ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ներքաղաքական զարգացումները մտնում են ընտրական հունի մեջ: Փողոցում հավաքներ կազմակերպող ուժերը չհաջողեցին իրենց հակաժողովրդավարական օրակարգի առաջ մղման հարցում: Նրանց չօգնեց անգամ գունավոր ծխի օգտագործումը: Շատ պարզ է՝ մարդիկ չհավատացին նրանց անկեղծությանը:
«Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանին առաջարկելու է ընտրություններին գնալ ամբողջական համամասնական ընտրակարգով: Սա մեր նախընտրական և հեղափոխական խոստումն էր: Մենք մնում ենք այն կարծիքին, որ ընտրությունները ոչ թե ֆինանսական ռեսուրսների պայքար է, այլ գաղափարների:
Մենք վարչական ռեսուրս չենք կիրառի երկու պատճառով. նախ այն դեմ է մեր արժեքներին ու սկզբունքներին: Երկրորդը մենք չունենք վարչական ռեսուրս այն իմաստով, որ իմաստով այն օգտագործվում է ընտրությունների ժամանակ: Ասֆալտ չենք անելու, որովհետև 2019թ.-ին ճանապարհներ կառուցել ենք, ՔՊ-ական համայնքապետեր չունենք ու համայնքների քաղաքացիները մեզ պաշտպանել են որոշ համայնքապետերի՝ վարչապետի հրաժարականի մասին հայտարարություններից հետո: Իսկ որոշ դատավորների որոշումներից հետո կասկած է առաջանում, որ այդ իրավական վարչական ռեսուրսը մեր դեմ է օգտագործվելու:
Կարդացեք նաև
Ոստիկանական և քաղաքացիական վերահսկողությունը կանխելու է ցանկացած վարչական ռեսուրսի չարաշահման փորձ: Տուգանքը 400.000-800.000 ՀՀ դրամ է:
Պատերազմից հետո առաջնահերթ է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Այս հարցը պետք է լուծվի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ղարաբաղյան հակամարտության քաղաքական, խաղաղ ու հարատև լուծման միջոցով: ՀՀ Զինված ուժերի վերականգնումը մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքն է:
Ղարաբաղյան հակամարտության բանակցային բովանդակությունը չպետք է լինի մի քանի հոգու մենաշնորհը: Մեր հանրությունը պետք է տեղյակ լինի նախկին և ապագա կարգավորման նախագծերի մասին:
Այն, որ մեր երկրի ներքին հարցերը կարգավորում ենք մեր ընտրած ճանապարհով՝ առանց արտաքին ուժերի պարտադրանքի ու միջամտության, վկայում է մեր երկրի ինքնիշխանության մասին:
Ազատ և արդար ընտրություններն ինքնիշխանության ամենակարևոր ցուցանիշն են:
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց պատկերացումներն ապագայի մասին»: