Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսեցի ավելի հասուն նայել յուրաքանչյուր հարցի»

Մարտ 24,2021 12:30

Սպիտակ բանակի կամավորի դիտարկումները

Պատերազմի առաջին օրից իրենց անձնվեր աշխատանքով հազարավոր վիրավորների կյանքեր են փրկել սպիտակ բանակի մարտիկները։

Բժիշկների կողքին ուսանողներն էին` ապագա այն բժիշկները, ովքեր այդ արտակարգ իրավիճակում կարողացան իրենց լավագույնս դրսեւորել` գեթ մեկ անգամ չմտածելով սեփական կյանքի մասին։ Իրենց առաքելությանը հավատարիմ մնացին։

Իվան Հարությունյանը Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է։ Սեպտեմբերի 27-ին, երբ լսեց չարաբաստիկ պատերազմի մասին, առանց մի վայրկյան երկմտելու` որոշեց, որ ինքն էլ իր մասնագիտական ներդրումը պետք է ունենա երկրի համար ծանր` պատերազմական իրավիճակում։

«Գնացի եւ առողջապահության նախարարությունում կամավորագրվեցի։ Ամեն օր, եթե նույնիսկ չէին զանգահարում, գնում էի, կանգնում շտապօգնության մեքենաների մոտ, մինչեւ ինձ էլ էին մեքենա տրամադրում Արցախ գնացող»,-ասում է Իվանը` աչքերում դեռ պահելով պատերազմի մութ պատկերները։ Իվանը պատմում է, որ ընկերներով կապի մեջ եղել են թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո։ Երբ Գորիսում կամ Ստեփանակերտում հանդիպում էր հարազատ մարդկանց, ինքը մի տեսակ հանգստանում էր եւ նայելով ընկերներին` հասկանում էր, թե ինչքան պատրաստակամ ու նվիրված են իրենք բոլորով այդ սուրբ գործին։ «Հանդիպումների ժամանակ միշտ քննարկում ենք, թե ինչի միջով անցանք ու ինչ կարող էր լինել, չնայած այդ ժամանակահատվածում մենք որդեգրել էինք ալտրուիստական գաղափարը ու մեզ համար առաջնայինը մեր վիրավոր եղբայրներին առաջին բուժօգնություն ցուցաբերելն էր»,-շարունակում է զրուցակիցս: Ինչպես իր, այնպես էլ ընկերների կյանքում պատերազմից հետո շատ բան փոխվեց։

«Սկսեցի ավելի հասուն նայել յուրաքանչյուր հարցի»,-անկեղծանում է: Իվանն ասում է, որ ընդհանրապես չի փոշմանել մասնագիտության ընտրության հարցում։ Եթե հիմա նորից մասնագիտական ընտրություն կատարելու հնարավորություն լիներ` էլի բժշկի մասնագիտությունը կընտրեր։ «Ես սիրում եմ մասնագիտությունս։ Չնայած պատասխանատվությանը, այն նաեւ կարեւորագույնն է, չէ՞ որ մարդկային կյանքերի հետ գործ ունենք։ Պատերազմի ժամանակ վայրկյան անգամ չենք կորցրել վիրավոր զինվորի կյանքը փրկելու համար։ Եվ այդ ամենը նույնպես մեծացնում է պարտավորություններդ»,-ասում է Իվան Հարությունյանը։

Պատերազմի ընթացքում բազում դեպքեր են եղել, որ նա ամբողջ կյանքում երեւի թե չմոռանա։ Ամենատպավորիչը Հադրութ ուղեւորվելն էր։ Ստեփանակերտի հիվանդանոցում էին, երբ այնտեղի բժիշկներից մեկը մոտեցավ ու ասաց, որ բավականին մեծ թվով վիրավորներ կան Հադրութում ու պետք է նրանց շուտ տեղափոխել Ստեփանակերտ։ Իվանն ու իր ընկեր Լուսինեն միանգամից համաձայնեցին, ապա րոպեներ հետո շարժվեցին Հադրութ։ Ամբողջ ճանապարհը կրակոցների միջով էին անցնում ու անօդաչու սարքերի ձայները մի վայրկյան անգամ չէին դադարում։ Բայց այդ պահին նույնիսկ մահի մասին մտածելու ժամանակ չունեին։ Հադրութ հասան։ Սպասում էին, որ վիրահատություններն ավարտվեին, որ զինվորներին արդեն տեղափոխեն։ Մոտ երկու ժամ այնտեղ մնացին։ Երեւան տեղափոխեցին մի տղայի, ում ոտքը ամպուտացրել էին։ Իվանի խոսքով՝ այս ամենի դրական կողմն այն է, որ այդ տղան դարձավ իրենց շատ հարազատ ու մինչեւ հիմա կապը պահում են։ Իվանի երազանքները դարձան նպատակ, որովհետեւ պատերազմը երազանք չի սիրում։ Նա հիմա հստակ քայլերով փորձում է իր նպատակներին հասնել։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031