշտոնատար լիազորություններն անցնելը, հանցագործության կազմի հատկանիշներին, որը նախատեսված է ՀՀ քրօրի 309 հոդվածի 3-րդ մասով (պատիժ է նախատեսվում 6-10 տարի ազատազրկումով): Ըստ ՀՀ սահմանադրության, վարչապետը անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում, ուստի պատկան մարմինները ՀՀ քրեական դատավարության օրենսդրության 27, 175, 176 հոդվածների պահանջների համապատասխան, իրավասու են հարուցել քրեական գործ, եւ կատարել համակողմանի քննություն: Նա ասաց՝ դատական պրակտիկայում կատարված եւ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները բոլոր դեպքերում ենթակա են ընդունման եւ ստուգման, քանզի հանցագործության մասին հատկանիշները կարող են ի հայտ գալ նաեւ «այլ աղբյուրների» ստուգման արդյունքում:
Դատարանը երեկ ժամը 14.00-ին հրապարակեց իր որոշումը: Դատարանը մերժեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2021