Իլհամ Ալիեւը ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի, վերջին երեք տարում արդեն մոտավորապես հինգ անգամ ի լուր աշխարհի հայտարարել է, թե ինքը իր ներդրումն ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածի իշխանափոխության մեջ: «Առաջ մեր հանրության վերաբերմունքը դրան թռուցիկ էր: Պատերազմից հետո մարդիկ մտածեցին, որ եթե մարդը պնդում է, եկեք հասկանանք, թե դրա տակ ինչ կա, ինչու է 2018-ի մայիսից սկսած դա փորձում հանգամանալից հասցնել իր եւ մեր հանրության, նաեւ միջազգային լսարանին: Ո՞րն էր Ալիեւի հիմնական մեսիջը:
Այո, ինքը նախկին իշխանությունների հանդեպ հնարավորինս փորձել է նեգատիվ վերաբերմունք ձեւավորել, հայկական պետականության հիմքերը խարխլել: Դա եղել է իր նպատակը, կարեւորագույն առաքելություններից մեկը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Այո, ինքը ընդունում է, որ Հայաստանի շրջափակումն իր արդյունքը տվել է նոր իշխանությունների գալու համար: Այսինքն, ինքը իր գործունեությունը նախկին իշխանությունների ժամանակ բացատրում է նրանով, որ ձգտում էր իշխանափոխության Հայաստանի Հայաստանում՝ իրեն ավելի հարմար գործընկեր ստանալու համար: Ալիեւը բազմիցս խոսել է, այդ թվում իր ԱԳՆ-ի շուրթերով, թե ակնկալում է, որ նոր իշխանությունները Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման կողմնակից կլինեն, պայմանավորվելու ունակ կլինեն:
Այստեղ ըստ իս, ամենակարեւոր հանգամանքը կոմունիկացիաների բացման, խաղաղ համակեցության մասին միֆերն են, որ ստեղծվում եւ իրար «պասերով» զուգահեռ մատուցվում են մեր հանրությանը: Այսինքն, եթե նկատեք, թե ադրբեջանական քարոզչությունը, թե այսօրվա իշխանությունների քարոզչությունը բացարձակ նույն թեզերով են առաջնորդվում արցախյան հարցի կարգավորման եւ հանգուցալուծման վերաբերյալ: Մասնավորապես, երկուսն էլ ասում են, թե Արցախի հարցը փակված է: Բայց Արցախի հարցը փակված չէ եւ մեր հանրությունը կատարվածից հետո ադրբեջանցիների հետ նոր հարաբերությունների մակարդակով շփվել պատրաստ չէ: Մեզ շատ հարցերի պատասխանը դեռ չեն տվել: Իսկ պատասխանը չտալու համար պետք է փակել այդ էջը եւ փորձել տեղավորվել նոր իրողության մեջ»,-ասում է Անժելա Էլիբեգովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ