Լրահոս
Օրվա լրահոսը

30 միլիոն դրամ՝ ազատության դիմաց․ «Դղյակ» խանութի սեփականատիրոջ սպանության գործով նորույթը

Մարտ 23,2021 21:15

Գյումրու «Դղյակ» խանութի սեփականատեր Գուրգեն Ասատրյանի սպանության մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը հինգ տարվա ազատազրկումից հետո 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբան Լևոն Սահակյանի միջնորդությունը։

Այս մասին տեղեկանում ենք նրա շահերը պաշտպանող AM Law Firm փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ աղմկոտ այս սպանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսի 14-ին՝ Գյումրու Ղարսի խճուղում՝ Արա Մովսիսյանին պատկանող, նրա տանը կից անասնագոմի բակում։

Արա Մովսիսյանի աշխատասենյակում միջանձնային հարաբերությունների շուրջ պարզաբանում էր տեղի ունեցել, լեզվակռիվը վերածվել էր վիճաբանության, ծեծկռտուքի ու ավարտվել էր սպանությամբ․Գուրգեն Ասատրյանը հրազենային վիրավորում էր ստացել ու մահացել։

Ըստ մեղադրանքի, «Արա Մովսիսյանը Գուրգեն Ա.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ կրակել է Գուրգենի աջ ազդրի առաջնային ու կրծքավանդակի ձախ կեսի առաջնային հատվածներին, պատճառել հրազենային միջանցիկ երկու վիրավորում, արդյունքում սպանել է Գուրգեն Ա.-ին ու դիմել է փախուստի»:

Արա Մովսիսյանը, սակայն, դատարանում դիտավորյալ սպանության մեղադրանքը չէր ընդունել։ Նա ընդունել էր, որ Գուրգեն Ա.-ն մահացել է իր գործողությունների հետևանքով, սակայն ասել էր, որ ինքը գործել է բացառապես պաշտպանական նպատակով, քանի որ փրկել է իր ու ներկաների կյանքը:

Նա հայտնել էր, որ Գուրգեն Ասատրյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, նրա մոտ դանակ է եղել, որով հասել է իր վրա, ինքն էլ պաշտպանվել է։ Արա Մովսիսյանը ասել է, որ խմած է եղել նաև իրենց ընկեր Արմեն Փ․-ն, որի հետ էլ վիճաբանել էր Գուրգենը։

Դատական նիստերն անցել են խիստ լարված մթնոլորտում։

Դատարանը Արա Մովսիսյանի կատարած արարքը վերաորակել էր որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված սպանություն՝ նրան ազատազրկման դատապարտելով ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով:

Սակայն այդ դատավճիռը բողոքարկվել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։ Դատարանը մասնակիորեն բավարարել էր կողմերի վերաքննիչ բողոքները, առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբողջությամբ բեկանել էր ու գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Մի քանի օր առաջ էլ Արա Մովսիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով ազատ արձակելուն։ Ի դեպ, գրավի չափը՝ 30 միլիոն դրամն, աննախադեպ է Շիրակի մարզի դատական պրակտիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031